22
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, եւ ասել, որ փախստականները մեր հասարակության ամենախոցելի մասերից են, եւ նրանց հասարակական կյանքում լիարժեք ինտեգրելու առումով այդ օժանդակությունը չափազանց կարեւոր է: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարության եւ միջազգային այդ կարեւոր կառույցի միջեւ ձեւավորված գործնական ու արդյունավետ համագործակցությունն այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվի:

ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտան շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին` փախստականների խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա ներկայացրել է գրասենյակի կողմից 2008թ. կատարված աշխատանքները եւ 2009թ. նախատեսվող ծրագրերը: Բուշրա Հալեպոտան գոհունակություն է հայտնել «Փախստականների եւ ապաստան փնտրողների մասին» եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենք ընդունելու առթիվ եւ նշել, որ փախստականների իրավունքների հետ կապված օրենքի որոշ դրույթները ներառված են մի շարք ուսումնական հաստատությունների ծրագրերում:

«Մեր նպատակն է, որ հնարավորինս շուտ հասարակության մեջ վերանա փախստական հասկացությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ նշել, որ 2009թ. պետբյուջեում բավականին միջոցներ են նախատեսված նրանց խնդիրների լուծման համար: Նախագահը նաեւ ասել է, որ պետության կարողությունների ավելացմանը զուգընթաց կմեծանան փախստականների հիմնահարցերի լուծման համար տրամադրվող միջոցները:

Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի միգրացիոն համակարգի բարեփոխումների մասին: Հանրապետության ղեկավարն ասել է. «Մենք շահագրգռված ենք պահպանելով եղած ներուժը, ստեղծել ժամանակակից պահանջներին բավարարող կառույց»:

← Վերադառնալ