06
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձը:

Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել եւ վարել հայաստանակենտրոն եւ հայակենտրոն արտաքին քաղաքականություն` մնալով տվյալ ժամանակի եւ քաղաքական պահի համատեքստում: Այսօր արդեն կարելի է որոշակիորեն պնդել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց եւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց հենց Ջոն Կիրակոսյանը:

Ջոն Կիրակոսյանն իր ժողովրդի զինվորն էր, որ ուներ հրամանատարի պատրաստվածություն ու ռազմավարություն կերտողի հեռատեսություն: Նա իր ժողովրդի ծառան էր, որն ուներ տիրոջ գիտակցություն եւ սրտացավություն: Նա կայացավ իբրեւ արտաքին գործերի փայլուն նախարար մի երկրում, որն աշխարհի համար նույնիսկ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: Իր գործով նա դարձավ Հայաստանի նորագույն պատմության եւ նրանում ընթացող քաղաքական գործընթացների անքակտելի մաս:

Նշելով այս հոբելյանը, ոգեկոչելով Ջոն Կիրակոսյանի հիշատակը` մենք արձանագրում ենք ոչ միայն մեր, այլեւ սերունդների համար, որ նման նվիրյալներով է ազգը` ազգ, երկիրը` երկիր”:

← Վերադառնալ