15
05, 2009

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2008թ. մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2008թ. մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մինչ բուն արարողությանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակը:

Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնադրել է "Ռոբերտ Պողոսյան և որդիներ" հիմնադրամը /Ֆրանսիա/: Այն շնորհվում է յուրաքանչյուր տարի` ութը տարբեր բնագավառներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակները` համանուն վկայագիր, դրամական պարգեւ /5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/ եւ շքանշան, շնորհավորել է մրցանակակիրներին` Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ եւ ասել. "Այս մրցանակներով Հայաստան պետությունը նշում է եւ գնահատում ձեր գիտական ու ստեղծագործական հաջողությունը, որովհետեւ ձեր ձեռքբերումներն ու նվաճումներն իրականում այլեւս ձեզ չեն պատկանում, դրանք մեր ողջ ժողովրդինն են: Արվեստագետի եւ գիտնականի ամենաբարձր նպատակը, կարծում եմ, հենց դա պետք է լինի. ստեղծել արժեք, որ սկսում է ապրել ինքնուրույն կյանքով եւ դառնում համընդհանուր սեփականություն:

Նման առիթներով ես միշտ նշում եմ, որ մենք` որպես հասարակություն, հատկապես այսօր կարիք ունենք դրական եւ հուսադրող օրինակների: Դուք տալիս եք այդ արժանավոր գործերի եւ մարդկանց օրինակը: Չեմ թաքցնում, անձամբ ինձ համար առանձնապես թանկ են երիտասարդական մրցանակները, որոնք մի կողմից խորհրդանշում են սերունդների հերթագայումը, իսկ մյուս կողմից օրինակ են բոլոր երիտասարդների համար:

Իմ պարտքն եմ համարում հատուկ անդրադառնալ մեր այն մրցանակակիրներին, ովքեր պարգեւատրվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին լուրջ ավանդ բերելու համար: Սա այն ասպարեզն է, որտեղ դեռ մեծ անելիքներ կան: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, եւ այդ աշխատանքը երբեք չի կորցնելու հասարակական ու միջազգային հնչեղությունը: Ներկա առիթն օգտագործելով` ցանկանում եմ շնորհավորանքի հետ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել այս ասպարեզի նահապետներից մեկին` պարոն Վահագն Տատրյանին, ում վաստակն իսկապես հսկայական է, ինչպես նաեւ մեր գերմանացի բարեկամին` Վոլֆգանգ Գուստին:

Ցավոք կան ոլորտներ, որտեղ մրցանակներն այս տարի իրենց տերերին չեն գտել: Սա իհարկե վկայում է մեր հանձնաժողովների խստապահանջության եւ նշաձողը չիջեցնելու վճռականության մասին, որ, իհարկե, վատ չէ, բայց հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կունենանք իսկապես արժանավոր մրցանակակիրներ նաեւ այդ ասպարեզներում:

Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ եւ ձեր անունից երախտիքի խոսք ուղղել Պողոսյանների ընտանիքին, որի ջանքերով ու միջոցներով կյանքի է կոչվել եւ հաջողությամբ իրականացվում է այս մրցանակաբաշխությունը:

Հարգելի՛ դափնեկիրներ,

Կրկին շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով` մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ, ցանկանում եմ, որ նոր նախաձեռնություններով ուրախացնենք ձեր արվեստի երկրպագուներին ու նոր գործերով հարստացնեք ձեր կենսագրությունը, ուրեմն եւ` մեր գիտական ու մշակութային Հայաստանը":

Մրցանակակիներին շնորհավորել է նաեւ բարերար Ժան Պողոսյանը:



← Վերադառնալ