22
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Խորվաթիայի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Խորվաթիայի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Նախագահ Սարգսյան - “Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Մենք Նախագահ Մեսիչի հետ փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում քննարկեցինք հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Կարծիքներ փոխանակեցինք միջազգային ու տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի հետագա համալրումը: Ստորագրվել են “Հայաստանի Հանրապետության եւ Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին”, ինչպես նաեւ “Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին” համաձայնագրերը:

Հաշվի առնելով, որ Խորվաթիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է, իսկ Հայաստանն ընդգրկված է Եվրամիության կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում, երկուստեք համաձայնել ենք դիտարկելու նշված ձեւաչափերում, այդ թվում` “Եվրոպական հարեւանության քաղաքականության” եւ “Արեւելյան գործընկերության” շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Ելնելով մեր երկրների ոչ վաղ անցյալի փորձից` Խորվաթիայի Նախագահի հետ հանգել ենք միեւնույն կարծիքին, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համաձայն:

Հուսով ենք, որ Խորվաթիայի Նախագահի գլխավորած պատվիրակությունը արդյունավետ հանդիպումներ կունենա Երեւանում, ինչը լավ նախադրյալ կլինի մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:

Ես հաճույքով ընդունեցի Խորվաթիայի Նախագահի հրավերը` պաշտոնական այց կատարելու Խորվաթիա եւ վստահ եմ, որ այդ այցելությունը կլինի այս տարի ու կնպաստի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը”:

← Վերադառնալ