26
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգը (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:

Երկրի ղեկավարի խոսքով` հայ ժողովուրդը Նորվեգիայի մասին իր պատկերացումները մեծապես կազմել է նաեւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի վեհ առաքելությամբ: Նախագահը միաժամանակ ասել է, որ մեր երկրում երախտագիտությամբ են հիշում եւ բարձր են գնահատում Նորվեգիայի ժողովրդի աջակցությունը 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացին: "Հայաստանում այսօր կա նորվեգական գյուղը, որը մեզ մշտապես հիշեցնում է այդ մեծ օգնության ու օժանդակության մասին",-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Դեսպանն ասել է, որ Նորվեգիան եւս կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Հոուգը կարեւորել են երկու երկրների ներուժի արդյունավետ օգտագործումը, քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը եւ համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Նորանշանակ դիվանագետը վստահեցրել է, որ կանի հնարավորն` առաջ մղելու երկու երկրների գործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Դեսպան Հոուգն ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ գտնում է, որ բացառապես խաղաղ ճանապարհով ու հավասարակշիռ բանակցային գործընթացի միջոցով է միայն հնարավոր հասնել տեւական խաղաղության:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Նորվեգիայի հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:

← Վերադառնալ