27
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյեւացին /նստավայրը` Աթենք/:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ կարեւորություն է տվել Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի` վաղը /հուլիսի 28-ի/ մեկնարկելիք պաշտոնական այցին Հայաստան:

Շեշտելով հայ եւ սերբ ժողովուրդների պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններն ու փոխադարձաբար ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ` Հանրապետության Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել. "Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին", -ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանրապետության Նախագահն ու նորանշանակ դիվանագետը քննարկել են տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի համալրման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացման հետ կապված հարցեր:

Դեսպան Ժուպանյեւացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` երկու երկրների միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացման համար:

← Վերադառնալ