01
09, 2009

Նախագահ Սարգսյանի խոսքը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին

album picture
album picture
Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հավաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնարավորություն են ձեզ համար` համադրելու ձեր հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկությունները եւ համատեղ պատասխաններ որոնելու արդի մարտահրավերներին ու խնդիրներին:

Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագրավորման բարձրագույն օղակն եք, եւ այս հավաքներից ակնկալվում են նաեւ գործնական առաջարկություններ ու ծրագրեր` հետագա անելիքների վերաբերյալ:

Իմ խոսքն այսօր բաղկացած կլինի երկու հիմնական մասից. նախ կանդրադառնամ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին եւ արդի զարգացումներին, այնուհետեւ նախարարության եւ դեսպանությունների գործունեությանն ու առաջիկա անելիքներին:

Ի սկզբանե մեկ դիտարկում եմ ուզում անել, որն առնչվում է միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությանը, եւ որի վրա կցանկանայի հրավիրել հատուկ ուշադրություն: Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, երկիր, որն իր կեցվածքով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային երկկողմ ու բազմակողմ մակարդակներում: Արդյունքում` այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարեզում, եւ մեր երկրին ու տարածաշրջանին վերաբերող առանցքային հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից դրսեւորվում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետներին:

Մեր նախորդ հանդիպումից հետո տեղի են ունեցել մի շարք կարեւոր զարգացումներ:

Հատուկ կցանկանայի անդրադառնալ մեր ռազմավարական դաշնակցի` բարեկամ Ռուսաստանի հետ բազմաբովանդակ եւ լայնածավալ համագործակցությանը, որի բոլոր ոլորտներում էլ ավելի խորացման եւ ամրապնդման ուղղությամբ մենք ձեռնարկել եւ ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր քայլերը: Նախագահների մակարդակով արդեն ունեցել ենք բազմաթիվ հանդիպումնր, այդ թվում` փոխադարձ պաշտոնական այցեր:

Ես սկսել եմ նաեւ այցելությունների շարք Ռուսաստանի Դաշնության մարզեր, հատկապես` հայաշատ շրջաններ: Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ աշխատանքը մեծ ներուժ ունի ինչպես հայ-ռուսական տնտեսական կապերը խթանելու, այնպես էլ մեր հայրենակիցներին ոգեւորելու ու Հայաստանի հետ նրանց կապն ամրապնդելու առումով:

Տնտեսական ճգնաժամի առաջին իսկ դրսեւորումների շրջանում մենք Ռուսաստանի Դաշնությունից ստացանք 500 մլն ԱՄՆ դոլար վարկ, որն ուղղվեց ճգնաժամի ազդեցությունները մեղմելու խնդրի լուծմանը:

Հայաստանի նախագահության շրջանում լուրջ գործնական առաջընթաց արձանագրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, մշակվեցին եւ ընդունվեցին կազմակերպության արդյունավետության բարձրացման իմաստով հանգրվանային որոշումներ: Առաջին հերթին իհարկե նկատի ունեմ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումները: Առաջիկայում կայանալու են անդրանիկ զորավարժությունները, ավելի ճիշտ` դրանց առաջին փուլն արդեն սկսվել է: Մենք համարում ենք սա Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացման կարեւոր բաղադրիչ:

Գոհունակությամբ կարող եմ նշել, որ օրեցօր ընդլայնվում է մեր բարեկամական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, որը դինամիկան փոփոխություններ կրեց այնտեղ կայացած ընտրություններից եւ նոր վարչակազմի ձեւավորումից հետո: Այս հարաբերություններն առավել զարգացնելու առումով առկա է փոխադարձ ցանկություն եւ կամք: Մենք ուղիղ շփման մեջ ենք Սպիտակ տան եւ պետքարտուղարության հետ: Բազմաթիվ են ծրագրերը ժողովրդավարության, անվտանգության, տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում:

Միացյալ Նահանգների հայկական համայնքը մեր երկրները կամրջող բնական օղակ է: Նրանց ջանքերի շնորհիվ Հայաստանն ունի բազմաթիվ բարեկամներ Միացյալ Նահանգների կոնգրեսում: Տարիներ շարունակ պահպանվում է Հայաստանին հատկացվող նյութական օգնության ծավալը:

Հայ-ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործոն է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր փորձը: Գիտեք, որ կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությունը կանխեց Միացյալ Նահանգների Նախագահի կողմից "Ցեղասպանություն" բառի գործածումն իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգներին մեր գործողությունները ոչնչով չխանգարեցին եւ միայն ամերիկյան սկզբնաղբյուրները բավարար են կատարվածին ճիշտ գնահատական տալու համար, եւ համոզված եմ, այդ գնահատականը վաղ թե ուշ տրվելու է:

Մենք շարունակելու եւ խորացնելու ենք ակտիվ համագործակցությունը Եվրոպայի հետ` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում: Եվրոպական Միության հետ ունեցել ենք երկու կարեւորագույն զարգացում: Նախեւառաջ, մեկնարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը: Երկրորդը, Հայաստանի հրավերով Հայաստան ժամանեց եւ աշխատանքը սկսեց եվրոպական խորհրդատուների խումբը: Մենք համարում ենք, որ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության այս ձեւաչափը Հայաստանում բարեփոխումները շարունակելու լավագույն միջոցներից է:

Արեւելյան գործընկերությունը տալիս է եվրոպական ներուժի օգտագործման անսահմանափակ հնարավորություն: Մեզ անհրաժեշտ են եվրոպական լավագույն փորձը, փորձագիտական աջակցությունը: Մենք պետք է հետեւողական եւ նախաձեռնող լինենք` որոնելով եւ առավելագույնս օգտագործելով բոլոր առկա հնարավորությունները ինչպես Բրյուսելում, այնպես էլ եվրոպական մայրաքաղաքներում: Մենք պետք է նաեւ Եվրոպական Միությունից եւ եվրոպական գործընկերներից պահանջենք ապահովել համաչափություն գործընկեր պետություններին ցուցաբերվող օգնության եւ աջակցության առումով:

Հայաստանին տրվել է առեւտրային արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորություն, եւ այդ առավելությունը պետք է ստանա արժանի նյութականացում: Պետք է լինենք ավելի նախաձեռնող եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտահանմանն աջակցելու խնդրում, հետեւողականորեն աշխատենք Ազատ առեւտրի պայմանագրի կնքմանը հասնելու ուղղությամբ: Արագ պետք է լուծենք այն ներքին խնդիրները, որոնք կմոտեցնեն մեզ մուտքի պարզեցված արտոնագրերի տրամադրման հնարավորությանը: Արդեն մի քանի տարի է չենք արձանագրում կոնկրետ արդյունքներ Երեւանում ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի միասնական կենտրոնի ստեղծման գործում: Մենք այդ հարցում որեւէ մերժում չենք լսել եվրոպական կառույցներից, բայց նաեւ չեն կատարում քայլեր, որոնք կմոտեցնեն մեզ այդ խնդրի լուծմանը: Հայաստանն ու Եվրոպան կապող հիմնական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է: Այդ ընդհանրությունը նոր արդյունքների շարժիչ դարձնելու համար անհրաժեշտ է մեր հասարակությունների եւ անհատների շփման ակտիվացում:

Զարգանում են մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, գոհացուցիչ են Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, նաեւ` միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության արդյունքներն ու մակարդակը:

Մենք շարունակելու ենք փոխշահավետ համագործակցությունը մեր անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ, որոնց հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք շահագործման հանձնեցինք Իրան-Հայաստան գազատարը, իսկ Թեհրան իմ պաշտոնական այցելության ընթացքում եկանք փոխըմբռնման մի շարք նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շուրջ: Ասիական զարգացման բանկի մեր գործընկերների հետ մենք սկսել ենք հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագիրը, որն, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստան-Իրան, այլեւ` տարածաշրջանային մի շարք նոր նախաձեռնությունների համար:

Վրաստանի հետ եւս շարունակել ենք մեր քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: Փոխանակել ենք պաշտոնական այցեր` Նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Գյումրի - Ախալցխա- Բավրա - Բաթում ավտոճանապարհի վրա, որի ավարտը թույլ կտա շեշտակիորեն հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից դեպի Սեւ ծով եւ հակառակը:

Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի "ինտեգրում առանց ձուլման" սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային:

Հայաստանի արտաքին քաղաքականության համար խիստ կարեւոր է մնում արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը: Անկախության առաջին շրջանում այդ հարաբերությունների բուռն զարգացմանը հաջորդել էր որոշակի տեղապտույտ, ինչն անհրաժեշտ է հաղթահարել եւ ինչի ուղղությամբ քայլերի ձեռնարկումն արդեն սկսվել է:

Պահպանվել է նաեւ սերտ համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի հետ, որոնց հետ հարաբերությունները մեծ դեր են խաղում ասիական տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Անցյալ հավաքին ես շեշտել էի ու հիմա էլ ընդգծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարաբերությունները զարգացնելուն ինչպես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդաբար ունեցել ենք կապեր, այնպես էլ երկրների հետ, որոնց հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ: Սա կարող է վերաբերվել ինչպես Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներին, Ավստրալիային, այնպես էլ լատինամերիկյան երկրներին:

Այժմ անդրադառնամ մեր արտաքին քաղաքականության երկու առանցքային խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի Նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, եւ համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված եւ լսում պաշտոնական աղբյուրներիից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել եւ սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ:

Հասկանալի է, որ հրապարակվածի մեջ կային կետեր, որոնք տարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկերացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաեւ, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրներն առանցքային են:

Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաեւ մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ` յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության եւ ապագա սերունդների առջեւ:

Ցանկացած այլ կարծիք կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները:

Կարեւոր է, որ Դուք էլ բացատրեք բոլորին, առաջին հերթին` ձեր հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւ` բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:

Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին "ագրեսոր" անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ: Հատկապես ուզում եմ այս խնդրին հրավիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուրջ այդ կազմակերպությունում ընդունված եւ ընդունվող բանաձեւերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում:


Հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Ինչպես արդեն գիտեք, երեկ տարածվել է համատեղ հայտարարություն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաեւ այն համաձայնեցված փաստաթղթերը` Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին եւ Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին, որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:

Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի Նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը:

Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին:
Համարում եմ, որ այս արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը: Երեկ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն`

1. Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման:

2. Ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով:

3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:

Ես կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով:

Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ ակտիվ քննարկումներ ենք ունենալու Սփյուռքի հայկական համայնքներում եւ միջազգային հետազոտական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաեւ ապահովել անհրաժեշտ հարթակներ` Հայաստանից գործուղվող բանախոսների հանդիպումների եւ ելույթների համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Արտաքին ոլորտը մեր ազգային անվտանգության առանցքային ուղղություններից մեկն է, ուստի ձեզ վրա դրված է կարեւորագույն եւ պատասխանատու առաքելություն: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի նախադռներն են, օտարները Հայաստանի մասին առաջին պատկերացումը կազմում են այդ շեմն անցնելով եւ ձեզ հետ շփվելով: Ուստի ձեր պատրաստվածությունից, վերաբերմունքից եւ վարքագծից է կախված Հայաստանի մասին դրական պատկերացումների ձեւավորումը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու պահից ես կատարել եմ տասից ավել դեսպանների նշանակում: Դրանցից միայն 2 են եղել դիվանագիտական ծառայության համակարգից դուրս անձանց թվից կատարված քաղաքական նշանակումներ: Դա խոսում է այն մասին, որ ես ցանկանում եմ դիտարկել դեսպանների աշխատանքը որպես մասնագիտական գործունեության տեսակ, որի առանցքը ձեր մասնագիտական որակներն ու Հայրենիքին, ոչ թե անձին նվիրվածությունն է: Բայց իմ այդ մոտեցումը պահանջում է փոխադարձ պատասխանատվություն:

Հայ դիվանագետ կոչվելը մեծ պատիվ է, այդ պատվին պետք է արժանի լինել ամեն օր ու ամեն վայրկյան, եւ այն պետք է կրել ամենամեծ պատասխանատվությամբ:

Հաջողություն եմ ցանկանում ձեզ եւ դիվանագիտական տարեկան հավաքին մաղթում արգասաբեր •ործունեություն:

Շնորհակալություն:

← Վերադառնալ