09
11, 2009

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմի հրավերով այսօր մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա: Անկախացումից ի վեր սա Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր:

Հունգարիայի Նախագահի պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Հունգարիայի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով բանակցությունները: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ բարի գալուստ մաղթելով Հունգարիա` Նախագահ Լասլո Շոյոմը նշել է, որ իր երկիրը Հայաստանին դիտում է որպես կարեւոր գործընկեր, որի հետ պատրաստ է երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում խորացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական գործակցության, հումանիտար եւ այլ ոլորտներում: Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Նախագահի պետական այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ նշել, որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը եւ այլ համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը բավարար իրավական հիմք են ստեղծում հայ-հունգարական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար:

Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմն ընդգծել են, որ չնայած վերջին շրջանում երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության նկատելի դինամիզմին, առեւտրատնտեսական փոխգործակցության տեմպերը դեռեւս չեն արտացոլում առկա պոտենցիալը: Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու Բուդապեշտում բացվող հայ-հունգարական գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդեն գործարար շփումների ակտիվացմանը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ կնպաստեն Հայաստանի ու Հունգարիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին: Հայաստանի ու Հունգարիայի Նախագահները կարեւորել են պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Հունգարիայի տարբեր քաղաքների միջեւ ուղիղ համագործակցության հետագա զարգացումը:

Սերժ Սարգսյանն ու Լասլո Շոյոմը կարեւորել են երկու երկրների միջեւ գործակցության հետագա խորացումը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բազմակողմ այլ ձեւաչափերում, մասնավորապես, Եվրամիության Արեւելյան քաղաքականության շրջանակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջնահերթություն, կարեւորում է իր քաղաքականության եվրոպական ուղղությունը եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դիտում է որպես նոր հնարավորություն` խորացնելու իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ-ի անդամ առանձին երկրների հետ: Հունգարիայի Նախագահը նշել է, որ իր երկիրը ուշիուշով հետեւում է Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների առաջընթացին եւ ընդգծել, որ 2011 թ. Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Արեւելյան քաղաքականությունը լինելու է Հունգարիայի առաջնահերթություններից մեկը:

Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը հունգարացի իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների ներկա փուլի մասին: "Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել առանց նախապայմանների, խաղաղ ճանապարհով եւ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ` առկա ռեսուրսներն ուղղելով մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանը: Համարում եմ, որ միայն համագործակցությամբ է հնարավոր տարածաշրջանում ապահովել զարգացում, տեւական խաղաղություն եւ կայունություն",- նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմը ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ նշել, որ Հունգարիան աջակցում է երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: "Մեր բանակցությունների ընթացքում ես համոզվեցի, թե ինչքան հաստատակամ է Հայաստանը` կարգավորելու իր հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ դինամիզմ հաղորդելու երկարատեւ այդ հակասությունների կարգավորմանը",- նշել է Հունգարիայի Նախագահը: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իր գործընկերոջը Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի զազրելի սպանության գործում հունգարական արդարադատության ցուցաբերած աներկբա եւ արդարացի կեցվածքի համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին` հունգարահայ համայնքի հանդեպ տարվող բարձր գնահատանքի արժանի քաղաքականության համար, նշելով, որ հունգարահայ մեր հայրենակիցները բարեկամության հուսալի կամուրջ են երկու ժողովուրդների միջեւ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի իր գործընկերոջը հրավիրել է պատասխան պետական այցով ժամանելու Հայաստան, ինչը հնարավորություն կտա շարունակելու քաղաքական երկխոսությունը, հանրագումարի բերելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ մատնանշելու համագործակցության խորացման հետագա առաջնահերթությունները: Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմն ընդունել է Նախագահ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո Նախագահներ Սարգսյանի ու Շոյոմի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու, արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրեր: Այնուհետեւ Հայաստանի ու Հունգարիայի Նախագահները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Պետական այցի շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է Բուդապեշտի “Հերոսների հրապարակ” եւ ծաղկեպսակ դրել Հունգարիայի անկախության համար զոհված հերոսների հուշահամալիրին: Հայաստանի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել նաեւ Բուդապեշտի կենտրոնում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, զրուցել խաչքարի մոտ հավաքված հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ