07
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նախագահ Սարգսյանին հաղորդել է ԱՄԷ Նախագահի եւ փոխնախագահի ջերմ ողջույնները ու բարեմաղթանքը: Ընդգծելով քաղաքական ու տնտեսական ոլորտում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԱՄԷ շահագրգռությունը` Անվար Գարգաշն իր հայաստանյան այցը եւ այստեղ ունեցած քննարկումները գնահատել է հաջողված:

Հիշելով, որ այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, պետնախարարն ասել է, որ իրենք երբեք չեն մոռանա այդ ողբերգական օրը, եւ իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին:

Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել բազմաբնույթ փոխգործակցության, համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:

← Վերադառնալ