20
03, 2010

Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սիրիա

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհետեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի անունից` ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Հայաստանի ղեկավարն այցի շրջանակում հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

ՀՀ Նախագահը "Հայ-սիրիական հարաբերությունները" թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:

Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Հայաստանի Նախագահն այցի շրջանակում կլինի նաեւ Հալեպում եւ Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ