09
10, 2010

Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին` հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում ունեցած ներդրման համար. “Ես խորապես համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան 2006 թվականին, երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Իրոք, մեծ է Ձեր անձնական ներդրումը քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման գործում”,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը հանդիսացող Ֆրանսիային` մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին սատարելու ջանքերի ու պատրաստակամության համար:

Դեսպանը նշել է, որ իր համար շատ կարեւոր է Հայաստանի Նախագահի բարձր գնահատականն ու հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ. “ Իմ պաշտոնավարման ընթացքում ես հասկացա, որ լինել Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, նշանակում է` քո առջեւ բաց տեսնել բոլոր դռները”,-ասել է Սերժ Սմեսովը եւ շնորհակալություն հայտնել ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար:

← Վերադառնալ