11
10, 2010

Հայաստանի եւ Սլովենիայի Նախագահները մասնակցել են հայ-սլովենական գործարար համաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկն այսօր եղել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում, այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ երկու երկրների ղեկավարները ներկա են եղել Սլովենիայի 20-րդ դարի ճարտարապետության լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հայաստանի եւ Սլովենիայի Նախագահները երեկոյան մայրաքաղաքի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում մասնակցել են հայ-սլովենական գործարար համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

“Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ողջունում եմ հայ-սլովենական գործարար համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Իմ գործընկերոջ՝ պարոն Դանիլո Թյիրկի հետ արդեն քննարկել ենք հայ-սլովենական հարաբերությունների ներկա վիճակը և տնտեսական համագործակցության ու միջազգային ասպարեզում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մեր քննարկումներում առանձնահատուկ շեշտվել է տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Տնտեսական համագործակցությունը կարևորագույն օղակ է, որն ավելի կմերձեցնի մեր ժողովուրդներին, ինչպես նաև խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության մյուս ոլորտների զարգացման համար:

Սա Հայաստանի և Սլովենիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է, ինչը լավ հնարավորություն է ընձեռնում մեր երկրների գործարար շրջանակներին կապեր հաստատելու և հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Նման համաժողովների պարբերական բնույթը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և գործարար շրջանակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատման համար:

Այսօր պարոն Նախագահի հետ քննարկումների ժամանակ ես ասացի, որ ինձ շատ վատ եմ զգում, որ մենք գրեթե ապրանքաշրջանառություն չունենք: Բայց, մյուս կողմից էլ, այս խնդիրը, միգուցե, առաջին հերթին մեր բացթողումն է, մեր պարտականությունների չկատարման արդյունքը, որովհետեւ, ցավոք, միայն այսօր կարողացանք շատ թե քիչ լրացնել օրենսդրական դաշտի բացը: Եթե չկա օրենսդրական դաշտ, չկան շփումներ գործարարների միջեւ, ապա դժվար է ակնկալել ապրանքաշրջանառություն երկրների միջեւ: Հայաստանի ու Սլովենիայի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ եւ կանոնավոր քաղաքական երկխոսություն: Այցի շրջանակներում ստորագրվեց չորս կարևոր միջկառավարական համաձայնագիր, որոնք նախադրյալներ են ստեղծում համագործակցությունը խթանելու համար:

Դրանցից հատկապես երկուսը՝ երկակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը առանցքային փաստաթղթեր են առևտրատնտեսական հարաբերությունների իրավական կարգա¬վորման գործում, հետևաբար և առաջնային կարևորություն են ներկայացնում նաև ձեր գործունեության համար։ Կարևորում եմ նաև Զարգացման հայկական գործակալության և Սլովենիայի ձեռնարկատիրությունների և արտաքին ներդրումների հանրային գործակալության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս ամենը նպաստավոր հիմք է ստեղծում գործարար շրջանակների համար` իրենց գործունեության մեջ առավել վստահ և պաշտպանված զգալու, երկկողմ շփումներն ակտիվացնելու համար: Մենք աշխատելու ենք առաջիկայում ընդլայնել իրավապայմանագրային դաշտը և տնտեսական կապերի զարգացման համար էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Հայաստանը բազմիցս հայտարարել է եվրոպական արժեքներին իր նվիրվածության ու Եվրամիության հետ շուկաները փոխմատչելի դարձնելու, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև բարեկամությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու և մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտման մասին: Ասեմ, որ մենք արդեն բավականաչափ առաջ ենք շարժվել այս գործընթացում։ Արդեն մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, աշխատանքներ են տարվում «Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրոք որակական փոփոխություն են կրել և դինամիկ զարգանում են՝ դառնալով ավելի կանոնակարգված։ Վստահ եմ, որ Սլովենիան, որպես ԵՄ անդամակցության ճանապարհն անցած երկիր եւ հաջողությամբ անցած, կարող է մեծապես օգտակար լինել մեզ` այդ բարդ խնդիրների լուծման ճանապարհին։

Անկախ Հայաստանն ու Սլովենիան ժառանգել են բազմաճյուղ և գիտատար տնտեսական համակարգեր: Հայաստանը կարող է փոխշահավետ համագործակցություն առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտներում:

Տպավորիչ են անկախացումից ի վեր Սլովենիայի տնտեսական աճի ցուցանիշները, որոնց դրական դինամիկայի շնորհիվ այսօր Ձեր երկիրը Եվրամիությանը նոր անդամակցած երկրների խմբում գրավում է առաջատար դիրքեր եւ դասվում է բարձր կենսամակարդակ ունեցող ԵՄ անդամ երկրների շարքին: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև Սլովենիայի ֆինանսատնտեսական հնարավորությունները` մեծապես կարևորում ենք Հայաստանի տնտեսության մեջ սլովենական ներդրումների ներգրավման հարցը:

Հարգարժա՛ն գործարարներ,

Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ տնտեսական շահն այսօր, ավելի քան երբևե, որոշիչ գործոն է պետությունների երկկողմ օրակարգերում։ Ժամանակակից աշխարհում ունենք բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսությունը կապում է նույնիսկ պատմական խնդիրներ ունեցող երկրներն ու ժողովուրդներին։ Կարծում եմ` այս համատեքստում ավելորդ է քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը այնպիսի բարեկամական և միևնույն արժեհամակարգի մաս կազմող պետությունների դեպքում, ինչպիսիք են Սլովենիան և Հայաստանը։

Լիահույս եմ, որ գործարար կապերը, որոնք հաստատվել են հայ և սլովենացի գործարարների միջև եւ որոնք կհաստատվեն նաեւ շնորհիվ այս համաժողովի, ամուր հիմքեր կստեղծեն մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացման, համատեղ տնտեսական ծրագրերի մշակման և իրականացման համար: Շնորհակալ եմ եւ ուրախ, որ այս համաժողովը տեղի է ունենում Երեւանում”:

Երկու երկրների գործարարներին ուղղված իրենց խոսքում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկն ընդգծել են գործարարների միջեւ համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունն ու փոխշահավետ բոլոր նախաձեռնություններին համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

← Վերադառնալ