23
12, 2010

Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր Հանրապետության ղեկավարին զեկուցել է Հանձնաժողովի գործունեության 2010թ. աշխատանքային ծրագրի կատարման վիճակի մասին, ներկայացրել առկա հիմնահարցերն ու 2011թ. հունվարին Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը, որոնք կնախանշեն տարվա ընթացքում Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Նախագահին ներկայացվել է նաև Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիտորինգի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը: Ծրագրով առաջարկվում է ստեղծել մոնիտորինգային դիտարկումների և գնահատումների նոր համակարգ և մոնիտորինգային տեղեկատվական բանկ:

Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, 2010թ. աշխատանքային ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և սահմանված ժամկետներում: Նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են եղել ջրի մակարդակի բարձրացմանը, ջրի մաքրության ապահովմանը և էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերականգնմանը:

Նախագահը մի շարք հանձնարարություններ է տվել Հանձնաժողովին` ուղղված առաջին հերթին ափամաքրման աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելուն, որպեսզի հետագայում ջրի բարձրացմանը զուգահեռ մաքրման հետ կապված նոր խնդիրներ չառաջանան: Ընդգծվել է, որ եկող տարվա ընթացքում Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու լճի ջրի մաքրության խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ