16
03, 2011

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան Կ.Օբոլենսկուն և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը:

Ընդգծելով, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են` Սերժ Սարգսյանը նշել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան շատ լավ հնարավորություն է խոսելու երկկողմ հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:

Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Երկրի ղեկավարը կարևորել է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմակողմ ձևաչափով` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում համագործակցությունը ևս:

Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին նշել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրաշրջանառության ծավալները ցանկալի մակարդակին հասցնելու համար երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը ձևավորված է, կա զգալի ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել: Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած շվեյցարահայերի ներուժը:

← Վերադառնալ