31
03, 2011

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու բազմաթիվ առիթներ է ունեցել, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդուհանդերձ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում, ինչը լավ հնարավորություն է համակողմանիորեն քննարկելու հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների որոշումը, և այն ընկալում ենք որպես երկկողմ հարաբերությունները զարգացնելու Շվեյցարիայի ցանկության դրսևորումներից մեկը, ինչի համար ուրախ ենք: Շվեյցարիան հասել է շատ մեծ հաջողությունների բոլոր բնագավառներում, և մեզ համար պատիվ է` բարեկամություն ունենալ Շվեյցարիայի նման աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ ու խորացնել երկկողմ հարաբերությունները: Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը` Հայաստանին մշտապես ցուցաբերվող օժանդակության համար և նաև երախտապարտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պառլամենտում քննարկելու և բանաձև ընդունելու համար»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սարգսյանը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնշանավորվի նաև շատ կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ` Երևանում դեսպանատան բացմամբ, որը կլինի հայ-շվեյցարական հարաբերությունների սերտացման ևս մեկ առհավատչյա: Տիկին Միշելին Կալմի-Ռեյը իր երկրի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` դեսպանատան բացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ, իրոք, երկուստեք ամուր կամք կա` Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպումից հետո Հայաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում: Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ:

Մեր ժողովուրդների կապերն ունեն դարավոր պատմություն: 1897թ. Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` որպես մարդկության դեմ ոճրագործություն: Իսկ Հայոց ցեղասպանության տարիներին շվեյցարացիները մեր ժողովրդին սատար են կանգնել թե՛ անհատ միսիոներների մարդասիրական ու բժշկական գործունեությամբ, թե՛ պետական մակարդակով։ Եվ շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները` 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Տիկի՛ն Նախագահ, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային իր սկզբունքային և հետևողական քաղաքականության և, իհարկե, այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտելու համար:

Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում և արտացոլում մեր կապերի իրական մակարդակը:

Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաև վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը: Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը:

Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային` զարգացման և համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի և, իհարկե, տարիներ շարունակ այդ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման համար:

Երկուստեք նշեցինք նաև մշակույթի ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, շփումների ակտիվության մասին: Մենք համոզված ենք, որ այս հանգամանքը նպաստում է մեր ժողովուրդների փոխճանաչողության բարձրացմանը և բարեկամության ամրապնդմանը: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով: Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին, մասնավորապես, տիկին Նախագահին` մասնակցելու 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կայանալիք միջոցառումներին: Այս միջոցառումներով մենք նշելու ենք հայատառ գրքի տպագրության 500-ամյակը:

Զրույցի ընթացքում մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը:

Անդրադարձանք նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում տիկին Նախագահին օգտակար քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:



***



Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Շնորհակալություն, պարո՛ն Նախագահ:
Պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն այս հրավերի համար: Պետք է ասեմ, որ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և մենք երկուստեք դրսևորում ենք ամուր կամք Շվեյցարիայի և Հայաստանի միջև ակտիվորեն զարգացնելու գործակցությունը: Պետք է ասեմ, որ իմ այցը նշանավորվում է նաև մի կարևոր իրադարձությամբ` այսօր Հայաստանում բացվելու է Շվեյցարիայի դեսպանությունը: Պետք է ասել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առ այսօր մշակված է իրավապայմանագրային լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ինչպես ասացի, մենք ունենք օրենսդրական ամբողջ զինանոցը, մասնավորապես` տնտեսական համագործակցության, ներդրումների փոխադարձ պաշտպանության, կրկնակի հարկումից խուսափելու և նաև արդեն վերջերս ստորագրած օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագրերը: Մեր տնտեսական հարաբերությունները հրաշալի են, չնայած, անշուշտ, մեր ապրանքաշրջանառությունը դեռ մնում է բավականին համեստ մակարդակի վրա, և կարիք կա այն զարգացնելու: Կա դեռևս չօգտագործված ներուժ, և Շվեյցարիայի իշխանությունները, անշուշտ, կողմ են, որպեսզի տնտեսական հարաբերություններն ավելի զարգանան: Կարծում եմ, որ մեր շփումների ակտիվացումը, փոխադարձ այցելությունները, հանդիպումները նույնպես նպաստել են մեր հարաբերությունների սերտացմանը: Այդ հարաբերությունները, անշուշտ, ավելի ամրապնդվեցին այն սերտ համագործակցության շրջանակներում, որ մենք միասին իրականացնում ենք ձեր երկրի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու առումով: Անշուշտ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը և պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները: Շվեյցարիան Հայաստանի հավատարիմ գործընկերն է, և մենք Հայաստանում արդեն բազում տարիներ ներկա ենք Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության միջոցով: Մենք նաև համագործակցում ենք ձեր տարածքային կառավարման նախարարության հետ, որի օգնությամբ, մասնավորապես ծրագրեր ենք իրականացնում Սյունիքի մարզում կաթի արտադրության, ինչպես նաև այգեգործության բնագավառներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ձեր արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մասնավորապես` բնական աղետների կանխարգելման հարցում: Այդ առումով, վաղը ես պետք է այցելեմ Գյումրի, որտեղ ներկա կլինեմ և կտեսնեմ, թե շվեյցարացիներն ինչպիսի աշխատանք են կատարել այս ոլորտում:

Շվեյցարիան Հայաստանի հետ սկսել է համագործակցել բնական աղետների, մասնավորապես, երկրաշարժերի կանխարգելման հարցում` սկսած ձեզ պատուհասած աղետից` 1988թ. երկրաշարժից:

Ավարտելով խոսքս` ուզում եմ մեկ անգամ ևս ցանկություն հայտնել, որ մեր համագործակցությունը տնտեսության և այլ ոլորտներում ավելի կխորանա և, այդ առումով, շատ ուրախ եմ, պարո՛ն Նախագահ, գալիք մայիս ամսին Շվեյցարիա Ձեր այցի կապակցությամբ:

← Վերադառնալ