09
09, 2011

Սերժ Սարգսյանը ընդունել է «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովի մասնակիցներին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվող «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովի մասնակիցների պատվիրակությանը: Համաժողովն անցկացվում է Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում:

Հանրապետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի համար համաժողովի նպատակները շատ կարևոր են ու արդիական: «Մենք այդ գործընթացը համարում ենք եվրամերձեցման հարթակներից մեկը»,-ասել է ՀՀ նախագահը և հավելել, որ Հայաստանում 2005թ.-ից սկսած բարեփոխումներ են իրականացվում բարձրագույն կրթության ոլորտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանի խոսքով, ՀՀ կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել մի գործընթացի, որի նպատակն է բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը, կրթության որակի, հավասարության, մատչելիության և արդյունավետության բարձրացումը: Այս գործընթացում Նախագահը կարևորել է եվրոպական փորձի կիրառումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է երկօրյա համաժողովի ընթացքն ու արդյունքները: Համաժողովին մասնակցող պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել համաժողովի կազմակերպական բարձր մակարդակի և արդյունավետ քննարկումների մասին: Նրանք կարևորել են Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում սկսված բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ինչպես Բոլոնիայի գործընթացի շրջանակում, այնպես էլ երկկողմ ձևաչափով շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համաժողովը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև գործընթացի մասնակից այլ երկրների համար:

← Վերադառնալ