08
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարսելում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

album picture
album picture
album picture
Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Պատգամավորնե՛ր, Քաղաքային խորհրդի անդամնե՛ր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ Մարսելի քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժան-Կլոդ Գոդենին ջերմ ընդունելության և այս հրաշալի հանդիպման համար: Բայց ավելին, ես շնորհակալ եմ նրան հայ ժողովրդին և հայկական հիմնահարցերին շարունակական նվիրված լինելու համար:

Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ այցելելիս յուրահատուկ հպարտության զգացում եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իմ հայրենակիցները:

Մարսելին իրապես հատուկ տեղ է վերապահված ոչ միայն ֆրանսահայ համայնքի, այլև հայության պատմության մեջ: Միջերկրական ծովի ամենանշանավոր նավահանգիստներից մեկը լինելով՝ Մարսելն ընդունեց Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիրներին՝ մարդկանց, ովքեր անցել էին մարդկային զրկանքներ, բայց չէին կորցրել իրենց հավատը մարդկության և արարման հանդեպ:

Ցեղասպանությունը վերապրածներից շատերը հաստատվեցին Մարսելում: Այսօր այստեղ են նրանց ժառանգները: Ձեր ծնողների և նախնիների անցած ուղին վավերագրեց և գեղարվեստական կերպարով արարեց Անրի Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում: Այդ ֆիլմի առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր:

Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:

Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:

Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:

Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինչպես պարոն քաղաքապետն ասաց, իմ գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մարսել, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Անկախ մեր ակնկալած և ստացած արդյունքից` սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանապարհին: Եվ ուզում եմ իմ հայրենակիցներին ասել, որ այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը, մեծ դահլիճում ինձ հանձնելով ԵԺԿ կրծքանշանը, ասաց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է: Մեզ համար նաև էական է, որ այդպիսի կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ մեզ համար այդքան հարազատ քաղաք Մարսելում:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական ուղղությունն առաջնահերթ է մեզ համար: Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում` նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը:

Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահովելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքական համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը:

Ու նաև այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին և մասնավորապես Ֆրանսիայի Նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար:

Ո՞վ, եթե ոչ նաև Եվրոպայի հայերը, կարող են օգտակար լինել մեզ՝ հայրենիքին այս ճանապարհին: Երկքաղաքացիության ինստիտուտն այսօր գործում է իրականում: Ըստ էության, վերացել է այն հոգեբանական պատնեշը, որը խոչընդոտ էր սփյուռքահայերից շատերի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառն արտաբերում՝ սփյուռքահայը, որովհետև ինձ համար խորթ է: Հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի:

Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:

Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Խոսքիս վերջում ցանկանում եմ ձեզ հետ կիսել ևս մեկ ուրախալի լուր: Վստահ եմ, որ շատերդ տեղյակ եք, բայց ոչ բոլորդ. այս այցի նախօրյակին ես ստորագրեցի «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» հրամանագիրը։ Այսուհետև Երևանը և Մարսելը կկապվեն եղբայրական ևս մեկ ամուր օղակով, իսկ Մարսելի հայկական ավանդական հաստատությունների կողքին կլինի նաև մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը: Եվ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Սրմաքեշին ՝ իր մասնակցության համար:

Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումն առավել արդյունավետ է դարձնելու հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Ամփոփելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային և ֆրանսահայերին, մարսելցիներին ու մասնավորապես, մարսելահայերին՝ իրենց վերաբերմունքի համար, իրենց եռանդի համար ու նաև իրենց հաջողության համար, որովհետև աշխարհի որևէ երկրում հաջողության հասած հայը Հայաստանը դարձնում է ավելի ճանաչելի: Շատ շնորհակալ եմ ձեզ: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Գոդենին իր բոլոր գործերի համար և հաճույքով նրան հրավիրում եմ Երևան:

← Վերադառնալ