08
06, 2016

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Միլոշ Զեմանը, 2016թ. հունիսի 8-9-ը Նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին.

Հաշվի առնելով հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարամյա ավանդույթները, տնտեսական և մշակութային կապերը, ինչպես նաև ընդհանուր արժեքները,

Առաջնորդվելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի նպատակներով և սկզբունքներով,

Վերահաստատելով իրենց հանձնառությունը` խթանել և պահպանել մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունն ու լավ կառավարումը,

Գիտակցելով իրենց դերը և պատասխանատվությունը միջազգային խաղաղությանը և անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև բարգավաճմանը և կայուն զարգացմանը նպաստելու գործում,

Հաստատակամ լինելով շարունակել երկկողմ փոխհարաբերությունների հետագա ընդարձակումն ու ամրապնդումը, ինչպես նաև բազմակողմ հարթակում համագործակցության ընդլայնումը,

Ընդունելով երկկողմ առևտրի և ներդրումների խորացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ճյուղային համագործակցության ընդլայնմանը շարունակական աջակցության կարևորությունը,

Ողջունելով Արևելյան Գործընկերության շրջանակներում Չեխիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը,

Նկատի առնելով գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրերի, այդ թվում 2014թ. հունվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվածների կատարման առաջընթացը,

Հայտարարում են հետևյալը.

Հայկական և չեխական կողմերը (այսուհետ համատեղ հիշատակվող որպես «Կողմեր») գոհունակությամբ նշում են քաղաքական հարաբերությունների առաջընթաց զարգացումն ու ընդլայնումը և հիմնարար հանձնառություն հայտնում` հետագա զարգացնելու իրենց քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը երկկողմ մակարդակում, ինչպես նաև Միավորված Ազգերի և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում,

Կողմերն ընդգծում են առավել հաճախակի կանոնավոր փոխադարձ այցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների իրականացման անհրաժեշտությունը,

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնում երկու երկրների օրենսդիրների միջև հաստատված բարձր մակարդակի միջխորհրդարանական շփումների առնչությամբ և հաստատում իրենց մտադրությունն առավել ակտիվացնելու խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու մեծապես արդյունավետ միջոց,

Կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական և սեկտորային համագործակցության ոլորտները ներառող նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համատեքստում` ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում հանձնառության հիման վրա,

Հայկական կողմը գնահատում է Արևելյան գործընկերության շրջանակներում Չեխիայի աջակցությունը և ներդրումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ԵՄ-Հայաստան մի շարք ծրագրերին՝ ներառյալ վիզայի ազատականացման և մարդկանց միջև շփումների խրախուսման հարցերում,

Երկու կողմերն իրենց աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ընդգծում, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը: Նրանք վերահաս¬տատում են իրենց լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ներառյալ` նախագահների մակարդակով և 2009 թվականից ի վեր արված իրենց հայտարարություններին,

Կողմերը հայտարարում են, որ մտադիր են շարունակել ամրապնդել, ընդլայնել և դիվերսիֆիկացնել ապրանքների և ծառայությունների երկկողմ առևտուրը, ինչպես նաև ներդրումները, այդ թվում, փոխադարձ ջանքերի միջոցով բարելավել մուտքը շուկա և ապրանքնարի ու ծառայությունների հոսքը` համաձայն իրենց երկկողմ և բազմակողմպարտավորությունների,

Կողմերը հատուկ կարևորություն են տալիս տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, որի վերջին նիստը կայացել է 2016թ. ապրիլի 25-26-ին Պրահայում,

Կողմերն ընդգծում են զբոսաշրջության ու հանրային կառավարման բնագավառներում կանոնավոր շփումների և փորձի փոխանակման կարևորությունը և պատրաստակամություն են հայտնում այդ նպատակով խթանել բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագիտական խմբերի փոխայցելությունները,

Կողմերը պատրաստակամ են ընդլայնելու մարդկանց միջև շփումները, ամրապնդելու մշակույթի, կրթության, գիտության, զբոսաշրջության, սպորտի և առողջապահության ոլորտներում համագործակցությունը` երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության հետագա խթանման նպատակով: Այս համատեքստում նրանք ընդգծում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Չեխիայի Հանրապետությունում հայկական համայնքի դերը:

Կողմերը հատկապես կարևորում են տեղական ինքնակառավարման մարմինների միջև հաստատված ապակենտրոնացված համագործակցությունն ու գործընկերությունը` որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան:

Այդ նպատակով Կողմերը ցանկանում են նպաստել մշակութային և կրթական կապերի աշխուժացմանը հայկական և չեխական մշակույթները ներկայացնող անհատների և խմբերի փոխայցելությունների խթանման միջոցով` որպես հաղորդակցման և երկու ժողովուրդների հարստացման կարևոր ձևաչափ, ինչպես նաև ընդլայնել Կողմերի միջև ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների փոխանակման հնարավորություններն ու աջակցությունը: Այս համատեքստում հայկական կողմն իր գնահատանքն է հայտնում չեխական կողմին Չեխիայի համալսարաններում ուսումնառություն ստանալու համար հայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու կապակցությամբ:

 

← Վերադառնալ