01
10, 2020

Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է եղբայրական Կիպրոսի հետ դարավոր բարեկամության, պատմամշակութային կապերի և ընդհանուր հոգևոր արժեքների վրա խարսխված սերտ հարաբերությունները, որոնք Հայաստանի հետ համագործակցության խորացման և զարգաց­ման լավագույն հենքն են։

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան, և կշարունակեն արժանի պատասխան տալ թշնամուն: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց:  

← Վերադառնալ