18
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպան Ժենետ Տեշոմ Ժիրուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի դեսպան Ժենետ Տեշոմ Ժիրուն։

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշել է. «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եթովպիայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները, դրանք պատմական անցյալ ունեն և հիմնված են քաղաքակրթական ու մշակութային մեր ընդհանրությունների վրա։
Դրականորեն արձանագրենք նաև, որ արդեն տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունները, որոնք հուսով եմ կունենան շարունակականություն»։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ է իր ջանքերը գործադրել երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով կրթության, մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը՝ տնտեսության տարբեր ճյուղերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների խթանման նպատակով։

Անդրադարձ է կատարվել գլոբալ մարտահրավերների դիմակայման ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության վերաբերյալ COP-17 համաժողովին՝ ընդգծելով համաշխարհային նշանակության խնդիրների լուծման գործում համագործակցության կարևորությունը։

Երկուստեք նշվել է միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցության շարունակման պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում առանձնացված է եղել նաև զբոսաշրջության խթանման ուղղությամբ փոխադարձ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ միմյանց քաղաքացիների համար մուտքի դյուրինացմանն ուղղված նախաձեռնությունների զարգացումը։

 

← Վերադառնալ