24
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջեւ:

94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլեւ ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս:

Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատմության դատարանի առաջ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է:

Հայ ժողովուրդը միայնակ չէ ցեղասպանության հանցագործության դատապարտման հարցում: Հիշատակի այս պահին մեր անկեղծ շնորհակալությունն ենք հղում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Աջակցություն ենք հայտնում պատմական ճշմարտության համար պայքարող այն թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Մենք բազմիցս նշել ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ:

Հայոց ցեղասպանության դասերը ժամանակին ուսանելի չեղան: Անցած տասնամյակների ընթացքում մշակվել են ժխտողականության ու ցեղասպանության ուրացման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Ժխտել ցեղասպանությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար: Այսօր, երբ աշխարհն ականատեսն է մարդատյացության, ազգայնամոլության ու անհանդուրժողականության նոր դրսեւորումների, առավել քան կարեւորվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններին ողջ մարդկության միասնական ու հստակ արձագանքը: Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ, որ այլեւս ոչ մի ժողովուրդ չապրի նման ողբերգություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր անմեղ զոհերից յուրաքանչյուրն ունի իր անունը, ընտանիքն ու պատմությունը, իսկ հանցագործությունն էլ` իր հստակ պատասխանատուներին` նախապատրաստողներից մինչեւ իրականացնողներ: Դեռեւս պատմված չեն այդ ողբերգության բյուրավոր պատմություններ: Չնայած կատարված հսկայական աշխատանքին, աշխարհին պիտի ներկայացվեն Հայոց ցեղասպանության բազմաթիվ վավերագրերը, վկայություններն ու փաստական իրողությունները:

Հայոց բազմադարյա պատմությունը լի է հերոսական, ու նաեւ կորուստների եւ արարման էջերով: Այժմ, երբ կերտում ենք մեր նորօրյա պետականության, մեր երիտասարդ ազատության նոր կենսագրությունը, դրանով իսկ փաստում ենք, որ կարող ենք ինքներս մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել ու բացառել նման հանցագործությունների կրկնությունը:

← Վերադառնալ