15
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

album picture

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Սա տոն է, որին մեր ժողովուրդը շատ երկար է սպասել: Անկախությունն իր հետ բերեց հնարավորություն, բերեց իրավունք, կարողություն ու պատասխանատվություն: Մեր դարավոր երազանքը մեր իսկ ձեռքերով իրողություն դարձնելու հնարավորություն բերեց մեզ անկախությունը: Պայքարով, մաքառումով, թեկուզ արյան գնով ազգային արժանապատվությանը տեր կանգնելու կարողություն բերեց անկախությունը: Բերեց նաև խոշորագույն ազգային նվաճումներ ունենալու ու դրանցով հպարտանալու իրավունք: Բայց ամենից առաջ անկախությունը պատասխանատվություն բերեց բոլորիս, մեր ուսերին դրեց իրականություն դարձած դարերի երազանքը կերտելու ահռելի բեռը: Այդ բեռը կրելը իսկապես մեծ պատիվ է, և մենք բոլորս մեր ազգի բախտավոր սերունդն ենք, ու մեր սերունդներն էլ այդպիսին են լինելու, քանզի շարունակելու են կերտել ու ամրացնել անկախ հայրենիքը:

Սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության օր է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունն իր հետ բերեց նաև նոր տնտեսակարգ` իր նոր հեռանկարներով, ինչպես և նոր մարտահրավերներով: Հենց անկախ պետականությունն էր, որ առաջին իսկ օրվանից հույսը դրեց հայաստանցու աշխատասեր ու ձեռներեց նկարագրի վրա` հռչակելով ազատ շուկա: Իհարկե՛, առաջին շրջանում շատ բան մեզ համար անորոշ էր, կային նույնիսկ ռոմանտիկ պատկերացումներ: Ոմանց թվում էր, որ բավական է միայն հայտարարել կապիտալիզմ, և մնացածն արդեն կանեն նախաձեռնող մարդիկ: Իրականությունն անշուշտ շատ ավելի դաժան էր, քան մեզ թվում էր, բայց, ինչպես մի առիթով արդեն ասել եմ, մենք արագ ենք սովորում:

Ունենալով շատ համեստ բնական ռեսուրսներ և երկու տասնամյակ ապրելով շրջափակման պայմաններում` մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը: Մեր հասարակության մեջ ձևավորվեցին փոքր, միջին և խոշոր գործարարների խավեր: Աստիճանաբար խոշոր գործարարներն ու ընկերությունները սովորում են նաև այն ճշմարտությունը, որ, իրենք ի թիվս այլ խնդիրների, ունեն նաև սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև: Ավելին` քայլ առ քայլ մեզանում վերականգնվում են նաև բարեգործության ընդհատված ավանդույթները:

Մենք էլի շատ ավանդույթներ վերականգնեցինք և նորերն ենք ամրացնում, իսկ սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը դառնում ու դառնալու է մշտական գործընթաց: Արժե հիշել և երբեք չմոռանալ, որ առանց անկախ Հայաստանի այսօր չէին լինելու ո՛չ խոշոր ընկերությունները, և ո՛չ էլ մեծահարուստները: Համենայնդեպս` չէին լինելու Հայաստանում:

Հայտնի է, որ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն: Նաև գաղտնիք չէ, որ այդ սոցիալական պետությունը դեռևս մնում է նպատակ և չի դարձել անքննելի իրականություն: Այս ոլորտում և՛ պետությունը, և՛ այլ կազմակերպություններ հսկայական գործ են արել և անում: Բայց «հսկայական» բառը մեր պարագայում պետք է հասկանալ մեր հնարավորությունների համատեքստում: Մենք պիտի խոստովանենք, որ երկու տասնամյակները մեզ չբավարարեցին այս բնագավառի բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Բայց սա ամենևին էլ վհատվելու առիթ չէ:

Սոցիալական հարցեր, այդ թվում և` սուր, կան նույնիսկ բարեկեցիկ երկրներում, սակայն այդ երկրները կայացած սոցիալական պետություններ են, ինչին մենք դեռևս չենք հասել: Հասարակության սոցիալական պաշտպանվածությունը ամենաուղղակի կերպով կապված է մեր տնտեսական վիճակի հետ: Առաջինի զարգացումը պայմանավորված է երկրորդի զարգացմամբ:

Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում: Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջև: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, և բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա:

Մեր երկրի առջև անցյալում և ներկայում ծառացած խոշորագույն փորձությունները շատ հաճախ արտաքին ապակայունացման արդյունք էին: Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, պատերազմ հարևանությամբ, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամ և այլն: Այս և բազմաթիվ այլ մարտահրավերներ նախևառաջ մեր երկրի համար խիստ աննպաստ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների արդյունք էին, որ էլի կարող են կրկնվել:

Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է հիմնականում մարտահրավերների հետևանքներին: Մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր մարտահրավերները, անկայունության թափանցող ազդեցությամբ պայմանավորված դժվարությունները, ըստ էության, տարածաշրջանային ապակայունացման բացասական ներգործության հանդեպ մեր պետականության և հասարակության խոցելիության հետևանք էին: Արդյունքում, համաշխարհային և տարածաշրջանային յուրաքանչյուր ցնցում մեր երկիրը դուրս է բերել հանդարտության ընդմիջումներից` կանգնեցնելով նոր խնդիրների առջև:

Դժվարին պայմաններում դրանց դիմակայելով և աստիճանաբար ոտքի կանգնելով, ժողովրդավարության իդեալները որդեգրելով և այդ իդեալներին հնարավորինս համահունչ անկախ պետականության կարևորագույն կառույցները ձևավորելով` մեր երկիրը ներկա փուլում ջանում է վերացնել իր փորձությունների աղբյուրը՝ տարածաշրջանային և համաշխարհային հնարավոր ապակայունացման զգալի բացասական ներգործությունը երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա: Մենք այլ ճանապարհ չունենք: Այլապես պարբերաբար պիտի շարունակենք պայքարել հետևանքների դեմ, մինչդեռ մեր դժվարությունների ծագման պատճառները շարունակելու են նորանոր մարտահրավերներ ծնել ու դնել մեր ու մեր սերունդների առջև:

Այս խնդրի լուծումը հնարավոր է նույնարժեքային համակարգերի ինտեգրվելու ճանապարհով, ամրացնելով նաև մեր իսկ ներքին պաշտպանական համակարգերը: Կայացնելով ներքին այնպիսի համակարգ, որտեղ հասարակությունը ձևավորում է բարօրության և պաշտպանվածության մթնոլորտ իր յուրաքանչյուր անդամի համար: Եվ այդ անդամին ձեռք են մեկնում ամենածանր փորձության պահին` անգամ եթե նույն փորձությունը թակում է հենց իրենց դուռը: Այնպիսի համակարգ, որը պահանջում ու ձևավորում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատի բարօրությունն անհնար է առանց բոլոր անհատների բարօրության համար անհրաժեշտ միջավայրի: Համակարգ, որտեղ գործնականում վերաիմաստավորված է ռուս մեծ դասականի միտքը, և որտեղ աշխարհի բոլոր բարիքները երեխայի աչքը չոր պահելու համար են:

Մենք, որպես պետություն և որպես հասարակություն արդեն կայացել ենք այնքան, որ կարող ենք մեզ թույլ տալ ավելի մեծ ու ավելի կայուն համակարգերի ամրապնդման մասին խոսել: Խոսել ու քայլ առ քայլ իրողություն դարձնել: Համենայն դեպս անցած քսան տարիների ձեռքբերումները մեզ այդ հնարավորությունն այսօր իրապես տալիս են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ հայոց պետականության հաջորդ տասնամյակները լինելու են առավել արդյունավետ: Այդպիսին են լինելու նաև բոլորիս աշխատանքի շնորհիվ, ողջ հայության ջանքերի մեկտեղման շնորհիվ:

Շնորհավո՛ր անկախության տոնը:



← Վերադառնալ