11
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ

album picture

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում մեր ժամանակների ամենանշանավոր ճարտարագետներից մեկին, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր պարոն Սթիվ Վոզնյակին: Այսօր Երևանում պարոն Վոզնյակին ենք շնորհում, ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկում, «մի շատ հատուկ մրցանակ»` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:

Լուրերի հոսքին հետևողները, անգամ նրանք, ովքեր չեն կիրառում իրենց առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները, շատ լավ գիտեն, թե ո՞վ է Սթիվ Վոզնյակը և ի՞նչ դերակատարում է ունեցել:

Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը` նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից և մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ: Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես՝ ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, ինչպես եղավ գրատպության, շոգեքարշի ստեղծման և, բնականաբար, համակարգիչների պարագայում: Սրանք ողջունելի հեղափոխություններ են:

Նրանք երկու ընկեր էին` երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը` պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Ձեր ընկերոջ կորստյան կապակցությամբ ես, իհարկե, ցավակցում եմ Ձեզ, նրա ընտանիքին, բարեկամներին, հարազատներին: Եվ վստահ եմ, որ Սթիվ Ջոբսը դեռ երկար տարիներ ոգևորելու է շատ-շատ մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,

Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա ևս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք և թերևս ամենակարևորը՝ լինել ազնիվ և աշխատասեր:

Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը և Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների և նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին և ամբողջ մարդկությանը: Այն որակները, որ Ձեզ, պարո՛ն Վոզնյակ, փոխանցել, ներարկել է Ձեր հայրը, մշտապես լինելու են արդիական և պահանջված: Ուսումնատենչությունը, աշխատասիրությունը և ազնվությունը թույլ են տալիս գրավել ոչ միայն Ուոլ Սթրիթը, այլև ամբողջ աշխարհը` առանց բռնության և պատերազմի: Մանավանդ որ, ինչպես հայտնի է, ամենից թանկագին ու կարևոր հաղթանակներն այն հաղթանակներն են, որոնք ձեռք են բերվում քիչ կորուստներով կամ առանց կորուստների:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ և առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ և պահանջված մասնագիտություն:

Շատ կարևոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային և այլ խնդիրները: Մենք հետևողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձևավորվող և փոփոխվող թվային աշխարհում: Մենք պատրաստ ենք լինել ճկուն և հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին: Դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է:

Խոսքիս այս հատվածում անպայման պետք է շնորհակալություն հայտնեմ այս մրցանակաբաշխությունը հնարավոր դարձրած բոլոր մարդկանց: Իմացե՛ք, որ սա ներդրում է Հայաստան երկրի և մեր ժողովրդի ապագայի համար, իսկական ծառայություն հայրենիքին, որ գնահատված է:

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ՝ մեզ հետ եք: Անկասկած, այս կարճատև այցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երկրին և հուսով ենք, որ կսիրեք այն: Իսկ մենք միշտ սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցելու մեր սերն ու ջերմությունը:

Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք և ուրախ եմ, որ արդեն մինչ այստեղ գալն ասել եք, թե դարձել եք Հայաստանի դեսպանը: Դա մեզ համար մեծ պատիվ է, հպարտություն, և մենք Ձեզ երախտապարտ ենք:



← Վերադառնալ