18
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ

 Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ մրցանակակիրներ, հյուրեր,

Ուրախ եմ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արդեն երկրորդ արարողությանը ներկա գտնվելու համար: Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառի համար նախատեսված այս մրցանակը կոչված է հավերժացնելու գիտության մեր ականավոր գործչի անունը՝ միավորելով տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող գիտնականների:

Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ գիտնականի, այլև բարոյական ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդու իսկական կերպար էր: Յուրաքանչյուրը, ով նրա հետ շփվելու բախտ էր ունենում, նրա հանդեպ կրկնակի էր լցվում խորին հարգանքով ու ակնածանքով: Իր աշխատանքով ու բարոյական կերպարով մեծ գիտնականն ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են:

Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի նրա գործընկերների ու սաների շնորհիվ Հայաստանը դարձավ այս բնագավառի առաջատարներից մեկը ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում: Նրանք մեզ հրաշալի օրինակ ու իրենց գործը շարունակելու պատգամ են թողել, որը միաժամանակ թե՛ պարտավորեցնում է, և թե՛ ոգևորում:

Գիտության ոլորտի մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում այսօր Հայաստանի երիտասարդներին ուղղված ուղերձ է դրված: Դա սեփական գիտելիքներով, ինտելեկտով ու ստեղծագործ կարողություններով միջազգայնորեն մրցունակ քաղաքացու կարևորության ուղերձն է, որը մենք հնչեցնում ենք բարձր և որին մենք իսկապես հետամուտ ենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Ինչպես ասացի, սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է: Նախաձեռնությունը վերափոխվում է բարի ավանդույթի, որն անհրաժեշտ է ամրապնդել, զարգացնել, փայփայել, դրան միս, արյուն ու ոգի տալ:

Կանտն ասում էր, որ աշխարհում կա երկու գաղտնիք՝ աստղային երկինքը վերևում ու բարոյական կարգը մարդու մեջ: Այսօր մենք ամբողջ մարդկության անունից շնորհակալություն ենք հայտնում երկու նշանավոր գիտնականների՝ աստղային երկնքի գաղտնիքների շղարշը մեզ համար փոքր-ինչ պարզաբանելու համար:

Ես սրտանց շնորհավորում եմ էստոնացի աստղաբան Յան Էյնաստոնին և ռուս աստղաֆիզիկոս ու տիեզերաբան Իգոր Նովիկովին Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Շնորհավորում եմ ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Մենք հպարտությամբ ենք մաս կազմում ձեր գիտական սխրանքը միջազգայնորեն գնահատելու գործին: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսօր այս միջոցառմանը մեզ հետ է և այստեղ շատ փայլուն ելույթ ունեցավ աշխարհահռչակ ամերիկացի աստղագնաց Չարլզ Դյուքը:

Մենք շարունակելու ենք աշխատել մեր գիտության դերը ժամանակակից աշխարհում բարձրացնելու ուղղությամբ: Մեր պետական քաղաքականությունը, այսօր արդեն նաև «Լույս» հիմնադրամի ծրագրերն անընդհատ ավելի մեծ թափ են առնելու միջազգային ասպարեզում մրցունակ կրթության և արդիական գիտության զարգացման գործում:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին, այստեղ ներկա է հիմնադրամի հիմնական հովանավոր պարոն Գաբրիել Ջամբարջյանը՝ իր տիկնոջ հետ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր նպաստեցին այս մրցանակաբաշխության իրականացմանը: Շնորհավորում եմ բոլորիս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արդեն երկրորդ պարգևատրումը հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհակալություն:
 

← Վերադառնալ