10
10, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովին

 

Հայաստանի և սփյուռքի սիրելի´ քույրեր,

Ուրախ եմ, որ Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովն անցկաց-վում է մայր Հայաստանում:

Ի դեմս ձեզ՝ ջերմորեն ողջունում եմ բոլոր հայ կանանց: Մեր ողջ պատմության ընթացքում հենց հայ կինն է պատվով կրել հայապահպանության ազնիվ ու վեհ գործի պատասխանատվությունը՝ դաստիարակելով խելացի, բարեկիրթ, մրցունակ սերունդ-ներ: Լինելով հայկական ինքնագիտակցությունը սերնդեսերունդ փոխանցողը՝ դուք եք պաշտպանում ձեր օջախը օտարացումից և ուծացումից, ձեր համայնքներում ամուր պահում բարոյական, հոգևոր և ազգային արժեքները, մասնակցում համազգային նշանակության խնդիրների լուծմանը:

Ժամանակին համահունչ՝ այսօր թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում նորովի է արժևորվում հայ կնոջ դերը հասարակության կյանքում: Մոր և տանտիրուհու կարևորագույն առաքելությունը որևէ կերպ չպետք է սահմանափակի կանանց մասնակցությունը հանրային և տնտեսական կյանքին: Ավելին, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հնարավորությունները պետք է լինեն լավագույնս պաշտպանված ինչպես տեղական ու ազգային, այդպես էլ միջազգային ու համաշխարհային մակարդակներում: Կանանց գիտելիքները, իմաստությունը, հանդուրժողականությունը, համբերատարությունը և ընդհանուր առմամբ՝ մասնակցությունը հանրային կյանքի անխտիր բոլոր բնագավառներում աշխարհի բարելավման գրավականներից են:

Վստահ եմ, որ հանդիպման այս հնարավորությունը դուք լավագույնս կօգտագործեք համազգային նշանակության կարևորագույն խնդիրները վերհանելու և դրանց լուծումները նախանշելու համար:

Հաջողություն և արգասաբեր աշխատանք եմ մաղթում Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ հայ ոգու հարատևման և ի շահ աշխարհասփյուռ հայության:


 

← Վերադառնալ