Հայաստանի Հանրապետության մեդալները

Արիության մեդալ

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի պահպանման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար:

Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: