Հայաստանի Հանրապետության շքանշանները

Մարտական խաչ շքանշան

Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Փառքի շքանշան

Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Պատվո շքանշան

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական եւ հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

«Տիգրան Մեծ» շքանշան

«Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Վարդան Մամիկոնյան» շքանշան

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: