25
05, 2020

Նունե Սարգսյան. Covid 19-ը, ապագան և մշակույթը

Մեդիամաքսը ներկայացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ, մանկագիր, արվեստաբան Նունե Սարգսյանի հոդվածը:

Բեմական արվեստը միայնակ չի կարող գոյատեւել։ Լինի դա մենակատար, թե նվագախումբ, դրամատիկական թատրոն, բալետ կամ օպերա՝ անհրաժեշտ է բեմ եւ հանդիսատես։ Այս երկուսը՝ բեմի վրա գտնվողը եւ բեմին նայողը՝ ապրել են միասին հազարավոր տարիներ։

Գրողը կարող է մեկուսանալ եւ մենակ աշխատել, նկարիչը կարող է մեկուսանալ եւ մենակ նկարել։ Նրանք կարող են քաջալերվել ստեղծագործելուց անմիջապես հետո, տեսնելով իրենց աշխատանքի արդյունքը։ Իսկ բալետային խմբերը, օպերան, նվագախմբերը կամ թատրոնները կատարումից հետո հանդիսատեսի կողմից ծափահարությունների եւ գնահատանքի կարիք ունեն։ Կորոնավիրուսը եւ կարանտինը հարվածեցին արվեստի այս ձեւերին։ Ինչպե՞ս կարող են շարունակվել բեմական երաժշտական ներկայացումները, փառատոները եւ համերգներն ու թատերական ներկայացումները։ Ի՞նչ է լինելու սրանց ապագան առանց բեմի եւ առանց հանդիսատեսի։

Հապա միլիարդների շահույթ բերող ինդուստրիա՞ն, կհարցնեք դուք։ Ի՞նչ են անելու աշխարհի բազմաթիվ դերասաններն ու երաժիշտները, հազարավոր աշխատավորները բեմերի հետեւում եւ բեմերի վրա, թատերասրահների ու համերգասրահների աշխատողները եւ համերգներ կազմակերպողները, ֆիլմեր ստեղծողները, զբոսաշրջիկներն ու մշակույթով ներշնչվողները, որոնց հիմնական զբաղմունքներից մեկն էր ամեն շաբաթ տեղեկացնել իրենց ընկերներին, թե քանի ներկայացում են դիտել՝ որ քաղաքում եւ ում կատարմամբ։

Հիմա՝ ուշադրություն խնդրեմ՝ կա մի խնդիր եւս։ Եթե նույնիսկ վաղը թատրոններն ու երաժշտասրահները բացվեն, դուք կգնա՞ք ներկայացում կամ համերգ դիտելու՝ աստված գիտի, թե ում կողքին՝ կորոնավիրուսի այս պայմաններում, երբ ձեր հետեւում նստած անձը հազում է, իսկ առջեւում նստածը՝ փռշտում։

Որոշ արտիստներ, ուզենալով ցույց տալ, որ աննկուն են, պայքարում են կորոնավիրուսի դեմ իրենց ուրույն ձեւով՝ մեկուսացման ընթացքում կատարում են իրենց սենյակներում կամ համացանցում։ Որոշ երաժիշտներ հանդիսատեսի պահանջ են զգում եւ փորձում են ինչ-որ ձեւով զվարճացնել եւ հուսադրել մարդկանց, երգում են հարեւանների համար բակերում կամ բաց պատուհաններից, ինչպես իտալացիներն ու իսպանացիները, արտասանում են իրենց կամ ուրիշների պոեզիան կամ այդ ամենը ցուցադրում են համացանցում։

Այս բոլորն, իհարկե, ոչ լիարժեք բավարարում է արտիստի համար։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ասաց. «Կարոտել եմ բեմը, կարոտել եմ հանդիսատեսին»... եւ դա միանգամայն արդարացված հայտարարություն է արտիստի կողմից։

Սակայն այս դարաշրջանում՝ իրականում, ի՜նչ բախտավոր ենք մենք՝ կարող ենք ուզած պահին միացնել համակարգիչը եւ անվճար ունկնդրել ու դիտել աշխարհի լավագույն կատարումները։ Սա թերեւս միակ լավ բանն է այս ամբողջ պատմության մեջ։

Բայց մի՞թե դա մեզ բավարարում է, մեզ՝ մոլի թատերասերներիս կամ երաժշտասերներիս։

Այս ամբողջ անորոշության մեջ գտնվեցին քաջեր։ Օրինակ, Միլանի Teatro Franco Parenti-ն, ինչպես նշվեց եվրոպական մամուլում, կրճատում է իր 500 աթոռները եւ միայն 65-70 տոմս է վաճառելու, այսպիսով՝ ամեն հանդիսատես իր շուրջը կունենա ութ ազատ աթոռ։ Իսկ Մասաչուսեթսի թատրոններից մեկում աթոռների ամեն շարքից հետո հաջորդ շարքը կհանվի։ Միացյալ Թագավորությունում English National Opera-ն սեպտեմբերի համար պատրաստում է ներկայացում Alexandra Palace-ում, որտեղ հանդիսատեսները կդիտեն ներկայացումը իրենց մեքենաների մեջ նստած, կամ նույնիսկ՝ հեծանիվների վրա։

Վերադարձ դեպի ապագա՞՝ դիտել անձնական մեքենայիդ մեջ նստած՝ ինչպես անցյալ դարի 60-ականներին։ Իսկ ի՞նչ կասեք, եթե գիտաֆանտաստիկ գաղափար առաջարկեմ։ Ներկայացումները կխաղան եւ կկատարեն արհեստական բանականությամբ ռոբոտներ, իսկ մենք կտեղավորվենք ապակյա անհատական խորանարդների մեջ եւ ականջակալներով կլսենք ներկայացումը։ Ներողություն եմ խնդրում հոռետեսությանս համար, բայց, համենայն դեպս, պատրաստվեք։

Ակամայից մտորում եմ՝ ինչ լավ է, որ հասցրեցի յոթ տարեկան թոռնիկիս վերջերս տանել «Շչելկունչիկ» եւ «Կարապի լիճ» բալետները եւ «Կախարդական սրինգ» օպերան ինչպես հարկն է՝ բեմի վրա դիտելու, մենք էլ՝ նստած պարտերում։ Ի՜նչ անհավատալի է դա թվում այս օրերին։

Եվ ես հիմա մտահոգված մտածում եմ՝ մի՞թե այլեւս օպերա եւ բալետ չե՞մ դիտելու բեմի վրա եւ չե՞մ լսելու դասական համերգներ բեմից։

Այս հարցը, ավաղ, դեռ պատասխան չունի։

Ի սկզբանե ինձ թվում էր, թե մարդկությունը շատ արագ կմոռանա Covid 19-ի պատճառած աղետը անմիջապես՝ հենց գտնվի շատ անհամբերությամբ սպասվող պատվաստանյութը եւ մեկուսացումը վերջանա։

Փաստը, որ մարդկությունը պատրաստ է մոռանալ ու սկսել ապրել նախկին՝ շռայլ ձեւով, բացահայտ է։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ապրել ինչպես առաջ այլեւս չի ստացվի։ Մենք հիմա անցնում ենք մի փուլով, որը մեզ դաս է սովորեցնում, եւ լավ կլինի, որ մենք հիշենք այդ դասը մեր հետագա կյանքում։ Այս անցումային շրջանի հետեւանքով մենք արդեն հոգեբանորեն ուրիշ էակներ ենք։ Մենք չգիտենք, թե ինչ է սպասվում։ Մենք չգիտենք, թե որքան է սա տեւելու։ Մենք վախեցած ենք, գուցե եւ բարկացած՝ անորոշությունից։

Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մարդկությունը միշտ գտել է ելքը անելանելի վիճակներից: Այս անգամ եւս մենք կգտնենք նոր ձեւեր հաղթահարելու ստեղծված դրությունը։ Մեզ հարկավո՛ր է ունկնդրել եւ դիտել երաժշտություն ու թատրոն, կազմակերպե՛լ փառատոներ եւ երաժշտական մրցույթներ՝ եւ այս բոլորը կենդանի կատարմամբ։

Քաջալերվե՛նք՝ կյանքը շարունակվում է։

← Վերադառնալ