05
10, 2021

Պարարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա բալետային ներկայացման պրեմիերան

Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա Երևանի պարարվեստի պետական քոլեջում բեմադրվել է մանկական բալետ։ Սա հայկական երաժշտական պատմության մեջ առաջին բալետն է՝ նախատեսված ամենափոքր հանդիսատեսների համար։

Պարարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրության հեղինակը քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն է, երաժշտությունը, որը հեղինակել է 15-ամյա կոմպոզիտոր Գրիգ Բալասանյանը, կատարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սա բարեգործական նախագիծ է, որում ներգրավված բոլոր մասնագետներն աշխատել են անվճար։

Հոկտեմբերի 4-ին «Քաչալ ոզնին» բալետի առաջնախաղը դիտելու էր եկել տիկին Նունե Սարգսյանը, ով ներկայացման ավարտին իր հիացական խոսքերն է ասել՝ նշելով. «Շատ զարմացած եմ։ Ամեն բան այնքան գեղեցիկ էր, կատարյալ և պրոֆեսիոնալ, որ խոսքեր չեմ գտնում՝ հայտնելու իմ հիացմունքը»։

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են եղել «Քաչալ ոզնին» ստեղծագործությունը բալետային ներկայացման վերածելու բարդ ու երկարատև աշխատանքին։ Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների մեծ ներդրումն այս բալետի կայացման գործում։ «Ես շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են աշխատել, ամեն մի պարային շարժումը ժամերի աշխատանք է։ Ես շատ գնահատում եմ նրանց աշխատանքը և ցանկանում եմ մաղթել կանաչ ճանապարհ, որ էլ ավելի կատարելագործվեն և պարեն ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի բեմերում։ Այս փոքրիկներն իրենց պարի շնորհիվ պետք է դառնան Հայաստանի դեսպաններն աշխարհում»,- եզրափակել է տիկին Նունե Սարգսյանը։  

← Վերադառնալ