Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Վրաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
«Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
***
Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը։
***
Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։
Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար միջավայրի, ներդրումների, ինչպես նաև կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերի շրջանակում համատեղ նախագծերի առաջխաղացմանն ուղղված նախաձեռնություններին։
Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատրաստականության ընթացքը՝ կարևորելով Վրաստանի մասնակցությունը այս միջազգային միջոցառումներին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ «TRIPP» նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը խաղաղության, կայունության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգ ու բարեկեցիկ ապագան համատեղ և պատասխանատու աշխատանքի արդյունք է։
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրքում։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Անչափ հաճելի է կրկին գտնվել եղբայրական Վրաստանի հյուրընկալ հողում։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Ուրախ էի կրկին հանդիպել Ձեզ՝ Երևանում կայացած մեր բարեկամական ու կառուցողական հանդիպումից հետո։ Մեր հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև ամուր, բարիդրացիական հարաբերությունների շարունակական կարևորությունը։
Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության ու ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Վերջին շրջանի բարձր և բարձրագույն մակարդակի փոխայցելությունների և երկկողմ շփումների հաճախականությունը հստակ վկայություն են, թե ինչ ինտենսիվ են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները։
Մեր երկու պետությունների սերտ համագործակցությունը մեզ հասցրել է պատմական մի հանգրվանի, երբ մենք մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չնայած գաղտնիք չէ, որ Վրաստանի հետ մեր համագործակցությունը միշտ է կրել ռազմավարական բնույթ, սակայն այժմ այն ամրագրվել է նաև պաշտոնական մակարդակում։
Այսօր հարգարժան գործընկերոջս հետ ունեցանք բավականին արդյունավետ և բովանդակալից քննարկումներ: Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմոլորտ փոխգործակցությանը և Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված հետագա անելիքներին։
Մեր քննարկումների առանցքում էին նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում է 2026թ. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը։
Պարոն նախագահի հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ, քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները:
Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք տնտեսական հնարավորություններին։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:
Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ «TRIPP» նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ:
Հարատև խաղաղության, կայունության, անվտանգության, պետությունների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդումը, ապահովումը, բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնառությունը, գործադրել ջանքեր Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ»:
***
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ զետեղել հավերժական կրակի մոտ։
***
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը շարունակվել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունության, զարգացման և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական ինտեգրման տեսանկյունից։
Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման և էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք միտված են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու զարգացման օրակարգի առաջմղմանը։
***
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և շեշտել, որ ակտիվ բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են երկու երկրների վստահելի ու արդյունավետ գործընկերության մասին։
Հանրապետության նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը հատուկ կարևորություն են տվել տարածաշրջանային գործընթացների գնահատմանը և փոխգործակցության այն ուղղություններին, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։
Քննարկվել են քաղաքական երկխոսության ընդլայնման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է, որ նոր նախաձեռնությունների ձևավորումն ու արդեն իսկ ընթացող ծրագրերի արդյունավետ կառավարումը կարող են զգալիորեն բարձրացնել երկկողմ համագործակցության ներուժը և նպաստել երկու երկրների տնտեսական և հասարակական զարգացմանը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում և բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը առավել նպատակային և համակարգված դարձնելու վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային հարթակներում փոխաջակցությունը, ինչպես նաև համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարածաշրջային նշանակության հարցերում։
Հանդիպման ավարտին հաստատվել է Հայաստանի և Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը, ամրապնդելու բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք ծառայում են երկու ժողովուրդների բարօրությանը, տարածաշրջանի խաղաղությանը և տնտեսական կայունությանը։































































