03
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Չեխիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Պրահայի ամրոցում, տեղի է ունեցել պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։  

***

 

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ։ Նախ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Պետր Պավելը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և պաշտոնական այցով Պրահա ժամանելու համար։ Չեխիայի նախագահը նշել է, որ այցը սպասված է և կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ նախագահական մակարդակով նման ձևաչափի վերջին այցից անցել է շուրջ 12 տարի։ Նա վստահություն է հայտնել, որ այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և այցի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը և անդրադարձել համագործակցության առկա ուղղությունների ընդլայնմանն ու նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, էներգետիկայի և ջրի կառավարման ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կարևորվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կապերի ընդլայնումը։

Նախագահները քննարկել են նաև ատոմային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության ոլորտներում փորձի փոխանակման, մասնագիտական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև խաղաղ գոյակցության և կայունության ապահովման կարևորությունը։

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Պետր Պավելը վերահաստատել են իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ընդգծելով այդ սկզբունքների կարևորությունը ինչպես երկու երկրների, այնպես էլ ավելի լայն միջազգային համագործակցության համար։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում և հանդիպել իմ հարգելի գործընկերոջը՝ նախագահ Պետր Պավելին։
Ցանկանում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել, պարոն Պավել՝ հրավերի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Այս այցը պատեհ հնարավորություն է ընդգծելու մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և դրանք նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար։ Ավելի քան երեք տասնամյակ միջպետական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Այսօր Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ փոխշահավետ համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական համագործակցությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, զբոսաշրջություն, միջմարդկային կապերի ակտիվացում։

Եվրոպական ուղղությունը մեր քննարկումների առանցքային բաղադրիչներից էր։ Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է և մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրի ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ և պատրաստ է շարունակելու այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն։

Առանձնահատուկ կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև երկխոսությունը։ Ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդյունավետ և կառուցողական կերպով՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների շարժունակության ընդլայնմանը և երկու հասարակությունների միջև կապերի ամրապնդմանը։

Հաշվի առնելով հայկական արտադրատեսակների արտահանման խոչընդոտները նախկին ավանդական շուկաներ՝ խնդրել եմ գործընկերոջս աջակցությունը դեպի Չեխիա հայկական արտադրանքի խթանման կապակցությամբ։ Արդեն երեկ Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը, շնորհակալ ենք այդ որոշման համար, հույս ունենք, որ համապատասխան վերջնական որոշումը նաև Եվրոպական խորհրդարանը կընդունի և կհաստատի, և դրանով մենք հնարավորություն կստանանք ԵՄ շուկայում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի հեշտացված կարգով ներկայանալ և դրանք չեն խանգարի Եվրոպական շուկայի ընդունված կանոններին, դրանք ավելի կհարստացնեն և ԵՄ գործընկերներին, տարբեր երկրների քաղաքացիներին ավելի մոտիկից կծանոթացնեն մեզ, մեր արտադրանքին: Հույս ունենք, որ կհավանեք այն, ինչը մենք արտահանում ենք, դրանք կդառնան ձեր առօրյա կյանքի, կենցաղի մի մասը և դրանով նաև մենք հնարավորություն կունենանք զարգացնել մեր տնտեսությունը, ինչպես նաև դուրս գալ այն իրավիճակից, որում մեզ փորձում են սահմանափակել:

Այսօրվա քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը։ Այս առումով կարևոր է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողով գործունեությունը: Մեր նպատակը ոչ միայն առևտրի ծավալների մեծացումն է, այլև համագործակցության որակական ընդլայնումը՝ համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնությունների միջոցով։ Ցանկանում ենք ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել չեխական ներդրումները Հայաստանում և այսօր անդրադարձ կատարեցինք էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք կարևորելով գործարար համայնքների միջև կանոնավոր շփումները:

Անդրադարձանք խորհրդարանական դիվանագիտության դերին։ Վերջին տարիներին խորհրդարանական մակարդակով շփումները կարևոր ներդրում են ունեցել երկու երկրների միջև փոխըմբռնման խորացման գործում։ Միջմարդկային հարաբերությունների ամրապնդումը կարևորագույն ուղղություն է։ Հայաստանը և Չեխիան կրթության, մշակույթի, գիտության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության ամուր իրավական հիմք ունեն։ Մենք ցանկանում ենք առավել ակտիվացնել ուսանողական և ակադեմիական փոխանակումները, գիտահետազոտական համատեղ ծրագրերը, մշակութային միջոցառումներն ու երիտասարդական շփումները։

Հատուկ նշանակություն ենք տալիս Չեխիայի հայկական համայնքին։ Այն երկու ժողովուրդների միջև բնական կամուրջ է և կարևոր դեր է կատարում հայ-չեխական բարեկամության խորացման գործում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Մենք առանձնահատուկ երկար քննարկումներ ունեցանք այս հարցով, և՛ առանձին մեր հանդիպման ժամանակ, և՛ ընդլայնված հանդիպման ժամանակ, որովհետև, իրականում, այսօր աշխարհում բոլորին հետաքրքրող և անհանգստացնող հարցերից են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությունը: Եվ, ինչպես պարոն Պավելը նշեց, մենք կարողացանք 2022 թվականի հոկտեմբերի 5-ի Պրահայի հայտնի հանդիպումից հետո, Ադրբեջանի հետ անմիջական, երկկողմ բանակցությունների արդյունքում համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին, որը պատմական նշանակություն ունեցավ: Հավատացող մարդիկ, որ դա հնարավոր է, քիչ էին, բայց դա իրականություն դարձավ և մենք արդեն 2 տարի ապրում ենք խաղաղության պայմաններում: Մենք սովոր չէինք այդ պայմաններում ապրել մեր հարևանների հետ, բայց մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և մենք փայփայում ենք, որպեսզի այդ խաղաղությունը շարունակական լինի և լինելու է շարունակական: Մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և՛ սահմանները բացել, խոսքը վերաբերում է նաև Թուրքիային, որի հետ 30 տարվա ընթացքում ունեցել ենք փակ սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Այս ամենը նպաստելու է տարածաշրջանում ընդհանուր խաղաղության հաստատմանը և լարվածության ուղղակի վերացմանը:
Արդյունքում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, տնտեսական կապերի զարգացումը, մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնումը կարող են Հարավային Կովկասը դարձնել համագործակցության և փոխկապակցվածության տարածաշրջան։

Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր հարաբերություններն ունեն քաղաքական ամուր հիմք և հետագա զարգացման զգալի ներուժ։ Լիահույս եմ՝ այս հանդիպումը իր նպաստը կբերի Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ՝ բովանդակալից, կառուցողական և բարեկամական քննարկման համար»:

***

 

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։

Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի հայեցակարգային մոտեցումն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը՝ խաղաղ գոյակցության, տարածաշրջանային համագործակցության զարգացման, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հակադրության բացառման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ է։

***

 

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ։

Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։

***

 

Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.

«Ինձ համար մեծ պատիվ և առանձնակի հաճույք է գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Նախևառաջ, թո՛ւյլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ մեծարգո՛ պարոն նախագահ, և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։

Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեն պատմական ամուր հիմք։ Մեր ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախությունից շատ առաջ և ժամանակի ընթացքում անցել են տարբեր փուլերով՝ պահպանելով իրենց կարևոր տեղը երկու ժողովուրդների հիշողության մեջ։

Հայ-չեխական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել մշակութային փոխազդեցությունը. չեխ հասարակության շրջանում հետաքրքրություն է ձևավորվել Հայաստանի պատմության, մշակույթի և գրականության նկատմամբ, իսկ հայ մտավորականներն ու հասարակական գործիչները կապեր են հաստատել Չեխիայի մշակութային և գիտական շրջանակների հետ։

Դեռևս 19-րդ դարում՝ 1843թ․ Կովկասում ճանապարհորդող չեխ բնագետ և Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Կոլենատին Թիֆլիսում հանդիպում է հայ ականավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ և հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Երկու մեծ մտավորականների հանդիպումն այսօր մեզ համար խիստ խորհրդանշական է, այն առումով, որ հայ-չեխական շփումները ձևավորվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր երկրների միջև ոչ միայն չկային ժամանակակից հասկացողությամբ դիվանագիտական հարաբերություններ, այլև չկար Հայաստան պետությունը:

20-րդ դարում այդ կապերը հարստացան նաև մարդասիրական և մշակութային կարևոր բովանդակությամբ։ Հայ-չեխական բարեկամության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի չեխ գրող և ճանապարհորդ Կառել Հանսան։ 1922թ․ Մերձավոր Արևելքում նա հանդիպեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին, և, վերադառնալով Չեխոսլովակիա հրատարակեց «Արևելքի սարսափները» գիրքը, հանդես եկավ դասախոսություններով և նախաձեռնեց հայ որբերին աջակցելու աշխատանքներ։

Գրականության ոլորտում հայ-չեխական առնչություններում ամենագեղեցիկ անուններից մեկը Լյուդմիլա Մոտալովան է։ Չեխ հայագետն ու թարգմանիչն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք կատարեց հայ գրականությունը չեխ ընթերցողին ներկայացնելու համար։ Նա թարգմանեց Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նրա ամուսինը՝ լրագրող և գրող Յիրժի Սկումալը, նույնպես խորը հետաքրքրություն ուներ Հայաստանի և հայ գրականության նկատմամբ։ 1971թ․ նա հասավ մինչև հանճարեղ Պարույր Սևակի հայրենի Չանախչի գյուղ՝ հայ մեծ բանաստեղծի հետ հանդիպելու և նրան իր ստեղծագործության չեխերեն թարգմանությունը հանձնելու համար։

Այդ հանդիպումն այսօր ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Ընդամենը երեք օր անց Պարույր Սևակը ողբերգական վթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Սակայն նրա խոսքը շարունակեց իր ճանապարհը դեպի Չեխիա՝ Մոտալովայի թարգմանությունների և Սկումալի նման մարդկանց նվիրվածության շնորհիվ։

Հայերի ներկայությունը Պրահայում, սակայն, սահմանափակված չի եղել միայն գրականությամբ։ Այսօր հայ-չեխական մշակութային երկխոսությունը շարունակում է զարգանալ նոր ձևերով։ Հայ և չեխ արվեստագետները, երաժիշտները, գրողները, գիտնականներն ու մշակութային կազմակերպությունները շարունակում են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։

Պատմամշակութային հարուստ ժառանգությունն իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում նաև երկու մայրաքաղաքների դիմագծում։ Պրահան հայտնի է որպես «հարյուր աշտարակների քաղաք», իսկ Երևանը՝ որպես «վարդագույն քաղաք»։ Թեև դրանք ունեն տարբեր գույներ և ճարտարապետական ուրվագծեր, երկու մայրաքաղաքներն էլ կարողացել են դարերի հարուստ ժառանգությունը ներդաշնակորեն համադրել ժամանակակից և ստեղծարար ոգու հետ։

Թերևս ավանդույթի հենց այս ներդաշնակ համադրությունն է երկու ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ կամուրջներից մեկը։

Ես պատկանում եմ մի սերնդի, ում մանկության շրջանում Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», իսկ ավելի հասուն տարիքում Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եղել են այսպես կոչված սեղանի գրքեր. ում տներում մշտապես հնչել են Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ու Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհ»՝ 9-րդ սիմֆոնիան: Այս հողում են աշխարհ եկել հանճարեղ Գրեգոր Մենդելն, Զիգմունդ Ֆրոյդն ու շատ այլ մեծեր:

Պատմամշակութային մեր հարուստ առնչությունները Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ստացան նոր՝ միջպետական բովանդակություն՝ վերածվելով քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության կայուն ուղղությունների, իսկ երկկողմ հարաբերությունները տարիների ընթացքում ձեռք են բերել ընդգրկուն և բազմաբովանդակ բնույթ։

Բարձր ենք գնահատում Չեխիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումը և այն ուշադրությունը, որը Չեխիան ցուցաբերում է Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ։ Ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է, որն իր աջակցությամբ նոր հնարավորություններ է ստեղծում մեր եվրոպական օրակարգի առաջմղման համար։

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կարող ենք առավել լիարժեք օգտագործել Հայաստան-Չեխիա հարաբերությունների ներուժը՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խթանելով ներդրումային համագործակցությունը, զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Այսօր այստեղ՝ Պրահայում, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է շարունակել Չեխիայի Հանրապետության հետ իր հարաբերությունների կայուն զարգացումը: Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։

Թո՛ւյլ տվեք այս հանդիսավոր առիթով բաժակ բարձրացնել՝

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման համար,

մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության համար,

Հայաստանի և Չեխիայի խաղաղության, կայունության, բարեկեցության և առաջընթացի համար։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Չեխիայի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստան-Չեխիա բարեկամությունը»:

***

 

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում։

Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումներին, դրանց ազդեցությանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականի ու իրականացվող քայլերի մասին՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման, փոխադարձ վստահության ձևավորման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և համագործակցության նոր ոլորտների ձևավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերին։

***

 

Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ միասին Չեխիայի նախագահի նստավայրում մասնակցել է «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա են եղել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած չեխ փրկարարների, ինչպես նաև մարդասիրական դրամահավաքներ կազմակերպած կառույցների ներկայացուցիչները։

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրաշարժի ծանր օրերին աջակցել են Հայաստանին։

«Այն, ինչ 1988 թվականին արել են Չեխոսլովակիայի մեր ընկերները, անգնահատելի է և երբեք չի մոռացվի։ Այդ օրերին մենք մեծ աջակցության կարիք ունեինք։ Ես եղել եմ երկրաշարժի գոտում՝ Սպիտակի շրջանում, և միայն առավոտյան հասկացանք աղետի իրական մասշտաբը՝ ավերված տներ, փլատակների տակ մնացած մարդիկ, անհրաժեշտ գործիքների ու միջոցների բացակայություն։ Այդ ծանր իրավիճակում ցանկացած աջակցություն, այդ թվում նաև Չեխոսլովակիայից ժամանած փրկարարների աջակցությունը մեծ նշանակություն ուներ մեզ համար»,- նշել է Հանրապետության նախագահը։

Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ չեխ փրկարարների իրականացրած աշխատանքը, որի շնորհիվ փրկվել են մարդկային կյանքեր, երբեք չի մոռացվի։

«Ցանկանում եմ երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ առաքելությանը և այսօր այստեղ են։ Համոզված եղեք, որ այն, ինչ արել եք, ապրում է այն մարդկանց հիշողություններում, որոնց օգնել եք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ»,- ասել է նախագահը։

Միջոցառման ավարտին չեխ փրկարարների ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին փոխանցել են իրենց ողջույնները Հայաստանի ժողովրդին և Չեխիայի փրկարարների շքանշանը՝ որպես բարեկամության և համերաշխության խորհրդանշական հիշատակ։

***

 

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման սկզբում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի ընթացիկ զարգացումները՝ ներկայացնելով նաև իրականացվող համակարգային բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել պաշտպանական կարողությունների շարունակական ամրապնդմանը, առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի և հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ պետության քաղաքականության առանցքում Հայաստանի անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունն են։ Նա ընդգծել է, որ իրականացվող փոփոխությունների նպատակը ոչ միայն առանձին ոլորտներում առկա խնդիրների լուծումն է, այլև կայուն զարգացման համար անհրաժեշտ ամուր պետական համակարգերի ձևավորումը, ինստիտուտների արդյունավետության բարձրացումն ու հասարակական համերաշխության ամրապնդումը։

Համայնքի ներկայացուցիչները նախագահին հարցեր են ուղղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային գործընթացների և առկա զարգացումների վերաբերյալ։ Քննարկվել են նաև հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, փոխադարձ ներգրավվածության ընդլայնման և համայնքի ներուժն ի նպաստ Հայաստանի զարգացման առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Նշվել է, որ համագործակցության զարգացման կարևոր ուղղություններից են տնտեսական, կրթական և մշակութային կապերի ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը՝ համայնքի մասնակցությունն ու ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընթացներում առավել ամրապնդելու նպատակով։

← Վերադառնալ