31
03, 2011

Նախագահ Սարգսյանի անունից` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր երեկոյան` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք:

«Մենք պատրաստակամ ենք և ցանկանում ենք Շվեյցարիայի հետ մեր հարաբերությունները խորացնել: Այդ ցանկությունը հիմնված է շատ պարզ ճշմարտությունների վրա` դուք, որպես պետություն, կարողացել եք դառնալ ժողովրդավար երկիր, ստեղծել եք հզոր տնտեսություն, կարողացել եք շատ բարձր մակարդակով լուծել ձեր ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները: Ձեր երկրի և իշխանությունների համար համամարդկային արժեքները շատ բարձր արժեքներ են, և նույնիսկ շատ պարագաներում դուք հաշվի չեք նստում այն հանգամանքի հետ, որ այդ համամարդկային արժեքները գնահատելիս կարող եք ունենալ որոշակի դժվարություններ: Այս առումով, իհարկե, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը, ժողովրդին, խորհրդարանին, որ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ մեկ անգամ ևս ձեր վերաբերմունքը ցուցաբերեցիք ցեղասպանության հանցագործության նկատմամբ:

Մենք ցանկանում ենք Շվեյցարիայի Համադաշնության հետ խորացնել մեր տնտեսական հարաբերությունները, ակտիվացնել մշակութային փոխանակումները, ցանկանում ենք, որպեսզի մեր և ձեր ժողովուրդներն իրար շատ ավելի մոտիկից ճանաչեն: Այս առումով, համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շատ օգտակար է»,-պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան Շվեյցարիայի նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյը նշել է, թե այսօր ՀՀ նախագահի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների գերազանց հարաբերություններին:

«1988թ. Հայաստանին պատուհասած աղետին հաջորդած շրջանում հրատապ օգնություն ցուցաբերելուց հետո, Շվեյցարիան շարունակում է համագործակցության ծրագրերը ձեր երկրում: Վաղը ես մեկնելու եմ Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու այդ գործընկերությանը:

Հպարտությամբ եմ ողջունում նաև մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Հայաստանում: Սակայն Շվեյցարիայի և Հայաստանի փոխհարաբերությունները միայն կառավարության շփումներով չեն սահմանափակվում: Շվեյցարիայում ապրում են հայկական ծագումով բազմահազար մարդիկ: Շվեյցարիայի բնակչությունը մեծ համակրանքով է վերաբերվում հայերին: Պետք է ասել, որ Հայաստանն ըստ արժանվույն է գնահատել Շվեյցարիայի այնպիսի գործիչների, որոնց թվում է հազարավոր որբերի ապաստան տված Յակով Կունցլերը: Մեր երկրների միջև բարեկամության դրսևորումները բազմաթիվ են:

Կուզենայի նաև ընդգծել այն կարևորությունը, որ ձեր կառավարությունը տալիս է ֆրանսախոսության միջազգային կազմակերպությանը և որի նախագահությունն այս տարի իրականացնում է Շվեյցարիան: Ես իմացել եմ, որ Հայաստանում ֆրանսախոսության շրջանակներում իրականացվող միջոցառումներն իրենց թվով աշխարհում ամենաբարձրն են: Կարծում եմ, որ սա տպավորիչ կերպով վկայում է բազմալեզու և բազմամշակույթ արժեքների նկատմամբ Հայաստանի նվիրվածությունը: Կուզենայի նաև շնորհավորել Հայաստանին՝ այս տարվա Ժնևի գրքի ցուցահանդեսում պատվո հյուրի կարգավիճակ ստանալու առիթով: Սա հայ գրողներին և հրատարակիչներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործությունները ներկայացնել ավելի լայն հասարակությանը:

Եւ վերջապես, ինձ համար մեծ պատիվ կլինի, պարո՛ն Նախագահ, ընդունել Ձեզ Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում»,-նշել է Շցեյցարիայի Համադաշնության նախագահը:

← Վերադառնալ