30
12, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տոնական օրերին հերթապահություն իրականացնող ԱԻՆ ստորաբաժանումներ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, Փ/Ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ տոնական օրերին իրենք աշխատում են օպերատիվ հերթափոխով: Նախագահը զրուցել է հերթապահ աշխատակիցների հետ, հետաքրքրվել ծառայության ընթացքով: Նախագահը շնորհավորել է նրանց գալիք Ամանորը և մաղթել բարի ծառայություն:

Այնուհետև նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժին, որտեղ նույնպես տոնական օրերին հերթապահություն է իրականացվում: Ծառայության պետ, Փ/Ծ կապիտան Արևիկ Երիցյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները: Նախագահը ծանոթացել է այդ պահին հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Այցի ընթացքում նախագահի անվանական ժամացույցներով բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական ծառայության մի խումբ աշխատակիցներ: ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար Հանրապետության նախագահի անունից նաև 6 շարժասայլակ է նվիրվել. վկայագրերը նախագահը հանձնել է նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ որպես Հանրապետության նախագահ՝ իր պարտականություններից մեկն է նախօրոք շնորհավորել տոնական օրերին հերթափոխ իրականացնող աշխատակիցներին և ընդգծել է, որ նրանց գործը հիշվում ու գնահատվում է: «Անգամ ամենաուրախ օրերին էլ միշտ կան անսպասելի երևույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, ծրագրել: Դա նշանակում է, որ միշտ կան մարդիկ, ովքեր 24 ժամ և տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն՝ ներառյալ Նոր տարին: Հետևաբար այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի մեր և՛ լավ, և՛ դժվարին օրերի համար: Մենք նախարարի հետ խոսում էինք, որ եթե 1988 թվականի երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին, հազարավոր մարդիկ հաշմանդամ չէին դառնա: Հետևաբար, սա բացարձակ անհրաժեշտություն է: Եկել եմ, որ նախօրոք շնորհավորեմ նրանց Նոր տարին, լավագույն մաղթանքները հղեմ, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չեն լինելու, այլ ծառայելու են իրենց երկրին ու հայրենիքին»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

← Վերադառնալ