ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

14 օգոստոսի 2018

Հ-195-Լ 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

21 օգոստոսի 2018

Հ-233-Լ 

 

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ      Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտագության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 14-րդ ենթակետը՝

 

1. Հաստատել Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը՝ համաձայն հավելվածի:

 

2. Սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմի պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ անվտանգության ծառայություն):

 

3. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և անվտանգության ծառայության պետին՝

 

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ծանոթացնել Հանրապետության նախագահի աշխատակազմի և անվտանգության ծառայության աշխատակիցներին սույն հրամանով հաստատված անցագրային և ներքին ռեժիմի պահանջներին,

2) վերահսկողություն իրականացնել սույն հրամանի պահանջների կատարման նկատմամբ:

 

4. Ուժը կորցրած ճանաչել՝

 

1) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ Նախագահի անվտանգության վարչության պետի 1998 թվականի մայիսի 18-ի համատեղ հրամանը,

 

2) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության պետի 1998 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա պետությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական շենք մուտքի և ելքի կարգի մասին» թիվ 117 համատեղ հրամանը,

 

3) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության պետի 1999 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմի մասին» թիվ 234 համատեղ հրամանը:

 

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

 

Հաստատված Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի 2018 թվականի օգոստոսի 14 թիվ 195-Լ համատեղ հրամանի

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄ

 

 

1.    Հանրապետության նախագահի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) անցագրային և ներքին ռեժիմին (այսուհետ՝ ռեժիմ) համապատասխան Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ անվտանգության ծառայություն) իրականացնում է Աշխատակազմի` Մաշտոցի պողոտա 47 հասցեում գտնվող վարչական շենքերի և դրան հարող տարածքների (այսուհետ՝ վարչական տարածք) և վարչական տարածքը շրջապատող պարսպի շուրջօրյա պահպանությունը՝ բացառելով առանց թույլտվության մարդկանց ու փոխադրամիջոցների մուտքը և ելքը:

2.   Անվտանգության ծառայության աշխատակիցները պատասխանատու են իրենց պահպանությանը հանձնված վարչական շենքերի և դրանց հարող տարածքի, դրանցում գտնվող գույքի անվտանգ պահպանման համար:

3.   Անվտանգության ծառայության ղեկավար կազմը պարբերաբար ստուգում է Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմի պահպանության վիճակը:

4.   Աշխատակազմի ռեժիմը տարածվում է Աշխատակազմի աշխատա­կիցների և վարչական տարածք մուտք գործող բոլոր անձանց վրա:

5.   Վարչական տարածք մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝ Աշխատակազմի ծառայողական վկայականները (համաձայն N 1 ցանկի՝ կցվում է), ժամանակավոր անցագրերը (համաձայն ձև 1-ի՝ կցվում է), սույն ռեժիմով սահմանաված կարգով տրված անցագրերը, ինչպես նաև սույն ռեժիմի 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում նշված անձանց ծառայողական վկայականները:

6.   Վարչական տարածք մտնելիս ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը բաց վիճակում ներկայացվում են անվտանգության ծառայության աշխատակցին, իսկ անցագրերը՝ օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթղթի հետ միասին:

7.   Վարչական տարածք բոլոր անձանց, բացառությամբ սույն ռեժիմի 19-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձանց, մուտքը թույլատրվում է միայն համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր նախնական զննում անցնելուց հետո:

8.   Մեկանգամյա անցագրի (այսուհետ՝ Անցագիր, համաձայն ձև 2-ի՝ կցվում է) հայտ ներկայացնելու իրավունք ունեն Աշխատակազմի ղեկավարը, նրա հանձնարարությամբ՝ իր օգնականը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները և Աշխատակազմի վարչությունների պետերը, նրանց բացակայության դեպքում փոխարինողները (այսուհետ՝ հայտ ներկայացնող պաշտոնատար անձինք):

9.   Աշխատակազմի կառուցվացքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց փոխարինողները իրավունք ունեն վարչական տարացք մուտքի անցագրեր պատվիրել միայն այն ստորաբաժանումների համար, որտեղ նրանք աշխատում են:

10.  Անցագրերը քաղաքացիներին տրվում, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ հաստատվում են անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից՝ հայտերի հիման վրա, անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:

11.  Հայտերն ընդունում, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ հաստատում է անվտանգության ծառայության անցագրային բաժնի պետը, նրա բացակայության դեպքում՝ օրվա հերթապահը: Անհրաժեշտության դեպքում բաժնի պետը կատարում է հայտերի հետագա վերստուգում:

12. Աշխատակազմում կազմակերպվող խորհրդակցություններին և այլ միջոցառումներին հրավիրված հինգից ավելի անձանց Անցագրեր տալու համար հայտ ներկայացրած պաշտոնատար անձը հրավիրվածների ցուցակները ստորագրված, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ հաստատված, ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին՝ նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար: Այնուհետև հաստատված ցուցակները ներկայացվում է անվտանգության ծառայության պետին կազմակերպվելիք խորհրդակցությունից կամ միջոցառումից մեկ օր առաջ, բացառիկ դեպքերում՝ ոչ ուշ քան խորհրդակցությունը կամ միջոցառումը սկսվելուց երկու ժամ առաջ:  

13. Վարչական տարածք անցագրով մուտք գործած քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը պահվում է անվտանգության ծառայության անցակետում:

14. Անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատակիցը քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ: Հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է տվյալ օրվա հերթափոխի պետին հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:

15. Հանրապետության նախագահին այցելող անձանց տրվում է հատուկ նմուշի անցաթուղթ (համաձայն ձև 3-ի՝ կցվում է), իսկ նրանց դիմավորումը, ուղեկցումը և ճանապարհումն Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի արարողակարգի գծով պատասխանատու պաշտոնատար անձը:

16. Հայտ ներկայացնող պաշտոնատար անձինք կարող են առանձին դեպքերում կազմակերպել իրենց այցելած քաղաքացիների այցելությունն Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց՝ նախապես համաձայնեցնելով և ապահովելով քաղաքացու ուղեկցումը մինչև այդ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ անցագրի վրա նշելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ժամկետը և ստորագրելով այն:

17. Անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձն Անցագրի վրա ստորագրում, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ հաստատում է քաղաքացու ելքը՝ նշելով օրը և ժամը: Անցագիր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել վարչական տարածք ժամը 09:00-ից մինչև 22:00:

18.Անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումը վարչական տարածքից դուրս:

19. Վարչական տարածք անարգել մուտքի և ելքի (այդ թվում՝ իրենց սպասարկող ծառայողական մեքենաներով) իրավունք ունեն՝

1. Վարչապետը,

2. Ազգային ժողովի նախագահը,

3. Վճռաբեկ դատարանի նախագահ,

4. Գլխավոր դատախազը,

5. Կենտրոնական բանկի նախագահը,

6. Սահմանադրական դատարանի նախագահը,

7. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը,

8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը,

9. Առաջին փոխվարչապետը,

10. Փոխվարչապետները,

11. Պաշտպանության նախարարը,

12. Արտաքին գործերի նախարարը,

13. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը,

14. Ազգային անվտանգության ծառայության տնօրենը,

15. Ոստիկանության պետը,

16. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, 

17. Աշխատակազմի ղեկավարը,

18. Աշխատակազմի ղեկավարի տեղակալները՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի,

19. Հանրապետության նախագահի խորհրդականները, օգնականները և ռեֆերենտները՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի,

20. Աշխատակազմի վարչությունների պետերը՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի:

20.                 Վարչական տարածք ծառայողական վկայականներով (առանց տրանսպորտային միջոցների) անցակետով մուտքի և ելքի իրավունք ունեն՝

1)     Ազգային ժողովի նախագահի տեղակալները,

2)    Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները,

3)    Մարդու իրավունքների պաշտպանը,

4)    Հաշվեքննիչ պալատի նախագահը,

5)    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը,

6)    Նախարարները (բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների),

7)    ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները,

8)    Երևանի քաղաքապետը և մարզպետները,

9)   Հատուկ քննչական ծառայության պետը,

10) Քննչական կոմիտեի նախագահը,

11)   Պետական եկամուտների կոմիտեի նախագահը,

12)  Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը,

13)  Գլխավոր ռազմական տեսուչը:

21. Վարչական տարածք ծառայողական վկայականով մուտքի և ելքի իրավունք ունեն՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության և ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության ծառայողները՝ անվտանգության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակներում առկայության դեպքում:

22.  Աշխատակազմի ղեկավարի կամ անվտանգության ծառայության պետի ցուցումով առանձին քաղաքացիներ կարող են մուտք (ելք) գործել (անհրաժեշտության դեպքում՝ ավտոմեքենայով) վարչական տարածք:

23.                 Հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին վարչական տարածքի անցակետի անվտանգության ծառայության հերթապահ աշխատակիցները հատուկ մատյանում գրանցումներ են կատարում Աշխատակազմի աշխատակիցների և այցելող անձանց վարչական տարածք մուտքի և ելքի մասին:

24.                Վարչական տարածքում աշխատանք կատարող կազմակերպությունների հրավիրված աշխատակիցները վարչական տարածք են մտնում Աշխատակազմի տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի կամ նրա տեղակալի կողմից ստորագրված ցուցակով՝ անվտանգության ծառայության հերթափոխի պետի մակագրությամբ, նրանց ազգանունների, անունների, աշխատատեղի, ժամկետի նշումով՝ անցագրի և անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

25.                 Աշխատակազմի տնտեսական /կոմունալ/ սպասարկման նպատակով վարչական տարածք ավտոմեքենաների մուտքի և ելքի համար անվտանգության ծառայության աշխատակցին տրվում է Աշխատակազմի տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի կամ նրա տեղակալի կողմից ստորագրված  և անվտանգության ծառայության հերթափոխի պետի կողմից մակագրված գույքային անցագիր (համաձայն ձև 4-ի՝ կցվում է)՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը և վարորդի անուն, ազգանունը: Նշված ավտոմեքենաների մուտքը և ելքը վարչական տարածք թույլատրվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերը (կարգագրեր, ապրանքագրեր) ստուգվելուց հետո: Ավտոմեքենաները վարչական տարածք մուտք գործելիս և դուրս գալիս ենթակա են ստուգման անվտանգության ծառայության աշխատակցի կողմից:

26.                Վարչական տարածք նյութական միջոցները դուրս կամ ներս են բերվում գույքային անցագրերի հիման վրա՝ ստորագրված Աշխատակազմի տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի կամ նրա տեղակալի կողմից:  Գույքային անցագրերը տրվում են անվտանգության ծառայության աշխատակցին: Անվտանգության ծառայության աշխատակիցը գույքային անցագրի հակառակ կողմում նշում է  անձանց ներս մտնելու դուրս գալու ժամանակը:

27. Օգտագործված Անցագրերը պահվում են անցագրային բաժնում, իսկ գույքային անցագրերը և անցաթղթերը պահվում են անվտանգության ծառայությունում:

28.   Արգելվում է վարչական տարածք ներս բերել հրազեն, պայթուցիկ նյութեր, սառը զենք, կապի միջոցներ: Անցագրերով մուտք գործող անձինք կապի միջոցները պահատվության են հանձնում անցակետում: Անհրաժեշտության դեպքում դրանք ներս են բերվում հայտ ներկայացրած պաշտոնատար անձի և անվտանգության ծառայության տվյալ օրվա հերթափոխի պետի թույլտվությամբ:

29.                 Արգելվում է վարչական տարածք ներս բերել ոգելից խմիչք՝ բացառությամբ հայտ ներկայացրած պաշտոնատար անձի և անվտանգության ծառայության տվյալ օրվա հերթափոխի պետի թույլտվության դեպքերի:

30.   Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ գտնվող, ագրեսիվ կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով անձանց մուտքը վարչական տարածք:

31. Արգելվում է մուտքը վարչական տարածք ժամկետանց փաստաթղթերով:

32.                Արգելվում է վարչական տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցներով կողմնակի անձանց ներս բերելը և դուրս հանելը: 

33.                 Ըստ անհրաժեշտության Աշխատակազմի և անվտանգության ծառայության ղեկավարները կարող են խստացնել Աշխատակազմի ռեժիմը՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան պաշտոնատար անձանց:

34.   Աշխատակազմի աշխատակիցների՝ բացառությամբ սույն ռեժիմի 19-րդ կետի 17-ից 20-րդ ենթակետերով նախատեսված պաշտոնատար անձանց, վարչական տարածք մուտքը և ելքը կարգավորվում է համապատասխան մշտական օգտագործման համար տրամադրված մագնիսական քարտերով կամ անհրաժեշտության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթերով:

35.                 Աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայելու դեպքում Աշխատակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել լուսավորությունը, մյուս էլեկտրասարքերը և բանալիով փակել աշխատասենյակների դռները:

36.         Վարչական տարածք մուտք (ելք) գործող Աշխատակազմի աշխատակիցները և նրանց ձեռքի իրերը, պայուսակները, փաթեթները և այլ պարագաները ստուգվում են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Սույն կետի պահանջները չեն տարածվում սույն ռեժիմի 19-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձանց վրա:

37.         Ազդանշանային համակարգով սարքավորված աշխատասենյակներն աշխատանքային օրվա ավարտից հետո սահմանված կարգով ենթարկվում են մեկուսացման:

38.        Աշխատասենյակների բանալիների կրկնօրինակները գտնվում են անվտանգության ծառայության զորանոցի հերթապահ մասում՝ անվտանգության ծառայության և Աշխատակազմի տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության կողմից փակված և կնքված ծրարների մեջ: Բանալիները տրվում և ընդունվում են հատուկ մատյաններում գրանցվելուց հետո:

39.        Արտակարգ դեպքերում հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն աշխատասենյակները բացվում են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ դեպքի մասին անհապաղ հաղորդելով Աշխատակազմի և անվտանգության ծառայության ղեկավարներին:

40.        Անվտանգության ծառայության աշխատակիցը դեպքի մասին ահազանգում է համապատասխան վթարային ծառայություններին հրշեջ, էլեկտրացանց, ջրմուղկոյուղի և այլն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժօգնության ծառայություններին և ապահովում վարչական տարածք նրանց մուտքը և ելքը:

41.  Երեկոյան ժամը 22.00-ից հետո, Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, իրենց աշխատանքային վայրում գտնվող Աշխատակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են այդ մասին տեղեկացնել անվտանգության ծառայության հերթափոխի պետին՝ նշելով նաև իրենց կողմից հրավիրված քաղաքացիների վարչական տարածքում գտնվելու մասին: 

42.                 Օտարերկրյա պատվիրակությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներին (այսուհետ՝ օտարերկրյա ներկայացուցիչներ) և նրանց ուղեկցող անձանց Աշխատակազմի վարչական տարածք մուտքի իրավունք տրվում է արարողակարգի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ պաշտոնատար անձի նախօրոք ներկայացրած հայտերի հիման վրա:

43.   Անհրաժեշտության դեպքում՝ հայտ ներկայացրած պաշտոնատար անձը,   անվտան­գու­թյան ծառայության տվյալ օրվա հերթափոխի պետին հանձնված հայտում կարող է կատարել փոփոխություններ՝ ստորագրելով դրանց դիմաց:

44.   Աշխատակազմի վարչական տարածք մուտք գործած օտարերկրյա ներկայացուցիչներին և նրանց ուղեկցող անձանց դիմավորում, հանդիպման վայր ուղեկցում և ճանապարհում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա պատասխանատու աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաքին գործերի նախարարության աշխատակիցները:

45.   Աշխատակազմի վարչական տարածք օտարերկրյա ներկայացուցիչների և նրանց ուղեկցող անձանց մուտքը զենքով չի թույլատրվում՝ բացառությամբ անվտանգության ծառայության պետի թույլտվության:

46.   Սույն ռեժիմի 42-րդ կետով նախատեսված դեպքերում օտարերկրյա ներկայացուցիչների ավտոմեքենաները, ներկայացված հայտի (համաձայն ձև 5-ի՝ կցվում է) համաձայն Աշխատակազմի վարչական տարածք մուտք են գործում  կենտրոնական դարպասից և կանգ առնում շենքի գլխավոր  մուտքի մոտ, այնուհետև կայանում գլխավոր մուտքին հարող տարածքում: Այցի ավարտից հետո ավտոմեքենաները դուրս են գալիս վարչական տարածքի կենտրոնական դարպասից:

47.                  Վարչական տարածք օտարերկրյա ներկայացուցիչների ավտոմեքենաները մուտքի և ելքի ժամանակ չեն ստուգվում:

48.   Վարչական տարածք միաժամանակ մեկից ավելի հայտերի հիման վրա մուտք գործող օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորում է առաջին հայտ ներկայացրածը, այնուհետև նրանց ուղեկցում հաջորդ հայտ ներկայացնողի մոտ: Վերջին հայտ ներկայացրած պաշտոնատար անձը, այցի ավարտից հետո, կազմակերպում է օտարերկրյա ներկայացուցիչների ճանապարհումը: