1. Ինչպե՞ս եւ ի՞նչ ընթացակարգով են լուծվում ՀՀ քաղաքացիություն շնորհելու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած դրական եզրակացություններն առաջարկությամբ ուղարկվում են Հանրապետության նախագահին՝ կցելով Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված դեպքերում, համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից ստացված ամփոփ եզրակացությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Նշված դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հանրապետության նախագահի հրամանագրերն ընդունվում են Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

2. Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացը:

Սահմանադրության 135-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: «Ներման մասին» ՀՀ օրենքին համաձայն՝ Հանրապետության նախագահը սահմանադրորեն ամրագրված իր լիազորությունն իրականացնում է միայն ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին վարչապետի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա, որին կցվում է նաեւ ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):

Ներման խնդրագիր ներակայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում վարչապետին: Վարչապետը, դատապարտյալի վերաբերյալ ստացված անձնական գործն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում): Վերոշարադրյալ առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

 

3. Հանրապետության նախագահը ո՞ր դեպքերում եւ ի՞նչ կարգով է պարգեւատրում շքանշաններով եւ մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ Հանրապետության նախագահը շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա՝ եռօրյա ժամկետում:Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին: Այն դեպքում, երբ միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահհի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրեու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ համաձայն՝ բարձրագույն դասային աստիճաններ Հանրապետության նախագահը շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա՝ եռօրյա ժամկետում:

4. Ինչպե՞ս աշխատանքի ընդունվել Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայող համարվող աշխատակիցներն աշխատանքի են ընդունվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Քաղաքացիական ծառայող չհամարվող մյուս աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով:

5. Ինչպե՞ս է սահմանվում Հանրապետության նախագահի վարձատրության չափը:

Հանրապետության նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի հավելված 1-ով սահմանվում են բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը 20 է: Սահմանված գործակիցը բազամապատկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բազային դրույքաչափով: