Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրապետության նախագահի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) ապահովում է Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումը:
2. Աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով, իսկ գործունեության կարգը` օրենքով և սույն կանոնադրությամբ:
3. Աշխատակազմի հիմնադիրը Հանրապետության նախագահն է:
4. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Աշխատակազմի անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,
անգլերեն` Office to the President of the Repսblic of Armenia,
ռուսերեն` Аппарат Президента Республики Армения:
6. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 47:
7. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`
1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, Հանրապետության նախագահի oգնականները, Հանրապետության նախագահի ռեֆերենտները.
2) ստորաբաժանումները` վարչությունները, բաժինները և քարտուղարությունը:

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Աշխատակազմը Հանրապետության նախագահի լիազորությունների իրավական ապահովման ոլորտում՝
1) ապահովում է Հանրապետության նախագաhի` օրենքների ստորագրման և հրապարակման լիազորության իրականացումը.
2) ապահովում է Հանրապետության նախագաhի` Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացումը.
3) ապահովում է Հանրապետության Նախագաhի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան ակտն առարկություններով վերադարձնելու լիազորության իրականացումը.
4) ապահովում է Հանրապետության նախագաhի` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրականացումը.
5) ապահովում է Հանրապետության նախագաhի հրամանագրերի և կարգադրությունների նախապատրաստումը, դրանց ներկայացումը Հանրապետության նախագահի ստորագրմանը:
9. Աշխատակազմն արտաքին քաղաքականության առնչությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների ապահովման ոլորտում՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի փոխգործակցությունը օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի հաղորդակցությունը սփյուռքի կառույցների, սփյուռքահայ քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.
3) կազմակերպում և ապահովում է Հանրապետության նախագահի արտաքին կապերին վերաբերող արարողակարգային միջոցառումները:
10. Աշխատակազմը ներքին քաղաքականության առնչությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների ապահովման ոլորտում՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ նախատեսված պետական պաշտոններում նշանակումներ կատարելու լիազորությունների իրականացումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր, բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու լիազորությունների իրականացումը.
3) ապահովում է Հանրապետության նախագահի համագործակցությունը զանգվածային լրատվության միջոցների հետ.
4) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտագործումը, ինչպես նաև գործավարության իրականացումը.
5) ապահովում է Հանրապետության նախագահի ուղերձների նախապատրաստումը և առաքումը:

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

11. Աշխատակազմը կառավարում է Հանրապետության նախագահը:
12. Աշխատակազմը հաշվետու է Հանրապետության նախագահին:
13. Հանրապետության նախագահը`
1) աշխատակազմի գործառույթների շրջանակներում սահմանում է աշխատակազմի գործունեության կոնկրետ ուղղությունները՝ հաստատելով և փոփոխելով աշխատակազմի կանոնադրությունը, ներառյալ՝ աշխատակազմի կառուցվածքը.
2) օրենքով սահմանված կարգով սահմանում է աշխատակազմի աշխատակիցների քանակը.
3) օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, Հանրապետության նախագահի խորհրդականներին, Հանրապետության նախագահի oգնականներին, Հանրապետության նախագահի ռեֆերենտներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց, ներքին աուդիտորներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և հանձնարարականները.
6) իրականացնում է աշխատակազմի կառավարմանն ուղղված այլ գործառույթներ:
14. Հանրապետության նախագահին անմիջականորեն հաշվետու են` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հանրապետության նախագահի խորհրդականները, Հանրապետության նախագահի oգնականները, Հանրապետության նախագահի ռեֆերենտները:
15. Աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը:
16. Աշխատակազմի ղեկավարը`
1) աշխատում է Հանրապետության նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ, վարում է Հանրապետության նախագահի անձնական արխիվը.
2) Հանրապետության նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.
3) կազմակերպում է Հանրապետության նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանրապետության նախագահի հաստատմանը.
4) Հանրապետության նախագահի ստորագրմանը կամ հաստատմանն է ներկայացնում oրենքները, Հանրապետության նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.
5) Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը.
6) համաձայնեցնելով Հանրապետության նախագահի հետ` հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը.
7) օրենքով սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի կողմից չնշանակվող քաղաքացիական ծառայողներին, իր օգնականին, ինչպես նաև քաղաքացիական աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
8) տնoրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
9) Հանրապետության նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
10) արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, վերահսկում է դրանց կատարումը.
11) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
12) կազմակերպում է Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, ինչպես նաև Հանրապետության նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
13) հաստատում է աշխատակազմի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները.
14) Հանրապետության նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.
15) համաձայնեցնելով Հանրապետության նախագահի հետ` հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.
16) իրականացնում է աշխատակազմի ղեկավարմանն ուղղված այլ գործառույթներ.
17) կատարում է Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ:
17. Աշխատակազմի ղեկավարին անմիջականորեն հաշվետու են աշխատակազմի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարի օգնականը:
18. Աշխատակազմի ղեկավարի տեղակալների հիմնական խնդիրն է համակարգել Հանրապետության նախագահի արարողակարգի, այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների, ինչպես նաև զինվորական հաշվառման, զորահավաքային նախապատրաստության և նախագահական նախաձեռնությունների ուղղություններով աշխատակազմում իրականացվող աշխատանքները:
19. Աշխատակազմի ղեկավարի տեղեկալների գործառույթները սահմանում է աշխատակազմի ղեկավարը:
20. Աշխատակազմի ղեկավարի տեղակալները աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով փոխարինում են նրան վերջինիս բացակայության ժամանակ:

4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ

21. Իրավական հարցերով Հանրապետության նախագահի խորհրդականը`
1) կազմում և Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում իր աշխատանքային ծրագիրը.
2) Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ապահովում է իրավական ապահովման ոլորտում Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցելուն ուղղված` աշխատակազմի իրավաբանական վարչության որոշակի աշխատանքների համակարգումը` հայցելով և ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն.
3) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Հանրապետության նախագահին առաջարկություն է ներկայացնում Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հանրապետության նախագահի առաջարկությամբ ընտրվող Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ.
4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Հանրապետության նախագահին առաջարկություն է ներկայացնում Սահմանադրության 138-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների թեկնածուների վերաբերյալ.
5) պարբերաբար Հանրապետության նախագահին ներկայացնում է զեկույցներ, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ` Հանրապետության նախագահի լիազորությունների իրավական ապահովման ոլորտում իրավիճակի վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնում է առաջարկություններ` առկա հիմնահարցերի վերաբերյալ.
6) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը` ըստ անհրաժեշտության ներկայացնելով Հանրապետության նախագահի տեսակետը քննարկվող հարցերի վերաբերյալ.
7) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների իրավական ապահովման ոլորտում Հանրապետության նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
22. Արտաքին հարցերով Հանրապետության նախագահի խորհրդականը.
1) կազմում և Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում իր աշխատանքային ծրագիրը.
2) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ համակարգում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության իրականացմանն ուղղված աշխատանքները.
3) Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ապահովում է արտաքին քաղաքականության առնչությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցելուն ուղղված` աշխատակազմի արտաքին կապերի վարչության որոշակի աշխատանքների համակարգումը` հայցելով և ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն.
4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ համակարգում է Հանրապետության նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, սփյուռքի կառույցների, սփյուռքահայ քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հանրապետության նախագահի փոխգործակցության կազմակերպման աշխատանքները, Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ուղեկցում է նրան արտասահմանյան այցերի ժամանակ, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում.
5) պարբերաբար Հանրապետության նախագահին ներկայացնում է զեկույցներ, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ` արտաքին քաղաքականության առնչությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովելու ոլորտում իրավիճակի վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնում է առաջարկություններ` առկա հիմնահարցերի վերաբերյալ.
6) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը` ըստ անհրաժեշտության ներկայացնելով Հանրապետության նախագահի տեսակետը քննարկվող հարցերի վերաբերյալ.
7) առաջարկություններ է ներկայացնում արտաքին քաղաքականության առնչությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովելու ոլորտում Հանրապետության նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
23. Մշակութային և կրթական նախաձեռնությունների հարցերով Հանրապետության նախագահի խորհրդականը`
1) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ապահովում է մշակութային և կրթական նախաձեռնությունների հարցերով Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցելուն ուղղված` աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական ծրագրերի բաժնի որոշակի աշխատանքների համակարգումը` հայցելով և ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն.
2) ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունները և նախապատրաստում վերլուծական նյութեր, առաջարկություններ և ներկայացնում Հանրապետության նախագահին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին մշակույթի, կրթության և գիտության բնագավառների գործիչների հետ փոխգործակցության, այդ թվում՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:
24. Նախագահական նախաձեռնությունների հարցերով Հանրապետության նախագահի խորհրդականը`
1) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ապահովում է նախագահական նախաձեռնությունների հարցերով Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցելուն ուղղված` աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների և սփյուռքի հետ կապերի բաժինների որոշակի աշխատանքների համակարգումը` հայցելով և ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն.
2) ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում իրականացվող համահայկական նշանակություն ունեցող նախաձեռնությունները և նախապատրաստում վերլուծական նյութեր, առաջարկություններ և ներկայացնում Հանրապետության նախագահին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին համահայկական նշանակություն ունեցող նախաձեռնություններին առնչվող բնագավառներում անհատների և կազմակերպությունների հետ փոխգործակցության, այդ թվում՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:
25. Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Հանրապետության նախագահին՝ հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ:
26. Հանրապետության նախագահի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով oգնականը`
1) ներկայացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) Հանրապետության նախագահին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում է Հանրապետության նախագահի մյուս oգնականների, ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
3) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
4) ապահովում է աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի բնագավառում աշխատանքների ներդաշնակեցումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների թեկնածությունները.
5) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իր գործառույթներին առնչվող հարցերի քննարկմանը.
6) աշխատում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
7) կատարում է Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ:
27. Հանրապետության նախագահի՝ նախագահական նախաձեռնությունների հարցերով oգնականները`
1) Հանրապետության նախագահի առանձին հանձնարարությունների հիման վրա կազմակերպական և տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում Հանրապետության նախագահին, այդ թվում՝ նախապատրաստում և ներկայացնում են նախագահական նախաձեռնություններին վերաբերող նյութեր, ամփոփ տեղեկություններ.
2) ապահովում են նախագահական նախաձեռնությունների գծով առանձին աշխատանքների ներդաշնակեցումն աշխատակազմում, ներկայացնում են աշխատակազմի՝ նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների թեկնածությունները.
3) աշխատում են Հանրապետության նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրենց գործառույթներին առնչվող հարցերի քննարկմանը.
5) կատարում են Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ:
28. Հանրապետության նախագահի՝ նախագահական նախաձեռնությունների հարցերով oգնականների միջև պարտականությունների բաշխումն իրականացվում է Հանրապետության նախագահի հանձնարարությամբ:
29. Հանրապետության նախագահի՝ քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոչ պետական կառույցների հետ կապերի հարցերով oգնականը`
1) կազմակերպում և իրականացնում է քաղաքացիների, քաղաքացիական հասարակության և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների ընդունելություն և Հանրապետության նախագահի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Հանրապետության նախագահին քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների ընդունելության արդյունքների վերաբերյալ.
2) կազմակերպում է Հանրապետության նախագահի հանդիպումները քաղաքացիների, քաղաքացիական հասարակության և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ.
3) աշխատում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իր գործառույթներին առնչվող հարցերի քննարկմանը.
5) կատարում է Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ։
30. Հանրապետության նախագահի ռեֆերենտները`
1) Հանրապետության նախագահի օգնականների նախաձեռնությամբ նախապատրաստում են Հանրապետության նախագահի ելույթների, ուղերձների և նամակների նախագծերը, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախագծեր.
2) իրականացնում են տեղեկատվական և վերլուծական առանձին աշխատանքներ.
3) կատարում են Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ:
31. Հանրապետության նախագահի ռեֆերենտների միջև պարտականությունների բաշխումն իրականացվում է Հանրապետության նախագահի հանձնարարությամբ:

5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

32. Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժինը`
1) իրավական փորձաքննություն է իրականացնում Հանրապետության նախագահի կողմից կնքվող, հաստատվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազգային պայմանագրերի վերաբերյալ, նախապատրաստում է դրանք Հանրապետության նախագահի հաստատման համար.
2) իրավական փորձաքննություն է իրականացնում Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ.
3) նախապատրաստում է Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը, բացառությամբ սույն կանոնադրության 40-41-րդ կետերով նախատեսված դեպքերի, և դրանք համաձայնեցնում Հանրապետության նախագահի իրավասու խորհրդականի հետ.
4) ապահովում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորության իրականացումը.
5) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրականացումը.
6) ուսումնասիրում և վերջնականորեն նշագրում է աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված իրավական փաստաթղթերը.
7) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Հանրապետության նախագահի կամ աշխատակազմի շահերի ներկայացումը վարչական մարմիններում և դատարաններում:
33. Իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժինը`
1) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու լիազորությունների իրականացումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի՝ դատապարտյալներին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու լիազորության իրականացումը, դատապարտյալներին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Հանրապետության նախագահին ներկայացնելու համար:
34. Նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժինը`
1) ուսումնասիրում է սփյուռքում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունները, կատարում է համեմատական վերլուծություններ այլ պետություններում իրականացվող համանման նախաձեռնությունների հետ և նախապատրաստում է վերլուծական նյութեր, ամփոփագրեր և ներկայացնում Հանրապետության նախագահին.
2) Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է առաջարկություններ սփյուռքում գործող մշակութային և կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
3) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` սույն կետում նշված նախաձեռնություններն իրականացնելու, այդ թվում՝ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացնելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելու հարցում.
4) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին մշակույթի և գիտության բնագավառների՝ հայ և օտարերկրացի գործիչների հետ փոխգործակցության վերաբերյալ:
35. Նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժինը`
1) կազմակերպական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում.
2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին՝ համահայկական կառույցների կողմից հիմնված հատուկ մրցանակների հանձնման հարցում.
3) ուսումնասիրում և վերհանում է այն բարեգործական, ներդրումային և նման այլ նախաձեռնությունները, որոնք ունեն համահայկական նշանակություն և Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է համապատասխան նյութեր.
4) նախապատրաստում է Հանրապետության նախագահի առաջարկությունները Կառավարությանը` Հայաստանի Հանրապետությունում մասնավոր անձանց մասնակցությամբ հատուկ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:
36. Նախագահական նախաձեռնությունների վարչության սփյուռքի հետ կապերի բաժինը`
1) ապահովում է Հանրապետության նախագահի հաղորդակցությունը սփյուռքի կառույցների, ինչպես նաև սփյուռքահայ քաղաքական և հասարակական, այդ թվում՝ համայնքային գործիչների հետ.
2) ապահովում է Հանրապետության նախագահի՝ սփյուռքահայ համայնքներ ունեցող պետություններ այցերի և հանդիպումների բովանդակային մասի նախապատրաստումը:
37. Արտաքին կապերի վարչությունը`
1) ապահովում է Հանրապետության նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և Հանրապետության նախագահի մասնակցությամբ արտաքին քաղաքականության բնագավառում այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի հաղորդակցությունը օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարների, միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների հետ.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի` արտաքին հարաբերություններին վերաբերող ելույթների, նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստմանը.
4) տալիս է ամփոփ տեղեկատվություն Հանրապետության նախագահի կողմից կնքվող, ինչպես նաև նրա կողմից հաստատվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազգային պայմանագրերի և միջազգային ոլորտին առնչվող իրավական ակտերի և դրանց նախագծերի վերաբերյալ:
38. Արարողակարգի վարչությունն ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ արարողակարգային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը:
39. Հասարակայնության հետ կապերի վարչությունը՝
1) կազմակերպում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
2) լուսաբանում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեությունը և դրանց վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
4) համացանցում կազմակերպում և վարում է Հանրապետության նախագահի կայքէջը.
5) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենoրյա տեսություն, ինչպես նաև համացանցի միջոցով ուսումնասիրում oտարերկրյա լրատվամիջոցների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենoրյա տեսություններ և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին և Հանրապետության նախագահի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով oգնականին:
40. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժինը՝
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.
2) անցկացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթները.
3) ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
4) նախապատրաստում է Հանրապետության նախագահի կողմից նշանակվող և ազատվող պաշտոնատար անձանց նշանակման և ազատման վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը.
5) նախապատրաստում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը ընդունելու վերաբերյալ Հանրապետության նախագահի իրավական ակտերի նախագծերը.
6) նախապատրաստում է աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և ներկայացնում դրանք աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը.
7) ապահովում է Հանրապետության նախագահի՝ կադրային հարցերով իրավական ակտերի, աշխատակազմի ղեկավարի հրամանների հաշվառումը, անհրա-ժեշտ տեղեկանքների նախապատրաստումը, անձնական գործերի, աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձանց աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը, անաշխատունակության թերթիկների, անձնական գործերի վարումը, հաշվառումը և պահպանումը, գործուղումների և արձակուրդների ձևակերպումը, ծառայողական վկայականների և տարեկան անցագրերի պատրաստումը և հաշվառումը, համակարգչային ծրագրով` շենք մուտքի և ելքի դիտարկումը և տվյալների ամփոփումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը:
41. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պարգևների և կոչումների բաժինը՝
1) Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Հանրապետության նախագահին ներկայացնելու համար, ինչպես նաև նախապատրաստում է Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը.
2) բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Հանրապետության նախագահին ներկայացնելու համար, ինչպես նաև նախապատրաստում է Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը:
42. Տեղեկատվության կառավարման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը՝
1) ապահովում է աշխատակազմի համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.
2) կարգավորում է համացանցի ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի համակարգչային ցանցում, իրականացնում դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, համակարգում համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքները.
3) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.
4) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում սարքավորումների, ծրագրային միջոցների և տեղեկատվական համակարգերի ներդրման, արդիականացման և նորոգման անհրաժեշտության հիմնավորումը.
5) իրականացնում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական կազմակերպությունների հետ և կատարում աշխատակազմի ղեկավարի համապատասխան հանձնարարականները.
6) անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան մարքեթինգային վերլուծություն, կազմակերպում դրանց ձեռքբերումը.
7) համակարգում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի թվայնացման և բազմացման աշխատանքները.
8) տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:
43. Տեղեկատվության կառավարման վարչության ընդհանուր բաժինը՝
1) իրականացնում է աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) իրականացնում է աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
3) վերահսկողություն է իրականացնում տեղեկատվության կառավարման վարչության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.
4) կազմակերպում և վարում է արխիվային և գրադարանային գործը.
5) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն աշխատակազմում.
6) հսկում է գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը:
44. Տեղեկատվության կառավարման վարչության արձանագրային բաժինը՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը, իրականացնում է հիշյալ փաստաթղթերի նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, oրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնoրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և հանձնումն արխիվ.
2) ապահովում է Ազգային ժողովից ստացված oրենքների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունը:
45. Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական բաժինը՝
1) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական oգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.
2) պատասխանատու է գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
3) աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
4) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում է դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
5) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:
46. Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության մատակարարման բաժինն ապահովում է Հանրապետության նախագահի այցերի, Հանրապետության նախագահի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը:
47. Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության շահագործման բաժինը՝
1) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը.
2) աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով:
48. Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության ավտոտրանսպորտային բաժինն ապահովում է աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը:
49. Ներքին աուդիտի բաժինն ապահովում է աշխատակազմում աուդիտորական գործառույթների իրականացումը:
50. Աշխատակազմի ղեկավարի քարտուղարությունը ներառում է`
1) աշխատակազմի ղեկավարի օգնականին.
2) աշխատակազմում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց՝ գրասենյակի օգնականներին և գործավարներին:

 

 Հաստատված է Հանրապետության նախագահի ապրիլի 18-ի հրամանագրով

 

 

 

 

 

 

 

 


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: