16
06, 2020

Եղեք վստահ ու համարձակ, հիշեք, որ դուք հայ եք․ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի սաների ու ուսուցիչների հետ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Արդեն 36 տարի գործող վարժարանն ունի շուրջ 170 աշակերտ: Տարրական վարժարանում, որը ներառում է նախակրթարանից մինչև հինգերորդ դասարանը, հայոց լեզուն և պատմությունը դասավանդվում են արևմտահայերենով, դասագրքերը ևս արևմտահայերեն են։

«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը Հանրապետության նախագահի տիկինը նախ զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մանկագիր Նունե Սարգսյանի անցած գրական ուղուն, սիրելի գրքերին, նախասիրություններին։ Տիկին Սարգսյանն աշակերտներին ներկայացրել է իր գրքերը՝ նշելով, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց երեխաներն են և խոստացել իր գրքերից ուղարկել դպրոցին։

Խոսելով մայրենի լեզվի, հատկապես, արևմտահայրենի պահպանման կարևորության մասին, տիկին Սարգսյանն առաջարկել է վարժարանի սաներին գրել փոքրիկ պատմություն Հայաստանի մասին, որոնք կհրապարակվեն ինչպես «Հայկաշխարհ» մանկական արևմտահայերեն կայքում, այնպես էլ Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում։ Նա նաև գնահատելի ու ողջունելի է համարել այն փաստը, որ վարժարանի սաները արևմտահայերենից բացի, գիտեն նաև արևելահայերեն։

«Միշտ հիշեք, որ դուք հայ եք և բոլորդ հատուկ եք մեզ համար։ Եղեք վստահ ու համարձակ․ հայերն աշխարհում շատ կարևոր ազգ են, որովհետև մենք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, և ի տարբերություն այլ հին ազգերի, որոնք այլևս չկան, մենք հասել ենք մինչև 21-րդ դար։ Հետևեք ձեր առողջությանը, սիրեք ինքներդ ձեզ, դուք լավն եք, չկասկածեք։ Ամեն երեխա տաղանդ ունի, դուք երբեմն նստեք առանց հեռուստացույցի և համակարգչի և մտածեք, թե ինչի մեջ եք ամենաուժեղը։ Շարունակեք սովորել ամեն ինչ, բայց գտեք, թե որտեղ է ձեր ամենատաղանդավոր կետը և ամենից շատ աշխատեք այդ ուղղությամբ։ Ընտանիքի անդամները ձեր գանձերն են․ միշտ գնահատեք նրանց գոյությունը»,- դիմելով աշակերտներին՝ նշել է Հանրապետության նախագահի տիկինը։

Վարժարանի ուսուցիչների հետ զրույցում անդրադարձ է կատարվել արևմտահայերենի պահպանմանը, հեռավար ուսուցման դժվարություններին, արտակարգ դրության պայմաններում երեխաների միտքն ակտիվ պահելուն։ Ուսուցիչները տեղեկացրել են նաև, որ համավարակի պատճառով հետաձգվել է հայրենաճանաչության նպատակով դպրոցի սաների ամենամյա երկշաբաթյա այցը Հայաստան, որը նախատեսում են իրականացնել հաջորդ տարի:

Տիկին Սարգսյանը ուսուցիչներին հորդորել է ամուր լինել և շարունակել իրենց աշխատանքն ու առաքելությունը՝ վստահություն հայտնելով, որ այս դժվար փուլի ավարտից հետո հայրենիքի հետ կապերն ավելի կսերտանան։

 

← Վերադառնալ