10
10, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի ու առկա խնդիրների, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի շուրջ: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի Հանրապետության և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքն ու հեռանկարը, ՀՀ նոր կառավարությունից ակնկալիքները:

Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը երեկոյան Նախագահը կմասնակցի «Հայաստան» ներդրումային համաժողովին:

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին: Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր և հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառմանը

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Հանրապետության Նախագահը քննարկումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգի, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի, «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ ԱԶԲ-ին ՀՀ անդամակցության անցած տասը տարիների ընթացքում ձևավորվել է արդյունավետ համագործակցություն: Սերժ Սարգսյանը կարևորել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերը, այդ թվում` ենթակառուցվածքների զարգացման, տարբեր ոլորտներում ցուցաբերվող տեխնիկական աջակցության, մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերը, որոնք միտված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս փուլում մեծապես կարևորելով ներդրումների ներգրավումը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ նյույորքյան համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը ԱԶԲ-ի «Հայաստանի գործընկերության ռազմավարության» շրջանակներում բանկի օժանդակության վերաբերյալ: Բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը հայտարարել է, որ ԱԶԲ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ի լրումն իրականացվող ծրագրերի նախատեսելով օժանդակություն նաև սոցիալական ենթակառուցվածքների, տնտեսական միջանցքների զարգացման, բարեփոխումների, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը, նրա համոզմամբ, կնպաստի ներդրումների ներգրավմանը երկրի տնտեսության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիան»-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին: «Լիդիան Արմենիան»-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաև համայնքների և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, և որ Հայաստանը արտաքին ներդրումների համար բաց երկիր է:

Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկվել են Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության այդ ժամանակահատվածի արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել ձևավորված համագործակցության մակարդակը, որը, նրանց համոզմամբ, ընկերությանը հնարավորություն է տվել գործունեության կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ արձանագրել:

← Վերադառնալ