09
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար՝ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք քիչ առաջ բանակցություններ անցկացրեցինք Մոլդովայի նախագահ Իգոր Նիկոլայի Դոդոնի հետ:

Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունն ու երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը:

Հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել ենք, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը: Անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ:

Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին:

Հուսով ենք, որ Միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ տնտեսական օրակարգի հարցերի ողջ համալիրը, կաջակցի դրա դիվերսիֆիկացմանը, նոր հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Ընդ որում, մենք պայմանավորվել ենք ոչ ավելի ուշ, քան հաջորդ տարի՝ գարնանը, անցկացնել Միջկառավարական հանձնաժողովի նիստ:

Անհրաժեշտ ուշադրություն է հատկացվել նաև համագործակցությանը մշակութային-հումանիտար ոլորտում:

Իհարկե, բանակցությունների ընթացքում ուշադրություն է հատկացվել նաև արտաքին քաղաքական թեմային: Համոզված եմ, որ փոխգործակցություն զարգացնելով մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության կապերի և փոխադարձ հարգանքի հունով, մենք կարող ենք հասնել ավելի արդյունավետ համագործակցության տարբեր բազմակողմ ձևաչափերում: Եվ մենք ողջունում ու աջակցում ենք Մոլդովայի Հանրապետության ձգտումը՝ ավելի սերտ համագործակցելու ինտեգրացիոն միավորումների հետ:
Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը:

Եվ մինչ Իգոր Դոդոնին խոսքը փոխանցելը, կցանկանայի հատկապես ընդգծել հետևյալը:

Մենք իրապես շահագրգռված ենք, որ մեր քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ստանան նոր հնարավորություններ համատեղ գործարար, գիտական և մշակութային ծրագրերի կյանքի կոչման համար: Եվ հուսով ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեր երկրների միջև կապերն ավելի ակտիվ կզարգանան: Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան: Դրա համար առկա են բոլոր պայմանները, իսկ ամենակարևորը՝ բարեկամությունը, վստահությունը, համագործակցությունը և, իհարկե, ստեղծարար գործընկերությունը ամրապնդելու մեր երկրների ժողովուրդների ցանկությունը:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին այսօրվա հանդիպման կառուցողական, գործնական և վստահելի մթնոլորտի համար:

Հաճույքով խոսքը փոխանցում եմ Իգոր Դոդոնին: Խնդրեմ, պարո՛ն նախագահ:  

 

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հայտարարությունը ԶԼՄ-ների համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

 

Շատ շնորհակալություն, հարգելի՛ պարոն Նախագահ,

Մամուլի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Մոլդովական և հայկական պատվիրակությունների ներկայացուցիչներ

Շատ ուրախ եմ, որ հենց ինձ է պատիվ վիճակվել լինելու Մոլդովայի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն:

Այո՛, այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, բայց այնպես է ստացվել, և մենք քննարկել ենք որոշ նրբություններ, մանրամասներ, որ Մոլդովայի նախագահները մինչ այժմ չէին եկել Երևան ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այցերով:

Կարծում եմ՝ իմ այցը Հայաստան մեր երկկողմ հարաբերությունների նոր էջ է բացում: Այո՛, այս ժամանակահատվածում մեզ հաջողվել է երկկողմ օրակարգի շատ հարցերի ուղղությամբ առաջ շարժվել: Մենք ստորագրել ենք 15 համաձայնագիր՝ միջկառավարական, միջպետական, ունենք մի քանի համաձայնագրեր, ավելի ճիշտ՝ յոթ, որոնք պատրաստ են ստորագրման: Մենք տարբեր հարցերի շուրջ փոխգործակցության փորձ ունենք՝ և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական, բայց հուսով եմ, ավելի ստույգ՝ վստահ եմ, որ այս այցից հետո մենք կհասնենք մեր երկկողմ հարաբերությունների բոլորովին այլ մակարդակի:

Եթե խոսենք առևտրային հարաբերությունների մասին, իմ գործընկերը խոսեց թվերի մասին, չեմ ցանկանում կրկնվել, սակայն հարկ է նշել և ընդունել, որ մեր առևտրի մակարդակը չի համապատասխանում այն ներուժին, որն առկա է մեր երկրների միջև: Մասնավորապես, խնդիր է, որ մենք չենք անցկացրել մեր երկրների միջև միջկառավարական հանձնաժողովի նիստեր: Մենք պայմանավորվել ենք, որ հաջորդ տարի երկու կողմերից ջանքեր կգործադրենք, որպեսզի ապահովենք միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ զուգահեռ Մոլդովայի և Հայաստանի գործարարների համաժողովին անցկացում, և ես վստահ եմ, որ գործարարներն ընդհանուր նախագծեր կգտնեն, որպեսզի նոր խթան հաղորդեն առևտրային հարաբերություններին:

Իմ պատվիրակությունում է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը: Ցանկանում եմ ընդգծել, որ Մոլդովայում այդ խմբի մեջ են ընդգրկված մոլդովական խորհրդարանի քսանից ավելի պատգամավոր: Մեզ մոտ այսօր հանդիպում է լինելու խորհրդարանի ղեկավարության հետ, և ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս հաջորդ տարի մեզ մոտ կկայանա մեր խորհրդարանների միջև բարեկամության խմբի առաջին նիստը:

Մենք քննարկել ենք նաև մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Դրանք եվրոպական և տարածաշրջանային հարթակներն են, բայց ես ուզում եմ հատուկ նշել մեր համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Իմ համոզվածությունն է, որ մեր երկրները՝ ոչ մեծ երկրները, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ: Այս իմաստով Հայաստանը Մոլդովայի համար օրինակ է: Մեզ համար շատ հետաքրքիր Հայաստանի ՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամի փորձը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Սարգսյանին այն աջակցության համար, որ մենք զգում էինք և տեսնում ենք այդ նոր ինտեգրացիոն նախագծերում ավելի սերտ համագործակցության մեր ձգտման մեջ: Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում են համագործակցել հենց Եվրասիական տնտեսական միության հետ: Եվ այս տարի մենք առաջին քայլերն ենք արել. ապրիլի սկզբին՝ ապրիլի 4-ին ես ստորագրել եմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, և մենք հայտ ենք ներկայացրել, որպեսզի ստանանք դիտորդի կարգավիճակ: Հայաստանը մեզ աջակցել է ԵԱՏՄ երկրների նախագահների երկու նիստերին՝ և՛ Բիշկեկում, և՛ Սոչիում: Ես մեծ հույս ունեմ, և մենք այդ մասին խոսել ենք, որ մենք այսուհետ ևս կստանանք այդ աջակցությունը: Մեզ համար նաև հետաքրքիր կլինի վերլուծել այն ճանապարհային քարտեզը, որն իրականացրել է Հայաստանը ԵԱՏՄ անդամ դառնալու համար, և մենք պայմանավորվել ենք, որ այս առումով էլ փորձով կփոխանակվենք: Հայաստանի օրինակը, որը և՛ ԵԱՏՄ-ում է, և՛ մոտ ապագայում Եվրոպական միության հետ համաձայնագիր կստորագրի, մեզ համար ևս շատ հետաքրքիր է: Մենք այլ ճանապարհով ենք գնացել: Մենք նախ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ենք ստորագրել և միայն այժմ սկսում ենք կամուրջներ կառուցել ԵԱՏՄ-ի հետ: Դա հետևանքներ է ունեցել Մոլդովայի համար, սակայն մեզ շատ հետաքրքիր է Հայաստանի փորձը, որը պատրաստվում է և որոշում է ընդունել լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրոպական միության հետ:

Իհարկե, մենք մանրամասն քննարկել ենք նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ օրակարգին և այն խնդիրներին, որոնց առերեսվում են մեր երկրները: Մենք ունենք ընդհանուր արդյունքներ, մենք ունենք ընդհանուր խնդիրներ, մենք ունենք այն, ինչ մեզ կապում է՝ որոշ ներքին հարցերի լուծումը: Մենք ունենք Մերձդնեստրի խնդիրը: Մենք մեծ հույս ունենք, որ բոլոր խնդիրները, որոնց դուք առերեսվում եք, կլուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային պայմանավորվածությունների համաձայն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Նախագահին այս հրավերի համար: Ես մեծ հույս ունեմ և համոզված եմ, որ Երևան իմ պաշտոնական այցից հետո և՛ բիզնեսի մակարդակում, և՛ սովորական մարդկանց մակարդակում, ի դեպ, մենք ունենք շատ ակտիվ, ոչ մեծ, բայց ակտիվ հայկական համայնք Քիշնևում (պատվիրակության կազմում է հայ համայնքի ղեկավարը), և՛ մշակութային, և՛ հումանիտար առումներով, մեծ հույս ունեմ և համոզված եմ, որ մեզ մոտ առաջ շարժվելու շատ լուրջ խթան կլինի:

Բացի այդ, ես առաջարկություն եմ ներկայացրել և պաշտոնապես հրավիրել պարոն Նախագահին, երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ հաջորդ տարի պաշտոնական այց կատարելու Մոլդովայի Հանրապետություն, և հուսով եմ, որ նման այց կկայանա:

Շատ շնորհակալություն:

← Վերադառնալ