21
12, 2016

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ և իմ շատ լավ գործընկեր դոկտոր Հասան Ռոհանիին։

Անհնարին է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը՝ դրանք սոսկ բարեկամական բնութագրելով: Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ:

Հայաստանը, համոզված եմ՝ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնը ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն է անկախությունից ի վեր Իրանի հետ մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը և, անշուշտ, իմ հարգարժան գործընկերոջ՝ Նորին Գերազանցություն պարոն Հասան Ռոհանիի ներկա այցը մեր երկիր: Անտարակույս, այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն։

Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր: Հարգարժան պարոն Նախագահի հետ անդրադարձանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։

Խորին երախտագիտություն հայտնեցի իմ գործընկերոջը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Իրանի ընդգծված հարգանքի և հոգածության, ինչպես նաև Իրանի հայ համայնքի հանդեպ ավանդական հոգատար վերաբերմունքի համար։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը:

Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:

Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ և կարևորեցինք համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Այս առումով, անշուշտ, շատ ուրախ եմ, որ այսօր՝ այցին զուգահեռ, ծավալուն գործարար համաժողով է կայանում Երևանում։

Մեր հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին: Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովուրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար:

Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը:

Իմ հարգարժան գործընկերոջը ինչպես միշտ, այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք շարունակել ամենաբարձր մակարդակով շփումների այս բարի ավանդույթը:

Ես շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահին՝ հաջորդ տարի Իրան այցելելու հրավերի համար և ասացի, որ ես անպայման հաճույքով կգամ, որովհետև մեր հարաբերություններն ուղղակի պարտավորեցնում են: Շատ շնորհակալ եմ:

 

***

Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո


Հանուն ողորմած և գթառատ Աստծո,

Ուրախ եմ իմ գլխավորած պատվիրակության հետ հյուրընկալվելու հարևան և բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից: Շնորհակալ եմ ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարության հարգարժան անդամներին ջերմ ընդունելության համար:

Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ:
Հայաստանի և Իրանի ժողովուրդները դարեր և հազարամյակներ ապրել և գոյակցել են միմյանց կողքի և մաս են կազմել նույն քաղաքակրթական միջավայրին:

Դեռևս իմ երդմնակալության արարողության ժամանակ առիթ ունեցանք Թեհրանում հյուրընկալելու ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, և այս տարիների ընթացքում հարմար առիթ էինք փնտրում՝ պատասխան այց կատարելու Հայաստան: Ուրախ եմ, որ այսօր դա տեղի ունեցավ:

Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն մեծ ներուժ, սակայն դրա միայն մի մասն է մինչ այժմ օգտագործվել, իսկ մնացած մասը պետք է իրացնենք առաջիկա ամիսներին և տարիներին:
Մենք լավ հարաբերություններ ունենք էներգետիկայի բնագավառում և բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք էլ ավելի զարգացնել այդ հարաբերությունները, մասնավորապես՝ գազի արտահանման ծավալների մեծացման, Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման, էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղություններով: Մենք պետք է շարունակենք և ավարտին հասցնենք Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը:

Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին: Հնարավոր է ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու միջոցով միմյանց կապել Սև ծովը և Պարսից ծոցը, ինչը մեր տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների միջև առևտրատնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ կստեղծի:

Մենք քննարկեցինք նաև բնապահպանության ոլորտին վերաբերող հարցեր: Կարևորեցինք Արաքս գետի աղտոտման հարցի կարգավորումը, քանի որ այդ գետը մեր տարածաշրջանի հարստությունն է: Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այդ հարցը լուծում կգտնի:

Պայմանավորվեցինք ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների և ներդրողների համար: Այս կապակցությամբ նշվեց նաև ՀՀ-ԻԻՀ սահմանային գոտում գտնվող «Արաս» տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը, իսկ այդտեղ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել Հայաստան և Իրան, ինչպես նաև այլ երկրներ:

Մենք ունենք արդյունավետ փոխգործակցություն նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց հատկապես բանկային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: Այսօր Իրանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները լայն հնարավորություններ կստեղծեն մեր երկրների բանկային համակարգերի միջև կապերի զարգացման համար, ինչը կդյուրացնի առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործումը:

Քննարկեցինք նաև Իրանի և ԵԱՏՄ միջև արտոնյալ առևտրի ռեժիմի հաստատմանը վերաբերող հարցեր, ինչը ճանապարհ կբացի հետագայում ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:

Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Հայաստանը և Ադրբեջանը մեզ համար հարևան և բարեկամ երկրներ են և մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական և բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և պետք է բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի համաձայն, հասնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկեցինք ահաբեկչության թեման, քանի որ այն վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Բարեբախտաբար, մեր երկու երկրներում էլ անվտանգությունը գտնվում է բավարար և լիարժեք մակարդակի վրա, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցությամբ ջանքեր գործադրենք ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հաղթահարել այդ խնդիրը: Մենք անդրադարձանք նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, քանի որ այդ երկրները բախվում են ահաբեկչության խնդրին, և մենք պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք այդ երկրներին ահաբեկիչների դեմ պայքարի հարցում: Մենք համակարծիք էինք նաև այդ տարածաշրջանում, հատկապես Հալեպում ստեղծված հումանիտար խնդիրների կապակցությամբ:

Հայաստանը և Իրանը ունեն միջազգային կազմակերպություններում համագործակցության լավ ավանդույթներ և մենք համակարծիք ենք, որ այդ ավանդույթները ևս պետք է շարունակվեն:

Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեզ կհաջողվի առևտրատնտեսական, գիտական, մշակութային, միջազգային և տարածաշրջանային ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հիմք ապահովել:

Կրկին անգամ շնորհակալ եմ հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:
 

← Վերադառնալ