Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

15.03.2017

Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո

 

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Վլադիմիր Վլադիմիրին մանրամասն ներկայացրեց մեր հանդիպման արդյունքները: Իմ կողմից ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցերին.

Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական և բավականին հագեցած բանակցություններ: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն: Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է՝ վերլուծելու և քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, նախանշելու մեր պետությունների փոխգործակցության նոր ուղղությունները:

Այս տարին մեր հարաբերությունների համար հոբելյանական է. մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այսօր մենք անցկացրինք մեր պետությունների անցած քառորդդարյա ճանապարհի բավականին հանգամանալից դիտարկում:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, ավելի խոր բովանդակություն: Մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ արձանագրեցինք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից: Երկկողմ հարցերի ընդհանուր համալիրի քննարկման արդյունքներով մեր կողմից հաստատվեց պատրաստակամություն` առաջիկայում ևս ջանքեր ներդնել և խորացնել համագործակցությունն անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան:

Այս համատեքստում կուզեի ընդգծել մեր պետությունների զինված ուժերի միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Անկասկած, այս փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Մենք անդրադարձել ենք առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին: Հատուկ ուշադրություն ենք դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների և քաղաքացիների:

Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների համախառն հոսքերը գերազանցում են 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000:

Ատոմային էներգետիկան, գիտությունը և նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը:

Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան և Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում:

Մեր փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու և աջակցելու մեր երկրների շրջաններին՝ ուղիղ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ:

Մենք քննարկեցինք արտաքին քաղաքական համակարգման հարցերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերը: Անդրադարձանք Եվրասիական տնտեսական միության գործուներության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացման հեռանկարներին: Նշել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքի, Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի նորմերի և սկզբունքների ու մեր կողմից ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաև առանցքային միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ հակազդեցություն ահաբեկչությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին սիրիական ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության փոխադրման գործում աջակցության համար:

Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման և կատարման կարևորությունը: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջիկայում ևս զարգացնենք դաշնակցային գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի, հօգուտ մեր ժողովուրդների բարեկամության:

Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն ռուսաստանցի բարեկամներին հյուրընկալության, արդյունավետ և կառուցողական բանակցությունների համար:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռևս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Պուտինը հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ:

 

***
Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ Սերժ Ազատի,

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Հայաստանի Նախագահի հետ բանակցությունները, ըստ ավանդույթի, անցան գործնական և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ:

Նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեցինք բանակցություններ, որոնց ընթացքում հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական բազմակողմ փոխգործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները:

Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր մի շրջանում՝ ավարտին են հասնում խորհրդարանական հանրապետության ստեղծմանն ուղղված սահմանադրական բարեփոխումները, առաջիկայում նախատեսվում են Ազգային ժողովի ընտրություններ: Գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները և Դուք, Սերժ Ազատի, անձամբ մեծ ջանքեր եք ներդնում, որպեսզի նախընտրական քարոզարշավը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումն անցնեն ազատ և ժողովրդավարական հիմքի վրա: Ցանկանում եմ այդ գործում մաղթել Ձեզ հաջողություններ:

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով:

Մեր երկրների հարաբերությունները կրում են իսկապես բարեկամական և դաշնակցային բնույթ: Շուտով՝ ապրիլի 3-ին, նշելու ենք կարևոր հոբելյան՝ դիվանագիտական կապերի հաստատման 25- ամյակը: Ռուսաստանը և Հայաստանը անկեղծորեն ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը և բազմակողմ ռազմավարական գործընկերությունը:

Առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն՝ ակտիվ փոխգործակցում են կառավարությունները, հաճախակի կապեր են հաստատվում արտաքին քաղաքական գերատեսչությունների,անվտանգության խորհուրդների միջև, գործուն հիմքերի վրա է դրված ճյուղային նախարարությունների համատեղ խորացված աշխատանքը, ընդլայնվում են միջխորհրդարանական շփումները:

Նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Անցած տարվա արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է վեց տոկոսով: Համարում ենք նման արդյունքը մեծ առաջընթաց, որը ձեռք է բերվել անկայուն գլոբալ իրավիճակում: Առևտրի հետագա ընդլայնման և բազմազանեցման նպատակով այժմ մշակվում է ազգային արժույթներով փոխվճարումների հնարավորությունը:

Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ դոլարը: Հանրապետությունում գործում են շուրջ երկու հազար ռուսական կապիտալով ընկերություններ: Ակտիվ զարգանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում :

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստան բնական գազի ամենախոշոր մատակարարը՝ Հայաստանում սպառվող գազի 100 տոկոսը ռուսական է: «Գազպրոմ»-ի աջակցությամբ վերակառուցվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը, հզորությունը հասցված է չորս հարյուր ութսուն մեգավատի: «Ռոսատոմը» իրականացնում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ:

Հաջողությամբ ընթանում է համագործակցությունը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ոսկու հանքավայրերի ուսումնասիրությամբ: «Ռուսալ»-ը 120 միլիոն դոլարի ներդրում է կատարել ալյումինե արտադրանքի համատեղ ձեռնարկությունում: Ռուսաստանն աջակցում է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը իրականացնում է երկաթուղային ցանցի տեխնոլոգիական վերազինման լայնամասշտաբ ծրագիր. ներդրումները կազմում են հինգ հարյուր միլիոն դոլար:

Հաստատված են ամուր գործընկերային կապեր Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթանասուն շրջանների միջև: Անցած տարվա հոկտեմբերին Երևանում անցկացվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը: Հույս ունենք, որ երկկողմ փոխանակումների հետագա ամրապնդմանը կնպաստի 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացումը, որը ստորագրվել է ս.թ. հունվարի 24-ին: Մեր երկրների համար հատուկ նշանակություն ունեն մարդկանց միջև սերտ շփումները՝ մշակութային, գիտական, կրթական կապերը: Ռուսական բուհերում ուսանում են շուրջ հինգ հազար հինգ հարյուր Հայաստանի քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան հազար հինգ հարյուրը՝ ռուսական դաշնային բյուջեի հաշվին: Անցած տարի կրթական-հումանիտար համագործակցության ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին համապատասխանաբար Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի օրերը:

Միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը:
Մեր երկրները ձգտում են համակարգել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակներում: Մենք հաջող համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում, երախտապարտ ենք հայ բարեկամներին այս կարևոր ուղղությամբ համագործակցության, Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար. 2016 թվականի հոկտեմբերին և այս տարվա փետրվարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով Հայաստանից Սիրիայի Հանրապետություն է տեղափոխվել հումանիտար բեռ:

Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Ռուսաստանը շարունակում է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հակամարտության երկուստեք ընդունելի լուծումների որոնման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում:

Ամփոփելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և անձամբ Սերժ Ազատի Սարգսյանին այսօր տեղի ունեցած բովանդակալից և արգասաբեր երկխոսության համար:

Համոզված եմ, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:


 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: