Մամլո հաղորդագրություններ
Նախագահը մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

29.07.2018



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը:

Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների եւ մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

Այնուհետեւ Հանրապետության նախագահը երեկոյան խարույկի շուրջ անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների հետ։ Նա նշել է, որ եկել է հանդիպելու 21-րդ դարի առաջնորդների հաջորդ սերնդի հետ, քանի որ 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են։ Դիմելով ներկա երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։ Նա նաեւ պատասխանել է մասնակիցների մի շարք հարցերին։

Փակման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը ողջունել է «Սեւան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը եւ մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։ Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակ, ինչպես նաեւ հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։

«Սեւան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների եւ ներդրողների միջեւ կապերի հաստատումն է եւ փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։ 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: