26
10, 2018

«Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:

Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:

Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարևոր սոցիալական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարցեր:

«Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը և տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարևորությանը:

«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,- ասել է Հայաստանի նախագահը:- Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության և քվանտային քաղաքականության ժամանակաշրջան:

Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլևս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «Պատմականորեն հասկանալու համար ապագայի 50 կամ 100 տարիները, պետք է 50, 100 տարի հետ նայենք՝ հասկանալու համար, թե ուր ենք շարժվում: Մաթեմատիկորեն դա նշանակում է՝ որպեսզի շարունակենք պատմության զարգացման գիծը, պետք է ունենանք պատմական ուղեգիծ, այնուհետև շարունակենք և ունենանք կանխատեսում՝ թե դեպի ուր ենք շարժվում:

Այս ամենն ավելի պարզ դարձնելու համար թույլ տվեք առանձնացնել մարդկային վարքագծի 4 տեսակ` գիտությունը, տեխնոլոգիաները, մարդկային էությունը և մարդկային հասարակությունը:

Բոլորի համար ակնհայտ է, որ նախորդ երկու հարյուր տարիներին մենք հսկայական նվաճումներ ենք ունեցել գիտության ոլորտում: Ես խոսում եմ Իսաhակ Նյուտոնից, Մաքսվելից մինչև 20-րդ դարի մեծ գիտնականներ, ինչպես՝ Ալբերտ Էյնշտեյնը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, և այդպես շարունակ: Նրանց բացահայտումները կապված էին նոր տեխնոլոգիաների, նոր ինդուստրիալ հեղափոխության և հասարակության ներսում առաջացած փոփոխությունների հետ:

Երկրորդն այն է, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություն: Շատ կարևոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություններ, իրականում ոչ թե հեղափոխություններ են, այլ էվոլուցիաներ: Ընդ որում, այդ էվոլուցիոն գիծը, որն ամենասկզբում ավելի դանդաղ էր, 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբում մեծ թափ հավաքեց:

Սկզբնական շրջանում 100 տարի պահանջվեց, որպեսզի այդ ամենը մեծ փոփոխություն մտնցնի հասարակ մարդկանց կյանքում: Մյուս փոփոխությունը սկսվեց 50 տարի անց, իսկ հաջորդը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, թեպետ այն իրականում հեղափոխություն չէր. 25-30 տարում մենք տեսանք, որ մեր կյանքն այնքան է փոխվել, որ այն անվանեցինք հեղափոխություն, մինչդեռ իրականում դա արագընթաց էվոլյուցիայի ճանաչումն է:

Մեր վարքագծի չորրորդ բաղադրիչը մարդն է ՝մարդ արարածը: Հետևյալ օրինակը բերեմ. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նոբելյան մրցանակ հանձնվեց երկու գիտնականի՝ մեկն ԱՄՆ-ից, մյուսը Ճապոնիայից՝ քաղցկեղի դեմ պայքարելու հրաշալի բացահայտման համար: Այդ բացահայտումը շատ գիտնականների 50 տարվա ուսումնասիրությունների արդյունք էր, նրանք գտան տարբերակ, թե ինչպես պետք է մեր իմունային համակարգը ճանաչի քաղցկեղն ու պայքարի դրա դեմ: Սա մարդկային կյանքերի վրա մեծ ազդեցություն է գործելու:

Ժամանակի ընթացքում այն իր հսկայական ազդեցությունը կունենա նաև չորրորդ գծի վրա, որի մասին ցանկանում եմ հակիրճ խոսել՝ դա մարդկային հասարակությունն է:

Եթե հետ գնանք, կտեսնենք, որ գիտությունն ու ինդուստրիալ հեղափոխությունը հսկայական ազդեցություն են թողել: Դրանք հնարավորություն տվեցին փոխարինել ֆեոդալիզմը կապիտալիզմով, որն այդ ժամանակ աճի շարժիչ ուժն էր: Սակայն միևնույն ժամանակ, զուգահեռ սկսվեց մի գործընթաց, որը վերաբերում էր սոցիալական արդարությանը, հավասարությանը: Այդ գործընթացը մենք անվանում ենք սոցիալիզմ: Աշխարհը սկսեց բաժանվել երկու բևեռների՝ կապիտալիզմի ու սոցիալիզմի կամ կոմունիզմի, որոնք զուգահեռաբար գոյություն ունեին մինչև վերջերս:

Նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում և որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

Դառնանք մեր նոր՝ 21-րդ դարի հասարակությանը: Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին և այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով և կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:

Իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին: «Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է, -նշել է Արմեն Սարգսյանը: - Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարևան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք:

Սա նաև գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ և ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են:

Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը»:

Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաև ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին: «Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով,- ասել է նախագահ Սարգսյանը:-Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաև Ռուսաստանում: Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:

Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միևնույն ժամանակ լինել նաև համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:  

← Վերադառնալ