07
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում

album picture

«Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը. արժեքներ և սկզբունքներ»

Հարգարժա՛ն նախագահող,
Հարգելի՛ ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ կրկին լինել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հյուրը: Շատ լավ հիշողություններ ունեմ երկու տարի առաջ բեռլինյան ձեր կենտրոնում կայացած հանդիպումից: Եվ այսօր հանդիպում ենք միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում, որը ևս մի վկայություն է, որ Կոնրադ Ադենաուերի՝ քաղաքական գործչի և իսկական հայրենասերի գաղափարները միասնական Եվրոպայի մասին առավել քան կենսունակ են:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ կողմից շատ հարգված պարոն Փոթերինգին ջերմ խոսքերի և մեր տարածաշրջանի խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար: Ես շատ ուրախ եմ, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հետ մեր համագործակցությունը ստանում է մշտական բնույթ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեզ՝ հայերիս, խորապես հոգեհարազատ է եվրոպական արժեհամակարգը: Եվ դա բնական է, քանի որ հայ ժողովուրդը Եվրոպայի անբաժանելի մասն է իր ծագումնաբանությամբ, արժեքներով, մշակույթով և ինքնությամբ:

Այսօր հենց այդ արժեքներն ու սկզբունքներն են հանդիսանում նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության անկյունաքարը: 1991թ. ձեռք բերված անկախությամբ մենք ոչ միայն վերահաստատեցինք Հայաստանի ինքնիշխանությունը, այլև այդպիսով պատմական հնարավորություն ստացանք վերագտնելու Հայաստանի եվրոպական զարգացման ուղին:

20 տարի առաջ, երբ Հայաստանն առաջին քայլերն էր կատարում որպես նորանկախ պետություն, շատերը դեռ չէին գիտակցում վերահաս խնդիրների բարդությունը և մարտահրավերների լրջությունը: Տարիներ անց միայն սեփական փորձով հասկացանք, որ ժողովրդավարությունը, ազատական տնտեսությունը, օրենքի գերակայության վրա հիմնված պետականության կերտումը լոկ ցանկություններով չեն իրականանա, դրանք հնարավոր չէ ներմուծել կամ ընդօրինակել, այլ պետք է մտածողությամբ հասունանալ դրա համար և, որ շատ կարևոր է, քայլ առ քայլ հասունացնել ամբողջ հասարակությանը` ջանասիրաբար, համբերատար և հետևողականորեն:

Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են: Բերեմ երկու փաստ: Դեռևս 18-րդ դարի կեսերին, երբ Հայաստանը կքել էր Օսմանյան կայսրության և պարսկական շահերի տիրապետության տակ, հայ հայրենասերները մշակում էին երկրի ազատագրման ծրագրեր և նույնիսկ նախագծել էին երկրի ապագա սահմանադրությունը՝ ֆրանսիական լուսավորականության և անգլիական պառլամենտարիզմի գաղափարներով ոգեշնչված: «Որոգայթ փառաց» կոչվող այդ սահմանադրությամբ նրանք ապագա խորհրդարանական հանրապետությունում հռչակում էին ժողովրդի իշխանություն, իրավունքի գերակայություն, ներկայացուցչական ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատման, սոցիալական պաշտպանվածության, սահմանադրական արդարադատության և այլ սկզբունքներ, քաղաքացիներին տրվում էր խոսքի, դավանանքի, անձի ու գործունեության ազատություն: Ինչպիսի՛ վսեմ գաղափարներով էին տոգորված այդ անձինք, և որքան սոսկալի էր շրջապատող իրականությունը:

Մեկ այլ ուշագրավ օրինակ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված Ազգային սահմանադրությունն էր, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը: Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Կարծում եմ, ավելորդ է նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը: Իսկ թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:

Ինչևէ, պատմական այս էքսկուրսից վերադառնալով մեր իրականությանը, ցանկանում եմ կիսել բրյուսելյան այս այցից իմ ակնկալիքներն ու տպավորությունները:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին մի քանի տարիներին և հատկապես Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը որակական լուրջ առաջընթաց է ապրել: Արդեն երկու տարի է՝ մեծ եռանդով և արդյունավետությամբ բանակցում ենք Ասոցացման համաձայնագիրը, և դրա տեքստը հիմնականում համաձայնեցված է:

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, որի շուրջ բանակցությունների մեկնարկը կտրվի արդեն այս ամսվա ընթացքում: Նկատի ունենալով, որ ԵՄ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում մեր արտահանման գրեթե հիսուն տոկոսը և ներմուծման մեկ երրորդը, համաձայնագիրը հնարավորություն է տալու Հայաստանին խթանել տնտեսական աճը` ավելի ժամանակակից, թափանցիկ և կանխատեսելի գործարար և ներդրումային միջավայր ստեղծելու ճանապարհով:

Օրեր առաջ Երևանում մեկնարկեցին նաև մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի բանակցությունները: Դա էական նշանակություն ունի մարդկային շփումների խրախուսման տեսանկյունից` ավելի հասանելի դարձնելով Եվրոպան և նրա արժեքը Հայաստանի երիտասարդների, գործարարների, ուսանողների, արվեստագետների, գիտնականների և այլոց համար: Պետք է նշեմ նաև, որ այս բանակցություններին նախապատրաստվելու «տնային աշխատանքը» մեր կառավարական օղակները կատարել էին վաղուց, ուղղակի կրկին բախվեցինք համահավասարեցման, խմբային, կարծում եմ՝ ոչ արդյունավետ մոտեցմանը:

ԵՄ հետ բազմաբովանդակ և բազմաոլորտ համագործակցությունը շոշափելիորեն արտացոլված է նաև Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում: Հայաստանում ձեռնարկված լայնածավալ ներքին բարեփոխումների իրականացման գործընթացի գլխավոր նպատակն է վերափոխել կառույցները քաղաքական, դատաիրավական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում` ամբողջությամբ համապատասխանեցնելով դրանք ժողովրդավարական և ազատական տնտեսությամբ երկրի պահանջներին: Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի էֆեկտիվ կառավարման համակարգ և ավելի մրցունակ տնտեսություն, ինչը կբերի նաև ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացման: Այս հարցում մեզ մեծապես օժանդակում և աջակցում է Եվրոպական Միությունը: Հայաստանը ԵՄ գործընկեր առաջին երկիրն էր, որը հրավիրեց ԵՄ բարձրաստիճան խորհրդատվական խումբ: Այն տեղում օժանդակում է Հայաստանի բարեփոխումների օրակարգի մշակմանը և իրականացմանը:

Հայաստանի եվրամերձեցումը հնարավոր չէ պատկերացնել առանց քաղաքական կուսակցությունների հետ ինտեգրման: Այս առումով հիրավի պատմական եմ համարում նաև բոլորովին վերջերս հայաստանյան երեք կուսակցությունների, այդ թվում և իմ նախագահած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը: Նման ինտեգրումը հիանալի հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքական դաշտին սերտորեն հաղորդակից լինելու եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված քաղաքական մշակույթին և տեղայնացնելու այն մեր ներքին քաղաքական կյանքում:

Մայիսին Հայաստանում տեղի կունենան Ազգային ժողովի, իսկ արդեն հաջորդ տարի` նախագահական ընտրությունները: Մենք ինքներս մեր առջև խնդիր ենք դրել այդ ընտրություններն անցկացնել ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխան, այլև որ դրանք դառնան լավագույնը անկախության ձեռքբերումից ի վեր: Իրականացվել են անհրաժեշտ քայլեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման, ընտրությունների կազմակերպական ընթացակարգերի բարելավման, մամուլում բազմակարծության, ցույցերի և երթերի լիարժեք ազատության ապահովման ուղղությամբ: Բայց, կարծում եմ, ամենակարևորը մեր հասարակության վստահության ամրապնդումն է ընտրական գործընթացների և ժողովրդավարության կայացման հանդեպ: Ի վերջո, ոչ ոք ավելի շահագրգիռ չէ այդ գործընթացներում, քան ինքը՝ Հայաստանի ժողովուրդը:

Հարգելի՛ բարեկամներ,

Եվրամերձեցման քաղաքականությունը ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: Հայաստանում և հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունը կարևորում ենք ոչ միայն նրա համար, որ ԵՄ­ն գլոբալ դերակատար է, այլև առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների և գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժեքային համակարգի շնորհիվ կարող ենք կառուցել անվտանգ և զարգացող տարածաշրջան: Մեր տարածաշրջանը իսկապես ընդհանուր արժեքների գիտակցության սերմանման, անվտանգության օրակարգի մշակման և ինտեգրված տնտեսության ձևավորման կարիք ունի` մասնավորապես ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի յուրահատկությունները և առկա մարտահրավերների բազմազանությունը:

Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային և եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլև իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման և խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը և գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը:

Դա հավասարապես վերաբերում է նաև այն տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, որոնք, ցավոք սրտի, միտում ունեն ներգրավելու որոշ երկրների և մեկուսացնելու մյուսներին՝ խորացնելով մեր տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, այն էլ գլոբալիզացման այս բուռն ժամանակահատվածում, երբ աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացները դիտվում են տնտեսական զարգացման, այդ միջոցով նաև անվտանգության ապահովման այլընտրանք չունեցող ճանապարհ:

Մենք բնականաբար կողմ ենք, որ տարածաշրջանը ներգրավված լինի խոշոր նախագծերում: Սակայն, նման նախագծերի իրականացման արդյունքում կուտակվող կապիտալը` լինի դա ֆինանսական թե քաղաքական, չպետք է օգտագործվի ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Հասկանալի է, որ մեր հարևան երկրի էներգետիկ պաշարները գրավիչ են և, իհարկե, կարևոր, բայց պակաս կարևոր չէ, թե ինչ նպատակների է ծառայում այդ էներգետիկ պաշարներից ստացվող շահույթը: Վաղուց արդեն ժամանակն է առերեսվել իրականության հետ և թույլ չտալ, որ անպատասխանատվության արդյունքում մեր տարածաշրջանը կրկին վերածվի թեժ կետի: Համոզված եմ, որ որևէ մեկը, լինի դա ինքնիշխան պետություն, թե միջազգային կորպորացիա չի ցանկանում անգամ անուղղակի պատասխանատվություն ստանձնել նոր բռնությունների և արյունահեղության համար։

Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխզիջումների հիման վրա և բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Թեև երկարամյա բանակցությունները չեն հանգեցրել հակամարտության կարգավորմանը, այնուհանդերձ մեզ հաջողվել է ցայսօր խուսափել նոր պատերազմից: Մեզ հաջողվել է նաև հստակեցնել այն երեք հիմնարար սկզբունքների միասնությունը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը: Դրանք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը:

Ցավոք, մեր սպասելիքները չարդարացան նաև Հայաստան­Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ավելին, իրականացան մեր ամենահոռետեսական կանխատեսումները, որի մասին մենք անկեղծորեն ժամանակին կիսվել էինք մեր գործընկերների հետ: Մեր համոզմունքն էր, որ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ բացված հնարավորության պատուհանն անհրաժեշտ է օգտագործել առավելագույնս, այլապես հետընթացը մեզ բերելու է ոչ թե ելման կետ, այլ ավելի հետ: Ցավոք սրտի թուրքական կողմի՝ պայմանավորվածություններից հրաժարումը և նախապայմանների թելադրումը ձախողեցին մեր ջանքերը, որի համար այդքան քաղաքական կապիտալ էր ներդրվել:

Այժմ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում դժվար է գտնել մի քաղաքական ուժ, ով ունի Թուրքիայի՝ որպես վստահելի գործընկերոջ ընկալում: Նախկինում էլ դրա պակասը կար, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Մեր երկիրը մնում է շրջափակված, իսկ սահմանը՝ փակ՝ ի խախտումն միջազգային իրավունքի տառի և ոգու: Ավելին, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող հակահայկական հայտարարությունները դարձել են առօրեական: Ստամբուլում անցկացվում են հակահայկական մեծ ցույցեր, որոնցում վերստին հնչում են հայերին վերացնելու հարյուրամյա հնության կոչեր, և դրանք ոչ միայն անարձագանք են մնում, այլև ցույցին մասնակցում է ոչ այլ ոք, քան Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Մենք շնորհակալ ենք, որ օրեր առաջ Եվրահանձնաժողովը հստակորեն իր մտահոգությունը հայտնեց նման զարգացումների կապակցությամբ:

Այս ամենը մեզ համար շատ հստակ եզրակացությունների տեղիք է տալիս և մեզ համար ավելի են հստականում թե՛ մեր անվտանգության սպառնալիքները, թե՛ դրանց կանխարգելման և հաղթահարման միջոցները:

Բայց այս ամենը չի կարող խաթարել անվտանգ և կայուն տարածաշրջանի մեր տեսլականը, և նման ընկալմանը, համոզված եմ, շուտ թե ուշ վերադառնալու են նաև տարածաշրջանային մյուս դերակատարները: Իսկ մենք` նաև մեր գործընկերների աջակցությամբ, շարունակելու ենք ջանք չխնայել, որպեսզի մեկ անգամ ևս ապացուցենք այն պարզ ճշմարտությունը, որ առավել կայուն և անվտանգ տարածաշրջան կարելի է ստեղծել փոխհամագործակցության միջոցով և որ սպառազինությունների գերկուտակումները, սուր ճոճելը, փակ սահմանները, բնականոն հարաբերությունների հաստատման մերժումը, մեկուսացման ապարդյուն փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում նաև հենց այդ մտածողությամբ և գործելակերպով առաջնորդվողների անվտանգությանը:

Հարգելի բարեկամներ,

Ամփոփելով ելույթս` ցանկանում եմ ընդգծել, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը: Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն: Սա է զարգացած երկիր և բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը և մենք հետամուտ ենք այն անցնել մինչև նպատակի իրագործում:



← Վերադառնալ