27
11, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով  պաշտոնական այցով ժամանել է Բեռլին:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր: 

 

***

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը: 

Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։ 


***

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։

Այնուհետև տեղի է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում․ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատողների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։
Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։
 

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։

Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն է ցուցա­բերել երկրաշարժից տուժած բնակչությանը՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթի հետ, շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար։

Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը, խոսելով 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետևանքների, մարդկային կորուստների, անօթևան մնացած մեծաթիվ բնակչության մասին, նշել է․ «Այս բոլորը շատ տխուր է և ողբերգական։ Բայց այս 30 տարվա մեջ կա նաև շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության և անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաև այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ուզում եմ վստահ լինեք, որ յուրաքանչյուր հայի սրտում այդ խորին շնորհակալությունն ու հարգանքը կա։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն․ վերջերս Գյումրիում էի, և այդ շնորհակալությունը նկատեցի ոչ միայն ավագ սերնդի մեջ, այլև նրանց, ովքեր երիտասարդ են, ովքեր չեն տեսել երկրաշարժն իրենց աչքերով, բայց պատմությունն իրենց մեջ է և իրենց մեջ կրում են նաև այն շնորհակալությունը, որ ծնողներն են փոխանցել։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլև ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ և հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխտերը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներ Զիգֆրիդ Հեթմանշպերգերը և Կառլ-Հայնց Շայդեն՝ Երախտագիտության մեդալով:

Դիմելով կազմակերպության նախագահ Գերդա Հասսելֆելդթին՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել Գերմանական Կարմիր խաչի բազմահազար մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, կյանքը և սերն են ներդնում՝ ուրիշի դժվարությունը հաղթահարելու համար։

Միջոցառման ավարտին Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և հավելել, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգմանը ճիշտ նույն գումարի չափով նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ որպես երկու ժողովուրդների իսկական բարեկամության արտահայտություն և ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու հնարավորություն։ 

 

***

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։

Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ:

Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու և փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ կա:

Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլևս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց և դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել և նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, ևս դասականը չեն և չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, և մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը և գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։ «Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասել է նախագահ Սարգսյանը:


Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու և քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։ 

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում։

«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը 2016 թվականից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 թվականից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:

Ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են հաստատության «Արտադրական տեխնոլոգիաներ» փորձարարական սրահում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանը։

Շրջայցից հետո հանդիպում է տեղի ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ժամանակ ներկայացվել են հաստատության գործունեության ուղղությունները, ինչպես նաև «Նարեկ»-ի թվայնացման և վերականգնման ծրագիրը։ Նշվել է, որ պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը եղել է պատառոտված և բավականին վատ վիճակում, որոշ էջեր բացակայել են: Յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել է ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։ Ինստիտուտի ղեկավարները տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ և նշել, որ համագործակցության վերաբերյալ գաղափարներ ունեն, որոնք առնչվում են տեղեկատվական և բարձր տեխնոգիաների ոլորտներին, ավտոմատացման համակարգերին, ռոբոտաշինությանը և այլն։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում ինստիտուտի գործունեության ընդլայնումը։ ««Ֆրաունհոֆեր»-ի աշխատակիցներն արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի կառավարության հետ, և նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան։ Այն միայն Մատենադարանին չի վերաբերում, խոսքը մեծ ինդուստրիալ համագործակցության մասին է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, և իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել հայկական արդյունաբերության ու արտադրության զարգացմանը։ 

 

***
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով այն երեք կետերը, որոնց առկայությունը հետաքրքիր է դարձնում Հայաստանը համագործակացության առումով։

«Թույլ տվեք բացատրել, թե ինչու է Հայաստանը կարևոր այսօր:

Կկենտրոնանամ երեք կետերի վրա: Դրանք են՝ ճիշտ ժամանակը, ճիշտ տեղն ու ճիշտ մոդելը:

Մենք 21-րդ դարասկզբում ենք: Ամեն բան փոխվում է և փոխվում է սրընթաց կերպով: Կարծում եմ՝ քաղաքական ու տնտեսական առումով ճիշտ ժամանակն է տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում:

Խոսելով տնտեսության մասին՝ մենք հաճախ անդրադառնում ենք ինդուստրիալ հեղափոխություններին: Ես համաձայն չեմ, որ մենք ապրում ենք 4-րդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում, քանի որ կարծում եմ, որ տեղի է ունենում ոչ թե հեղափոխություն, այլ սրընթաց էվոլյուցիա:

Աշխարհը հինգ տարի անց տեխնոլոգիապես այլ է լինելու՝ շատ ավելի ինտեգրացված և փոխկապակցված: Ոմանք ասում են, թե գլոբալիզացիայի գործընթացները դանդաղել են, սակայն ես կրկին համաձայն չեմ այս մտքի հետ: Գլոբալիզացիան գուցե դանդաղել է, սակայն այն վերածվել է միկրոգլոբալիզացիայի, և այդ գործընթացն անհնար է կասեցնել:

Իհարկե, երբեմն մեր վարքագիծը քվանտային բնույթ է ունենում՝ այն առումով, որ հնարավոր է դառնում քվանտային ֆիզիկան կիրառել սոցիալական ու քաղաքական գործունեության վրա: Այսինքն, ամեն բան չունի դասական վարքագիծ, տնտեսությունն ու քաղաքականությունը դասական ձևով չեն իրականացվում: Այս ամենը բազմաթիվ օրինակներ ունի, որոնցից մեկն էլ հայկական հեղափոխությունն է:

Հայաստանի համար ճիշտ ժամանակն է այն առումով, որ մենք մուտք ենք գործել քվանտային քաղաքականության ու ինդուստրիաների 21-րդ դար:

Երկրորդը կետը կամ գործոնը վայրն է: Երբ դիտարկում ենք Հայաստանի ոչ թե վիրտուալ, այլ ֆիզիկական դիրքը, ապա պետք է նկատենք, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ունի Եվրամիության հետ: Հայաստանը միակ երկիրն է, որ այս երկու արդյունքն ունի, ուստի այն կարող է դառնալ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանը կարող է տնտեսական առումով ավելի մեծ շուկա առաջարկել:

Պետք է հաշվի առնել, որ բացի երկրի ներսի 3 մլն բնակչությունից, մի քանի անգամ ավելի հայեր ապրում են արտասահմանում՝ Կալիֆոռնիայից, Նյու Յորքից մինչև Սինգապուր և Բոմբեյ, Բուենոս Այրես և Մերձավոր Արևելք: Հայկական համայնքը շատ կազմակերպված է, առաջադեմ ու հաջողակ: Նրանց շնորհիվ կարող ենք ասել, որ հայ գործարարների վարկանիշը շատ դրական է՝ նրանք ջանասեր մարդիկ են: Եվ այս ամենը 21-րդ դարում մեծ գնահատանքի է արժանանում:

Բացի այդ, արտասահմանում բնակվող հայերը մեծապես ներգրավված են այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ինչը շատ կարևոր է: Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ: Ինչը շատ կարևոր է 21-րդ դարում:

Բացի այդ, Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ լինել Հյուսիսի ու Հարավի միջև, քանի որ բարիդրացիական հարաբերություններ ունի Վրաստանի ու Ռուսաստանի, հարավի, այդ թվում՝ և Պարսից ծոցի երկրների հետ: Այսինքն, այն իսկական խաչմերուկ է և դարեր շարունակ ծառայել է որպես այդպիսին:

Ստացվում է, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Այժմ խոսենք մոդելի մասին:

Եթե 20-30 կամ 50 տարի հետ նայենք, այն ժամանակ մենք կխոսեինք մի մոդելի մասին, որը համարվում է փակ մոդել: Հիմա փոքր Հայաստանը ունի մեծ սփյուռք, ողջ աշխարհում ապրում է 12-15 մլն հայ:

Որպես երկրի նախագահ՝ պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ աշխարհում բնակվող բոլոր հայերը նախ և առաջ լինեն լավ քաղաքացի այն երկրի համար, որտեղ ապրում են: Դու չես կարող օգնել քո սեփական երկրին, եթե ապրես գետտոյացված: Դու պետք է ինտեգրվես հասարակությանն ու լինես լավ քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես: Միայն դրանից հետո կարող ես քո կապերն ունենալ պատմական հայրենիքի, այս դեպքում՝ Հայաստանի հետ: Այս պարագայում միայն կարող ես շատ օգտակար լինել հայրենի երկրիդ, քանի որ սա բաց մոդել է, իսկ քվանտային քաղաքականության 21-րդ դարում այլ մոդելներ չեն կարող լինել»:

Նախագահն անդրադառնալով մեր երկրի մյուս առավելություններին՝ նշել է երիտասարդական ոգին և նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը:

«Սա երիտասարդ Հայաստան է, երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում: Ցանկացած այցելու, գալով Հայաստան, կզգա նույնը՝ դա երիտասարդ սերունդ է, երիտասարդ երկիր:

Հայաստանը հակում ունի նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մասնավորապես՝ մաթեմատիկայի ու ֆիզիկայի նկատմամբ: Այսօր երկիրն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ամենաառաջատար ոլորտը տարածաշրջանում:

21-րդ դարի տեխնոլոգիաները հիմնված են լինելու նորարարությունների, հետազոտությունների ու զարգացման վրա: Սա Հայաստանի ժամանակն է, քանի որ նորարարությունները, հետազոտություններն ու զարգացումը նաև տնտեսության ապագան են:

Այսինքն, մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք և ճիշտ մոդել ունենք»:

Նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակին: «Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք կարող ենք հպարտ լինել, որ այսօր, երբ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, բնակչության մեծամասնությունը վստահ է, որ այս ընտրությունները լինելու են ազատ և արդար: Հավատում եմ, որ ընտրություններում կհաղթի Հայաստանի բնակիչների կամքը: Ընտրություններից հետո մենք կսկսենք մի կարևոր ուղևորություն, որը մեծ ապագա է ունենալու»:

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կարևորում է միջխորհրդա­րա­նա­կան հարաբերությունների հետևողական զարգացումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։

Նշելով, որ Հայաստանն այսօր աշխարհում դիտվում է որպես խաղաղ ճանապարհով մեծ փոփոխություններ կատարելու օրինակ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր Հայաստանի այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ։

Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։ 


***

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։

Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

***

 

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ 

 

***

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս՝ նշելով, որ տեղյակ է, որ նախկինում ևս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում և ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։

«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի։ Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է«Մեսրոպ» հայագիտական կենտ­­րոնը, որը կարևոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության և գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Ռայներ Հազելոֆը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ և պատմական երկրամասում: «Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, և ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես տանում հետդ»։

Նախագահը նշել է, որ 1980-ականներին, որպես խորհրդային գիտնական, մի քանի անգամ այցելել է Գերմանիա, եղել է նաև Մագդեբուրգում։ «Հայաստանն ու Սաքսոնիա-Անհալթ երկրամասը լավ բարեկամներ են։ Մեր բարեկամության ու երկխոսության աղբյուրը պատմությունն ու մշակույթն են, հուսամ, ապագայում նաև՝ գիտությունը։ Մենք բարձր ենք գնահատում «Մեսրոպ» կենտրոնի գոյությունն այստեղ։ Սա մեր փոքրիկ, բայց շատ կարևոր ներկայությունն է Գերմանիայում։ Վստահ եմ , որ միասին շատ ավելին կարող ենք անել փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար, քանի որ դրա համար լավ հիմքեր կան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Ավելացնելով, որ երկու ժողովուրդները աստղագիտության պատմական ակունքներում են՝ նա մասնագիտությամբ ֆիզիկոս Ռայներ Հազելոֆին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեսնելու աշխարհում առաջին աստղադիտարաններից մեկը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի։

Հանդիպմանը քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ռայներ Հազելոֆը և երկրամասի ոլորտային նախարարները ներկայացրել են Հայաստանի հետ գործակցության ծրագրերը․ տեղեկացվել է, որ ներկայում իրականացվում են դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտները։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով: ««Կանաչ գիտության» ոլորտում Գերմանիան լավ փորձ ունի, որն օգտակար կարող է լինել մեր երկրի համար։ Հայաստանն ընդհանրապես կարող է նաև գիտահետազոտական ոլորտում լավ գործընկեր դառնալ»,-նշել է նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռայներ Հազելոֆի հետ այցելել է նաև Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարան։

Ռեկտոր Յենս Շթրաքելիանի ուղեկցությամբ նախագահը շրջել է համալսարանի սպորտային գիտահետազոտական մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանը, որտեղ ուսանողներն ու գիտաշխատողներն զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց համար սարքավորումների մշակմամբ։

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի և Ռայներ Հազելոֆի ներկայությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և Օտտո-ֆոն Գերիկեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ 

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գերիկեի համալսարանում հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։

Խոսելով երտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել:

Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք:

Կարևոր է ամեն օր սովորել նոր բան:

Ժամանակը հարաբերական է և կախված է յուրաքանչյուրի արագությունից:

Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից:

21-րդ դարը երիտասարդների ժամանակն է:

Ինչո՞ւ է կարևոր լինել երիտասարդ 21-րդ դարում:

21-րդ դարը տարբեր է լինելու: Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձևով: Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են:

21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ:

Որպես եզրակացություն՝ ուզում եմ ասել, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորեք, պետք է ուրախանաք և զարմանաք ամենօրյա բացահայտումներով:

Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում: Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ և լավ կրթություն: Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է:

Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»։

Հանրապետության նախագահը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։ 

 

***

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի՝ Բեռլինում տեղակայված արտադրություն։

Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։

«Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրում․ իտալական «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների հետ «Սիմենս»-ն իրականացնելու է Երևանում գազատուրբինային ՋԷԿ-ի կառուցումն ու շահագործումը: 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցման համար օգտագործվելու են «Սիմենս» ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները: Նախատեսվում է, որ ՋԷԿ-ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։

Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառումը կարևոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Նրա խոսքվ. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով: Հետևաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով «Սիմենսի» հետ, կարող ենք նաև մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտներում և «Սիմենսի» հետ համագործակցության այլ ճանապարհներ բացենք»։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Սիմենսի» հետ համագործակցությունը շարունակական կլինի։

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում:

«ԴԵԶԻ» -ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաև կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։

Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների, և հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է , որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձևավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։ 

«Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»-ում տեսա նաև հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ-գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ Կարծում եմ` ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան։

Հայաստանն ունի լավ մասնագետներ և կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք և զարգացնենք փոխգործակցությունը»,
-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը։

← Վերադառնալ