31
10, 2012

Նախագահն այցելել է Հայաստանի հնագիտական ժառանգության համար առանձնակի նշանակություն ունեցող հնավայրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հնագիտական ժառանգության համար առանձնակի նշանակություն ունեցող հնավայրեր՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի տեղում պեղված բնակավայր, մայրաքաղաքի «Շենգավիթ» և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է պեղումների արդյունքներին, ինչպես նաև հնագիտական վայրերի պահպանության վիճակին ու խնդիրներին, դրանց շուրջ զրուցել հնագիտական արշավախմբերի ղեկավարների և հնավայրերի կառավարման պատասխանատուների հետ:

Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ մ.թ.ա. 180-ական թթ. հիմնադրված Արտաշատի բնակատեղիում պեղումները, ըստ հնագետների, թույլ են տալիս վերականգնելու Հին Արևելքի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոններից մեկի և հայոց արքայանիստ քաղաքի ընդհանրական նկարագիրը:

Երևանի հարավ-արևմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին Հայաստանի վաղ բրոնզե դարի (Ք.Ա. 36-25 դդ.) ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է, որտեղ նոր ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվում: Այս հնավայրի պեղումների արդյունքներին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որի մշտական ցուցադրությանը ծանոթանալուց հետո, դիտել է «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» ժամանակավոր ցուցահանդեսը: Այն սեղմ ձևաչափով ներկայացնում է հնամենի քաղաք-ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` 50-ականների կանոնավոր պեղումներից մինչ 2008թ-ից մեկնարկած հայ-ֆրանսիական պեղումներ:

Հնագիտական հուշարձաններ այցի ավարտին «Էրեբունի» թանգարանում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մշակույթի նախարարի, պատմամշակութային ժառանգության բնագավառի պատասխանատուների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Ներկայացվել են Հայաստանում հնագիտության ընդհանուր վիճակը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը: Վերջին տարիների կարևոր հնագիտական ծրագրերի շարքում առանձնացվել են Արենիի, Վերին Նավերի պեղումները, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման հեռանկարները, «Էրեբունի» հնավայրի պեղումները, որմնանկարների պահպանության և վերականգնման խնդիրները: Նշվել է, որ ընթացիկ տարում շարունակվել են համատեղ ծրագրերով նախատեսված պեղումները, որոնց շրջանակներում մեծ քանակով հետազոտություններ են կատարվում արտերկրի տարբեր լաբորատորիաներում, ինչը, մասնագետների հավաստմամբ, զգալիորեն հարստացրել և որակապես փոխել է մեր լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության աղբյուրագիտական բազան:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև Հայաստանում հնագիտական ժառանգության պահպանության բարելավմանը, այդ թվում՝ հնագիտական գտածոների վերականգնման, պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծմանը, ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիայի հիմնմանը, զբոսաշրջությունը խթանելու նպատակով հնավայրերին մոտեցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, հնագիտական ժառանգության հանրահռչակմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ:

Նկատի առնելով, որ բարձրացված խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ, Հանրապետության ղեկավարը ոլորտի մասնագետներին առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարության հետ լրացուցիչ քննարկման արդյունքում առանձնացնել առավել կարևորները, սահմանել առաջնահերթություն, որպեսզի դրանց լուծման համար լրացուցիչ հնարավորություններ գտնվեն: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ հնագիտական աշխատանքների համար պետական բյուջեի հատկացումները մինչ այժմ որքան ավելացել են, նույն մոտեցումը շարունակվելու է:

Խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ հնագիտական ուսումնասիրությունների, պեղումների արդյունքները նաև պատմագիտական ամուր և անառարկելի հենք են գիտական, քաղաքական շրջանակների համար:


 

← Վերադառնալ