25
06, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

***

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:

 Հանրապետության Նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Բոգդան Բորուսևիչի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանականների ակտիվ փոխգործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը, ինչպես նաև լեհահայ համայնքի դերը երկու երկրների և բարեկամ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը և վարչապետ Դոնալդ Տուսկը գոհունակությամբ են արձանագրել, որ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. տեղի են ունեցել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, աշխուժացել է համագործակցությունը միջգերատեսչական մակարդակում: Նրանք միաժամանակ ընդգծել են, որ համագործակցության ներուժը դեռևս իրացման լայն հնարավորություններ ունի, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու երկրների կառավարությունների և գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության սերտացումը, քննարկել՝ Հայաստանում Լեհաստանի բիզնես ներկայացվածության ավելացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Հայաստանի Նախագահը և Լեհաստանի վարչապետն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացին:

Սերժ Սարգսյանն այսօր նաև ներկա է գտնվել Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի բացման ու օծման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան մասնակցել են հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

 

 

 

← Վերադառնալ