10
06, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

 


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Վիեննայում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ Նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:

Հայաստանի Նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիեննայում «Հայաստան» բազմագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացմանը ևս:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք կմատուցի ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ այցելելով և ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին, Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ կդնի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

 

← Վերադառնալ