12
12, 2014

Նախագահն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին, հանդիպումների և քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը:

Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործեի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն ու երկխոսությունը, Նախագահի համոզմամբ, միջպետական համագործակցության խորացման կարևոր նախապայման են:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձևավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում:

Արտգործնախարար Ռինկևիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում և հարգանքով է վերաբերում ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը, նաև հասկանում է, որ դա որևէ ձևով չի խոչընդոտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:

Լատվիայի արտգործնախարարը երկկողմ կապերի ամրապնդման համար, քաղաքական ակտիվ երկխոսությունից բացի, կարևորել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը, որտեղ մեծ դեր է վերապահել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը ընդգծել են նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը:

 

← Վերադառնալ