Մամլո հաղորդագրություններ
Նախագահը «Եռաբլուր» պանթեոնում մասնակցել է հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը

05.04.2016



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:

Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ,

Այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության առաջ:

Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ մինչև 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է՝ այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահն անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունն այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու ու գնալու են, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին:

Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը:

Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: